• Փոխակերպվե՛նք Աստծո Խոսքով

    «Արդյո՞ք մենք Աստծո Խոսքին հնազանդ և ուրիշներին լսել կարողացող Եկեղեցի ենք»


    Հունվարի 23-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի բազիլիկայում գլխավորեց Աստծո Խոսքի երրորդ կիրակիի Սուրբ Պատարագը և իր քարոզում ընդգծեց, որ Աստծո ժողովրդի կյանքի և ամեն մի քրիստոնյայի հոգևոր ճանապարհի կենտրոնում Աստծո հավերժական, փրկարար և մտերմիկ Խոսքն է:

     

    Աշխարհը ստեղծվեց Աստծո Խոսքով և Քրիստոսի միջոցով՝ Նրա հավիտենական Խոսքով, Երկնային Հայրն ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը (տես՝ Եփես. 1.4), հետևաբար հավատացյալները կանչված են միշտ Հիսուսին նայելու համար, քանի որ Նրա խոսքը բացահայտում է մարդկանց համար Աստծո իսկական դեմքը: Երկրային առաքելության սկզբում Քրիստոսն ուղղակիորեն հայտարարում է Իր նպատակները. Նա եկավ, որպեսզի բժշկի սրտով բեկյալներին, ազատի աղքատներին և կեղեքվածներին: Ամենակարող Աստված ցույց է տալիս մեզ Իր մտերմությունը, Նա քնքշորեն հոգ է տանում մարդկանց մասին և անհանգստանում նրանց ճակատագրերի համար, Նա մարդ է դառնում և գալիս աշխարհ, որպեսզի ջերմացնի և լուսավորի մեզ բոլորիս, Իր Խոսքով օգնի մեզ դժվարությունների ժամանակ: Սակայն ինչպե՞ս են մարդիկ ընկալում Նրան, հարցրեց Սրբազան Քահանայապետը. որպես խիստ դատավոր, թե՞ ազատագրող փրկիչ։ Իսկական Աստծուն մարդկանց ցույց տալու համար, Հիսուս սկսում է հենց «Աստծո Խոսքով», քանզի Խոսքը՝ պատմելով մեր հանդեպ ունեցած Աստծո սիրո մասին, ազատում է Նրա հանդեպ մեր ունեցած վախերից և մոլորություններից, որոնք խամրեցնում են հավատքի ուրախությունը, իսկ Խոսքը սնուցում և նորոգում է հավատքը: Նորին Սրբությունը կոչ արեց քրիստոնյաներին աղոթական և հոգևոր կյանքում առաջնորդվել Աստծո Խոսքով:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց հետևյալը. երբ մենք տեսնում ենք Աստծո կարեկից սերը, ապա հենց Աստծո Խոսքով էլ հաղթահարում ենք սրբազան արտաքին կրոնականության մեջ պարփակվելու գայթակղությունը, որը ոչ մի ազդեցություն չի ունենում կյանքի վրա և չի փոխակերպում այն, քանի որ վերածվում է կռապաշտության.

     

    «Խոսքը կոչ է անում հաղթահարել ինքներս մեզ, դուրս գալ ընդգծված սահմաններից և Աստծո խոնարհ ազատագրող սիրո զորությամբ ընդառաջ գնալ մեր եղբայրներին ու քույրերին: Սա ցույց է տալիս, որ Աստծուն ամենաշատը հաճելի է այն երկրպագությունը, որի մեջ կա է հոգատարություն մերձավորի հանդեպ»:

     

    Աստծո Խոսքը փոխում է մեզ՝ ներթափանցելով հոգու մեջ, ինչպես երկսայրի սուրը (տես՝ Եբր. 4.12): Մի կողմից, այն բացահայտում է Աստծուն և մխիթարում մեզ, սակայն մյուս կողմից էլ խորապես ցնցում է մեզ, քանզի ցույց է տալիս մեր հակասությունները և մեր ցանկացած եսասիրական արդարացում ճգնաժամի մեջ է գցում։ Աստծո Խոսքը կոչ է անում մեզ դուրս գալ և չթաքնվել բարդ խնդիրների հետևում, այն կոչ է անում գործել և Աստծո երկրպագությունը համատեղել մարդու հանդեպ հոգածության հետ:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին պատասխանել մի քանի կարևոր հարցերի.

     

    «Արդյո՞ք մենք ուզում ենք նմանվել Հիսուսին, լինել ուրիշների ազատագրման և մխիթարության սպասավորները՝ իրականացնելով Տիրոջ Խոսքը: Արդյո՞ք մենք Աստծո Խոսքին հնազանդ և ուրիշներին լսել կարողացող Եկեղեցի ենք: Եկեղեցի, որն օգնության ձեռք է մեկնում եղբայրներին և քույրերին՝ նրանց զանազան ճնշումներից ազատելու համար: Եկեղեցի, որը կարող է արձակել վախի հանգույցները, ազատել ամենախոցելիներին աղքատության բանտերից, փրկել նրանց ներքին հոգնածությունից ու վշտից, որոնք խամրեցնում են կյանքը»։

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ այդ Սուրբ Պատարագի կարևոր մասն են կազմում դպիրների և քրիստոնեական վարդապետության ուսուցիչների սահմանած ծիսակատարությունները, որոնք կոչված են «ծառայելու Հիսուսի Ավետարանին և հռչակելու այն, որպեսզի Տիրոջ մխիթարությունը, ուրախությունն ու ազատագրումը հասնի բոլորին».

     

    «Սա է մեզանից յուրաքանչյուրի առաքելությունը. լինել վստահելի ավետաբերներ, Խոսքի մարգարեներ այս աշխարհում: Եկե՛ք ոգեշնչվենք Սուրբ Գրությամբ՝  ուսումնասիրելով Խոսքը, որը բացահայտում է Աստծուն և խրախուսում մեզ անխոնջ սիրել մեր մերձավորներին», – ասաց Նորին Սրբությունը և հորդորեց «Աստծո Խոսքը նորից դնել հովվական աշխատանքների և Եկեղեցական  կյանքի կենտրոնում»՝ լսելով, աղոթելով և կիրառելով:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց