• Զատկական շնորհավորական այցեր

    Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի Զատկական շնորհավորական այցերը քույր Եկեղեցիների Հոգևոր Առաջնորդներին


    Երեքշաբթի, 2022 թվականի ապրիլի 19-ին, Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը շնորհավորական այցելությամբ հանդիպում ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ: Երկու հոգևոր առաջնորդների ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումը առիթ հանդիսացավ քննարկելու Լիբանանին, Սփյուռքին և Հայաստանին առնչվող այժմեական հարցեր:

     

    Հանդիպումին ներկա էին Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Արհ. Տ. Գէորգ Եպս. Ասատուրյանը, Լիբանանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանը, միջեկեղեցական հարաբերությունների հանձնախմբի ատենապետ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմեզյանը և Զալքայի Ս. Խաչ եկեղեցու ժողովրդապետ Հ. Սեպուհ Վրդ. Կարապետյանը։

     

    Ավելի ուշ, Հոգևոր Տերը իր գլխավորած պատվիրակությամբ այցելեց նաև Բքերքե, ուր հանդիպում ունեցավ Մարոնիտ Պատրիարք Մար Բշարա Բուտրոս Ռահի Կարդինալի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու եկեղեցիներին և լիբանանյան քրիստոնյա համայնքին մտահոգող հարցեր, հատկապես առաջիկա ընտրությունների լույսի ներքո:

    Հոգևոր Տերը իր այցելությունների շարքը շարունակեց՝ ուղղվելով դեպի Հարիսայի Պապական Նվիրապետություն, ուր հանդիպում ունեցավ Լիբանանում Պապական նվիրակ, Գերապայծառ Ժոզեֆ Սփիթերիի հետ։ Հոգևոր Տերը և նրան ընկերակցող պատվիրակությունը Գերապայծառի հետ քննարկեցին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի Լիբանան նախատեսված այցելության նպատակները, օրակարգը և նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը։

     

    Աղբյուրը՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքության պաշտոնական կայքէջ 

Օրացույց

Օրացույց