• Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Երջանկահիշատակ Կարդինալ Աղաջանյանին

    Սուրբ և անմահ Պատարագը մատուցեց ԱՄՆ-ի և Կանադայի Նարեկի Տիրամայր Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ՝ Արհ. Տ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը, մինչ Հոգեհանգստյան կարգը գլխավորեց Ամենապատիվ և Գերերջ. Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը


    Հռոմի Սուրբ Նիկողայոսի անվան Հայ Կաթողիկէ Եկեղեցում փետրվարի 13 առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ կաթողիկէ մեծն Հայրապետ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի, որի աճյունը պահպանված է Սուրբ Նիկողայոս Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված մատրան մեջ։

     

    Սուրբ և անմահ պատարագը մատուցեց ԱՄՆ-ի և Կանադայի Նարեկի Տիրամայր Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ՝ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը, մինչ Հոգեհանգստյան կարգը գլխավորեց Ամենապատիվ և Գերերջ. Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը։

     

    Արարողություններին ներկա էին Հայ Կաթողիկէ Նվիրապետության սինհոդոսական հայրերը, ովքեր մեկ օր առաջ ավարտել էին Հռոմում գումարած իրենց սինհոդոսական նիստերը։ Ներկա էին նաև հայ կաթողիկէ կղերական դասի անդամները, Անարատ Հղության Հայ քույրերի միաբանակիցները, Լևոնյան Ք. Վարժարանի սաները և Հռոմաբնակ հայ հավատացյալները։

     

    Սուրբ Զոհի ընթացքին իր արտասանած քարոզում Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը՝ ակնարկելով Քրիստոսի մեջ հավատք ունենալու և Նրան հետևելու համար անհրաժեշտ կենցաղի մասին, նշեց. «Մեր Եկեղեցում ունեցանք Կարդինալ Աղաջանյանի օրինակը, որի մահվան հիսուն ամյակը այսօր պիտի հիշատակենք և ում համար պատարագի ավարտին տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ Նրա դամբանի վրա»։

     

    «Նա եղավ մի անձնավորություն, որ ամբողջ կյանքը նվիրեց Քրիստոսին, Նրա կյանքը քարոզություն և օրինակ է մեզ բոլորիս համար, որպեսզի մենք էլ հետևենք Քրիստոսին և ապրենք Քրիստոսով», ասաց Պատարագիչ առաջնորդը՝ հավելելով, որ «յուրաքանչյուրս կոչված է լինելու Քրիստոսի ներկայացուցիչն այս աշխարհում՝ ոչ միայն որպես կղերականներ, այլև որպես քրիստոնյաներ։ Սրա վրա հիմնվելով պետք է ապրենք։ Սա սովորեցինք մեր նախնիներից և պիտի փոխանցենք մեր հաջորդներին», ասաց Արհ. Միքայել Մուրադյանը, որ քարոզում անդրադարձավ նաև Քրիստոսի մեզ փոխանցած սիրո պատվիրանին, նշելով, որ այդ պատվիրանը պետք է ապրեն բոլորը մեր շրջապատում, մեր եղբայրակիցները։ Ապա անդրադարձավ Սուրբ Սարգսի տոնին, որը նշվեց փետրվարի 12-ին և խոսեց հայոց սրբի օրինակելի կենցաղի մասին, որի քարոզությամբ ու կյանքի օրինակով շատերը հավատացին Քրիստոսին՝ ընդունելով Սուրբ Մկրտությունը։

     

    Արհ. Գերապայծառ Տերը քարոզի ավարտին հրավիրեց աղոթել, որպեսզի Աստված վերջ տա համավարակին ու «խաղաղություն շնորհի աշխարհին», նկատի ունենալով Ուկրաինայի կացությունը և Հայաստանում տիրող իրավիճակը։

     

    «Աղոթենք Աստծուն, որպեսզի աշխարհը խաղաղվի ու մեզանից յուրաքանչյուրին պարգևի հոգու խաղաղություն, որպեսզի սիրով ապրենք աշխարհի վրա փառաբանելով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն»։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց