• «Ո՞վ ես դու, որ փակում ես սրտիդ դուռը այն մարդու առջեւ, ով ուզում է աւելի լաւը դառնալ».Քահանայապետի քարոզը Սուրբ Մարթայի տաճարում, 17 մարտի 2015թ.

    «Ո՞վ ես դու, որ փակում ես սրտիդ դուռը այն մարդու առջեւ, ով ուզում է աւելի լաւը դառնալ».Քահանայապետի քարոզը Սուրբ Մարթայի տաճարում, 17 մարտի 2015թ.


    Պահքը ժամանակն է դարձի գալու դէպի Քրիստոսի գթասրտութիւնը, որովհետեւ շատ հաճախ քրիստոնեաները վարպետօրէն դուռ են փակում մարդկանց երեսին եւ չեն ուզում ուշադրութիւն դարձնել նրանց խնդիրներին, անյաջողութիւններին, մինչդեռ հաճախ մեղսալի կեանքից տրորուած այդ մարդիկ պատրաստ են նոր կեանք սկսել՝ Աստծուն հաճելի: Օրինակ բերելով Սբ. Պատարագի ընթացքում ընթերցուած հատուածը Հովհաննու Աւետարանից (5:1-15), որտեղ պատմւում է Ոչխարների աւազանի մօտ հիւանդի բժշկման մասին, Քահանայապետը հորդորել է չլինել այն օրէնսգէտների նման, ովքեր չուրախացան, որ այդ հիւանդին բուժել է Յիսուսը, այլ տեսան միայն օրինախախտում, որ այդ հիւանդը շաբաթ օրով իր մահիճն էր գրկել եւ Յիսուս բուժել էր նրան շաբաթ օրով: Նրանց սրտում ողորմութիւն, սէր չկար, այլ՝ միայն օրէնքի տառը եւ սեփական դիրքը պաշտպանելու ցանկութիւնը: Մինչդեռ Յիսուս գթաց հիւանդին, երբ տեսաւ, որ սա ծուլութեան պատճառով չէր կարողանում մտնել ջրերի մէջ, երբ հրեշտակը խառնում էր աւազանի ջրերը: Այդպէս էլ մեր օրերում է հաճախ լինում, բացատրել է Քահանայապետը: Երբ հոգեպէս հիւանդ մէկը օգնութեան կարիք ունի, հաճախ քրիստոնէական համայնքներում միայն փակ դռներ է գտնում, կամ իրեն միայն ասում են.«Դու սխալներ ես արել, դու չես կարող… եթէ ուզում ես, կարող ես կիրակի օրը Պատարագի գալ, բայց աւելին չես կարող անել»: Այդպէս քրիստոնեաներն իրենց «հոգեբանութեամբ եւ գիտութեամբ» ոչնչացնում են այն, ինչ Սուրբ Հոգին անում է մարդկանց սրտերում: Այսպէս չպէ՛տք է լինի, Եկեղեցին Յիսու՛սն է, նա ոչ միայն ողջունում է մեղաւորին, այլեւ գնում գտնում է նրան եւ չի դատապարտում վիրաւոր, մեղաւոր լինելու համար, այլ շալակում է նրան ու տանում իր ուսերին: Սա՛ է այն ողորմութիւնը, որ Աստուած ուզում է մեզնից: Մէկը կարող է մտածել, որ շատերն են մեղաւոր, բայց ոչ ինքը,  եւ արհամարհի ուրիշներին, բայց այդպիսի մէկին պէտք է ասել.«Իսկ դու՞, ո՞վ ես դու, որ փակում ես սրտիդ դուռը այն մարդու առջեւ, ով ուզում է աւելի լաւը դառնալ, նորից միանալ Աստուծոյ ժողովրդին…»: Հաճախ հրեայ օրէնսգէտների նման ասում ենք, թէ ա՛յս մէկը աղանդաւոր է, ա՛յն մէկը դէմ է գնում Եկեղեցու կարգուկանոնին կամ օրէնքին եւ այդպէս փակւում ենք այդ մարդկանց առջեւ:

     Եկե՛ք խնդրենք Տիրոջից, որ դարձի գանք դէպի Յիսուսի ողորմածութիւնը, միայն ա՛յս կերպ հնարաւոր կլինի պահել օրէնքը, որ է՛ սիրել Աստծուն եւ սիրել մերձաւորին, ինչպէս ինքներս մեզ, ասել է Նորին Սրբութիւն Սրբազան Քահանայապետը:

     

    Ամփոփ թարգմանութիւնն՝ ըստ LOsservatore Romano պարբերաթերթի հրապարակման:

    Աւետարան ըստ Յովհաննու, 5:1-15

    Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն։ Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանըեւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր։ Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»։ Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»։ Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ Եւ մարդը առողջացաւ,վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»։ Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»։ Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»։

Օրացույց

Օրացույց