• Հետեւի՛ր ինձ, քանզի հունձքը առատ է, բայց մշակները սակաւ

    «Որքան էլ որ կայծակներն ու որոտները ուժեղ լինեն՝ չեն կարող խլացնել ինձ եւ արգելել լսելու Քո ձայնը, ո՜վ Տէր, քանզի Դու չյապաղեցիր կանչել ինձ, թէեւ, ես չ’ունեմ մանուկ Սամուէլի մաքրութիւնն ու անմեղութիւնը»:


    2022 թուականի ապրիլի 26-ին՝ Հովտունի Ցաւագին Տիրամայր Հայ Կաթողիկէ Ժողովրդապետութիւնում տեղի ունեցաւ Արփենի եւ Հովտուն գիւղերի հայ կաթողիկէների հոգեւոր-հովիւ Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի Քահանայական Ձեռնադրութեան 30-ամեակին նուիրուած միջոցառումը, որին մասնակցում էին՝ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցու Ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը, Մեծ Սեպասար, Բավրա, Ղազանչի, Սիզաւէտ, Սարագիւղ հայ կաթողիկէ համայնքների հոգեւոր հովիւ Արժ. Տէր Յովսէփ Քհն. Գալստեանը, Լանջիկի եւ Արեւիկի հայ կաթողիկէների հոգեւոր հովիւ Արժ. Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանը, Ազատան եւ Ձիթհանքով համայնքների հայ կաթողիկէների հոգեւոր հովիւ Արժ. Տէր Միքայէլ Քհն. Դօմպուրեանը, Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցի վարչական մասի տնօրէն Գերպ. Հայր Մարիօ Կուկարելլոն, Հայկական Կարիտասի աշխատակիցներ, Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ կազմակերպութեան անդամներ՝ հոգեւոր հովիւ Հայր Նիկոլայ Քուրտուայի հետ միասին, գիւղի հաւատաւոր ժողովուրդը, ինչպէս նաեւ բազմաթիւ հիւրեր:

     

    Միջոցառումը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով, որ մատուցուեց ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Արժ. Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանի:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանն իր խօսքում ընդգծեց. «Ինչպէս Յիսուս Քրիստոսն էր ասում. «Ես եկայ ծառայելու, այլ ո՛չ թէ ծառայութիւն ստանալու…», այնպէս էլ մենք՝ որպէս քահանաներ, պէտք է հետեւենք Գերագոյն Վարդապետի օրինակին եւ ծառայենք մեզ յանձնուած հօտին՝ ամբողջական նուիրումով եւ առաջնորդենք նրանց դէպի աղբիւրը լոյսի, դէպի յաւիտենական կեանք:

     

    Սիրելի՛ վարդապետ, արդէն հինգերորդ տարին է, ինչ ծառայում էք Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն, իսկ մինչ այդ Ձեր հովուական ծառայութիւնն էք մատուցել տարբեր երկրներում, ուստի, թոյլ տուէք ի սրտէ մաղթել առողջութիւն եւ երկար տարիների կեանք, որպէսզի կարողանաք Ձեր առաքելութիւնը կատարել ի փառս Աստուծոյ եւ ի բարօրութիւն հայ ժողովրդի:

     

    Այսօր աղօթում ենք Ձեր դիտաւորութեամբ, որպէսզի Տէրը Ձեզ հաստատուն պահի Ձեր սրբազան կոչման մէջ եւ համոզուած լինէք, որ ձեր գործունէութիւնը նուիրուած է Քրիստոսի անձին, եւ մեր եղբայրներին ու քոյրերին:

     

    Գերապատիւ վարդապետ, թոյլ տուէք փոխանցել Ամեն. եւ Գերերջ. Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի շնորհաւորանքները Ձեր քահանայական ձեռնադրութեան 30-ամեակի կապակցութեամբ՝ վստահեցնելով որ միշտ Հոգեւոր Տիրոջ աղօթքներում էք»:

     

    Գերապատիւ վարդապետ Դերձակեանը չափազանց յուզուած էր, նա ծունկի եկաւ Հայաստանի Հայ Կաթողիկէ եկեղեցու Առաջնորդական տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի առջեւ, վերստին նորոգելով այն ուխտը, որ երեսուն տարի առաջ տուել էր Զմմառեան Ուխտին:

     

    «Ո՜վ Աստուած Աբրահամի, Սահակի ու Դաւիթի, ո՞վ է մահկանացու մարդը, ում յիշում ես, եւ, որի մասին հոգ ես տանում եւ թոյլ ես տալիս, որ իշխի քո ձեռքի գործերի վրայ: Ես՝ որպէս մարդ, ո՞վ եմ, որ ամէն ինչ դրել ես իմ ոտքերի տակ: Ո՞վ եմ ես, որ ինձ ընտրեցիր՝ լինելու այն մարդկանցից մէկը, ով կարող է Քո խօսքը տարածել եւ բարի լուրը աւետել աշխարհին: Որքան էլ որ կայծակներն ու որոտները ուժեղ լինեն՝ չեն կարող խլացնել ինձ եւ արգելել լսելու Քո ձայնը, ո՜վ Տէր, քանզի Դու չյապաղեցիր կանչել ինձ, թէեւ, ես չ’ունեմ մանուկ Սամուէլի մաքրութիւնն ու անմեղութիւնը:

     

    Որքան էլ հզօր լինի սատանան, եւ, բազում մարդիկ՝ սարսափելով նրանից ու պաշտպանուելով նրա խորամանկութիւններից, խայթերից, դաւերից եւ փորձութիւններից՝ սիրայօժար դառնան նրա գերին, այնուամենայնիւ, ինձ ընտրելով՝ իշխանութիւն տուեցիր իշխելու սատանայի վրայ եւ բոլոր տկար հոգիներին նրա կապանքներից ազատելու:

     

    Թէեւ մեղաւոր եմ ես, ունեմ բազմաթիւ թուլութիւններ ու պակասութիւններ, սակայն իշխանութիւն տուեցիր ինձ թողութիւն տալու այն մարդկանց մեղքերին, որոնք գուցէ եւ չեն գերազանցում այն մեղքերը, որ ինքս եմ գործել:

     

    Մարդկութիւնը տառապում է անբուժելի ախտերից, եւ, Դու որոշեցիր, որ նա, ով իմ ձեռքով օծում ստանայ՝ կը բուժուի:

     

    Ի սպառ սիրեցիր քո ժողովրդին: Ժողովուրդդ, որ ցրուած էր՝ հաւաքեցիր Քո շուրջը, տկարացած էր՝ Քո շնչով կենդանացրեցիր, Քո սուրբ հոգով զօրացրեցիր ու միացրեցիր անքակտելի կապով:

     

    Դո՛ւ, որ միացած ես Հօր եւ Սուրբ Հոգու հետ՝ ինքդ քեզ տուեցիր որպէս գոհացուցիչ կերակուր եւ յագեցուցիչ ըմպելի, եւ, որովհետեւ սրանից չես գոհանում՝ ընտրել ես ինձ, որ քո անունով նոյնն անեմ: Սէրը աչք է փակում մարդկանց բազմաթիւ յանցագործութիւնների վրայ եւ իր պաշտպանող թեւերն է տարածում բոլոր նրանց վրայ, ովքեր յանցանք են գործում:

     

    Քո փրկարար անձը զոհեցիր յանուն մարդկանց: Ինձ ուղարկեցիր, որպէսզի Սուրբ Երրորդութեան անունով մկրտեմ բոլոր ազգերին ու քարոզեմ քո հանդարտեցուցիչ, խաղաղեցնող եւ կենդանարար խօսքը, որ Քեզ նման յաւիտենական է:

     

    Ո՜վ Տէր իմ ու Աստուած իմ, համարձակուում եմ կրկնել քո Սրբուհի Մօր խօսքերն ու ասել. «Մեծացուսցէ անձն իմ զՏէր եւ ցնծասցէ հոգի իմ Աստուծով փրկչաւ իմով», քանզի Նա ոչ միայն նայեց ծառայիս խոնարհութեանը, այլեւ, ինչպէս Յովհաննէս առաքեալն է ասում՝ Նա, որ շնորհքով ու ճշմարտութեամբ լի է, ինձ՝ անարժանիս, յաւիտենից քահանայ օծեց, շնորհներով ինձ լցրեց եւ ուղարկեց ծառայելու եւ գործելու ո՛չ միայն 30 տարուայ, այլ, որքան որ կեանք է տուել ինձ:

     

    Սիրելինե՛րս, որպէսզի կատարուի Աստուծոյ կամքը՝ իմ աղաչանքն է, որ անդադար աղօթէք ո՛չ միայն ինձ համար, այլեւ իմ եղբայրակից քահանաների՝ Զմմառի Միաբան Հայրեր՝ Գերյ. Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանի եւ Գերյ. Հայր Մովսէս Վրդ. Տօնանեանի համար, ովքեր այս նոյն օրը ստացան իրենց քահանայական ձեռնադրութիւնը:  Աղօթէ՛ք, որպէսզի նոր մշակներ կարգուեն Տիրոջ այգու մէջ: Ամէն»:

     

    Պատարագի աւարտին ներկաները հրաւիրուեցին Գերապատիւ Հայր Եղիա Վրդ. Դերձակեանի քահանայական ձեռնադրութեան 30-ամեակը նշելու ագապէի սեղանի շուրջ:

     

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930