• «Ակտիւ երիտասարդութիւն-հզօր Եկեղեցի».դասընթաց երիտասարդների համար Աղաջանեան ճամբարում

    «Ակտիւ երիտասարդութիւն-հզօր Եկեղեցի».դասընթաց երիտասարդների համար Աղաջանեան ճամբարում


    Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաջանեան» ճամբարում 2015թ. մարտի 3-7-ը կազմակերպուեց «Ակտիւ երիտասարդութիւն-հզօր Եկեղեցի» խորագրով դասընթաց, որին մասնակցեց հայ կաթողիկէ տարբեր համայնքների 18-30 տարեկան 27 երիտասարդ:

    Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէ առաջնորդարանը՝ գերմանական Kindermissionwerk հիմնադրամի աջակցութեամբ: Նպատակը երիտասարդների մեջ նախաձեռնողականության, առաջնորդության ոգին խթանելն էր, որպէսզի հետագայում կարողանան նաև աջակցել իրենց հոգեւոր հովիւներին եւ երիտասարդական շարժումներ ստեցծեն համայնքներում:

    Հրաւիրուքած մասնագետները այդ 3 օրերի ընթացքում ջանացին երիտասարդների մէջ զարգացնել առաջնորդութեան, նախաձեռնողական համարձակութեան, ծրագրեր մշակելու եւ իրականացնելու որոշակի հմտութիւններ, որոնք պէտք է օգտագործուեն համայնքներում: Փորձ արուեց երիտասարդներին ընդհանուր հմտութիւններ տալ՝ զարգացման սեփական ծրագրերը կազմելու համայնքի թէ՛ հոգեւոր, թէ՛ սոցիալ-տնտեսական, թէ՛ մշակութային կեանքի զարգացման ուղղութեամբ: Առաջնորդութիւն, թիմային աշխատանքի հմտութիւններ, հաղորդակցութիւն, ինքնակենսագրական եւ շարժառիթային նամակների շարադրում թեմաներով բանախօսեցին դասընթացավարներ Անահիտ Մխոյեանը եւ Կարեն Այվազեանը:

    Կազմակերպիչները ջանացին համատեղել նախաձեռնողական հմտութիւնների զարգացումը հոգեւոր դասերի հետ.թեմի հոգևորականները (Գերհ. Հ. Անտոն ծ. վրդ. Թոթոնջեան, Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեան, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհնյ. Մկրտրչեան) դասեր ու հոգեւոր զրոյցներ անցակցեցին «Հաւատք եւ աւետարանացում, քրիստոնեական ընտանիք եւ սէր, Եկեղեցին եւ երիտասարդութիւնը, Եկեղեցւոյ Սուրբ Խորհուրդները» թեմաներով, որոնց ընթացքում շօշափուեցին նաեւ հոգեւոր կեանքի հետ կապուած շատ այլ հարցեր:

     Ուշագրաւ էր երիտասարդների եռանդուն ներգրաւուածութիւնը դասերին, քննարկումներին և զրոյցներին.բազմաթիւ հարցադրումներ, սեփական տէսակէտի անկաշկանդ արտայայտում, խանդավառութիւն, նոր առաջարկներ, մտայղացումներ, որոնք ծնուեցին դասերի և քննարկումների ընթացքում եւ որոնք կարեւոր ներուժ են հետագայ աւելի լաւ մշակուելիք ծրագրերի եւ գործունեութեան համար: Իրենք՝ երիտասարդներն էլ տեսնում են նման հանդիպումների կազակերպման անհրաժեշտութիւնը՝ միասնականութեան խթանման, միմեանց ճանաչելու, միասին գործունեութիւն ծաւալելու համար՝ ի նպաստ Եկեղեցւոյ եւ համայնքի: Նման միջոցառումները առիթ են ինքնարտայայտման նոր հնարաւորութիւններ ստեղծելու, սեփական մտքերը երկխոսութեան միջոցով, այլոց օգնութեամբ զարգացնելու եւ ընդհանուրի սեփականութիւնը դարձնելու առումով, օգնում են յաղթահարել մեկուսացուածութեան, կաշկանդուածութեան, յուսալքութեան, առանձին աշխատելու սովորոյթները, օգնում են լաւատէս լինել եւ յուսա՛լ՝ վէր բարձրանալով առկա սոցիալ-տնտեսական անբաւարար պայմանների, հաճախ հոգեւոր ներուժի աղքատացման կամ ջերմեռանդութեան պակասի, կրօնական գաղջութեան մթնոլորտից, յուսա՛լ, երբ շատ երիտասարդների թւում է, թէ առաջընթացի ոչ մի ելք չկայ, կամ երբ չեն տեսնում սեփական նախաձեռնութիւններով հանդես գալու անհրաժեշտութիւնն ու կարելիությունները:

     Այս ամէնից զատ միշտ կարիքը կայ առաւել զարգացնելու մերօրեա երիտասարդների աղօթասիրութիւնը, Աստուծոյ հետ շփուելու կարիքը, սէրը.ամէն առաւօտեան բոլորը մասնակցում էին ճամբարում մատուցուած Սբ. Պատարագին, ոմանք աղօթում էին նաեւ օրուա միւս ժամերին:

     Դասերն ու աղօթքներն ուղեկցւում էին հետաքրքիր ժամանցի առիթներով. ուրախ խաղեր, որոնց նպատակը ընկերասիրութիւնն էր եւ նոր ընկերներ ձեռքբերելը, հանդիպում սրճարանում (Գիւմրի), իհարկէ, առանց խնջոյքի՝ յարգելով Մեծ Պահքի խորհուրդը: Սեմինարի մասնակիցների համար առանձին հաճոյք է ճամբարի տարածքը ձմեռային եղանակին.մի քանիսը զբօսնում էին, միւսները ձնագնդի խաղում, լուսանկարւում, ինչ-որ մէկի համար սպիտակ բնապատկերը խոկման եւ Տիրոջը փառաբանելու առիթ է, մեկ ուրիշի համար՝ ինքն իրեն աւելի լաւ ճանաչելու եւ, նոյնիսկ, քահանայի մօտ մեղքերը խոստովանելու համար, մի առանձին կամրջակի վրայ, ձեան հալոցքից աշխուժացած գետակի մեղմ խոխոջիւնի ուղեկցութեամբ:

    Դասընթացի աւարտին երիտասարդները խոստացան օգնել միմեանց, միասին աշխատել իրենց նոր ծրագրերը կեանի կոչելու ուղղութեամբ: Որոշուեց նաեւ մօտ ապագայում փոխադարձ այցելութիւններ կազմակերպել տարբեր համայնքներ՝ խթանելու համար տեղի երիտասարդութեան հոգեւոր եւ հասարակական կեանքը:

     Մասնակիցները շնորհակալութիւն յայտնեցին Գերշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանին եւ դասընթացի միւս կազմակերպիչներին:

     

    DSC01548 DSC01562 DSC01571 DSC01785 DSC01816 DSC01850 DSC01919 DSC02164 DSC02450 DSC02851

Օրացույց

Օրացույց