• Նորակառույց մատուռի օրհնության կարգ Նորշեն-Ծղալթբիլա գյուղում

    Անկանիմք առաջի քո աստուածածին. եւ աղաչեմք զանարատ ըզկոյսդ։
    Բարեխօսեա վասն անձանց մերոց. եւ աղաչեա ըզմիածին որդին։
    Փըրկել ըզմեզ ի փորձութենէ, եւ յամենայն վըտանգից մերոց։


    2022թ. ապրիլի 19-ին, Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթի օրը, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանի Նորշեն-Ծղալթբիլա գյուղի գեղատեսիլ բարձունքներից մեկի Հարավ-Արևմտյան հատվածում, Խաչի ճանապարհի տասնչորս կայանների հարևանությամբ և Քրիստոսի փրկչական Խաչի` հուշարձան-կոթողի ներքո, տեղի ունեցավ «Առողջության Տիրամոր Մատուռ» անունը կրող մատուռի հանդիսավոր բացման և օրհնության արարողությունը, ձեռամբ Սուխլիսի, Ծխալթբիլայի և Ջուլղայի հայ կաթողիկէ ժողովրդապետությունների հոգևոր հովիվ՝ Արժ. Տեր Սահակ քհն. Աղեկյանի, առընթերակայությամբ Ծինուբանի Հայ Կաթողիկէ ժողովրդապետության հոգևոր հովիվ՝ Արժ Տեր Պողոս քհն. Գրիգորյանի:

    Մատուռի կառուցման մտահղացումը նույն գյուղի բնակիչ Լենա Մոսոյանինն է եղել: Նրա երեք որդիները՝ Սարգիս, Մկրտիչ և Արշակ Մոսոյանների անմիջական հովանավորությամբ էլ կառուցվեց մատուռը:

     

    Երբ, աշխարհով մեկ մոլեգնում էր Քովիդ-19 համավարակը՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից միջոցներ էին ձեռնարկվում նրա դեմ պայքարելու համար, նույն այդ ընթացքում, համավարակը թափանցեց նաև Ծղալթբիլա և հարևան գյուղեր, որի հետևանքով համայնքն ունեցավ մարդկային կորուստներ: Այդ ընթացքում գյուղի բնակիչ Լենա Մոսոյանի մոտ միտք հղացավ Սուրբ Տիրամոր բարեխոսությամբ՝ կառուցել Աստվածամորը նվիրված մատուռ, ի նշան հիվանդների և աշխարհի բժիշկների առողջության, ինչպես նաև երկրում տիրող խաղաղության համար:

     

    Կառուցման աշխատանքները սկսվեցին 2019 թվականի հոկտեմբեր ամսից և ավարտվեցին 2021 թվականի հունիս ամսին:

     

    Մատուռը, իր գեղեցիկ ճարտարապետական տեսքով կառուցեց Ախալցխայի շրջանում ճանաչված ու սիրված վարպետ, բազմաթիվ շինարարական կառույցների, խաչքարերի, հուշակոթողների հեղինակ՝ Աբաթխև գյուղի բնակիչ Սերոբ Միքայելյանը, և ցավոք…, ութ ամիս առաջ, 58 տարեկան հասակում մեծ վարպետը հրաժեշտ տվեց այս կյանքին և գնաց հավերժություն, և այդպես էլ նա ներկա չգտնվեց մատուռի բացման և օրհնության արարողությանը:

     

    Թո՛ղ հավերժ ապրի մեր բնօրրան Նորշեն-Ծղալթբիլան, որ հեռացած զավակների համար դարձել է, սրբավայր –  ուխտատեղի…

     

    Ծղալթբիլայի Հայ Կաթողիկէ ժողովրդապետություն

Օրացույց

Օրացույց


Recent Comments