• Մամլոյ ասուլիս՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցւոյ վարդապետ» հռչակելու թեմայով.բանախօսել է Հ. Պետրոս վրդ. Եսայեանը

    Մամլոյ ասուլիս՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցւոյ վարդապետ» հռչակելու թեմայով.բանախօսել է Հ. Պետրոս վրդ. Եսայեանը


     2015թ. մարտի 5-ին «Նյութ տեղեկատուական հարթակ»-ը մամլո ասուլիս էր կազմակերպել Սբ. Գրիգոր Նարեկացուն Կաթողիկէ կամ Տիեզերական «Եկեղեցւոյ վարդապետ» հռչակելու թեմայով: Բանախօսներն էին Գիւմրիի և Աշոցքի տարածաշրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը և «Մատեան ողբերգութեան» աղօթագիրքը արևելահայերէնի փոխադրած փիլիսոփայ, գրող Աշոտ Պետրոսեանը: Հռոմի Սուրբ Աթոտի կողմից այդ պատմական քայլի նշանակութեան և պատճառների մասին լրագրողների հարցերին ի պատասխան Հ. Պետրոսը ընդգծեց, որ հայ ականաւոր սրբին Եկեղոցւոյ վարդապետ հռչակելը մեծ պատիւ է հայ ժողովրդի համար, որովհետև Նարեկացին առաջին հայն է, ով այդ պատւին է արժանացել: Հ. Պետրոսը պատմեց օրեր առաջ Հռոմի Լևոնեան վարժարանում Ամէնապատիւ Հոգևոր Տէր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի և հայ կաթողիկէ եպիսկոպոսների հետ Սուրբ Աթոռի հաւատքի վարդապետութեան հաստատութեան նախագահ կարդինալ Միւլլերի հանդիպման մասին: Ինչպէս տեղեկացրել ենք, կարդինալը շեշտել է, որ Սուրբ Աթոռը նման որոշում է ընդունել ծանրակշիռ վերլուծութիւնների արդիւնքում և այն նկատառումով, որ Նարեկացու վաստակը մեծապէս օգտակար է Եկեղեցու համար: Հ. Պետրոսը բացատրեց «Եկեղեցւոյ վարդապետ» տիտղոսի իմաստը.«Այդ տիտղոսով պատւում են այն սուրբ անձանց, ովքեր մեծ ներդրում ունեն աստուածաբանութեան զարգացման,  հաւատացեալների բարեպաշտութեան և հոգևոր կեանքի կայացման մեջ»: Կաթողիկէ Եկեղեցու մարտիրոսների շարքում 2001թ. սկսած հիշատակւում է նաև Սբ. Գրիգոր Նարեկացին, փետրուարի 27-ին: Նարեկացու նկատմամբ Կաթողիկէ նուիրապետութեան մեծ հետաքրքրութիւնը շարժելու գործում մեծ դեր ունի Ամէնապատիւ Հոգևոր Տէրը և միւս հայ եպիսկոպոսները, շեշտեց Հ. Պետրոսը:

     Լրագրողներից մէկի հարցին, թէ արդեօք հնարաւոր է այսօրուա մարդու համար գնալ Նարեկացու քարոզած ապաշխարութեան ճանապարհով, հոգևորականը նկատեց, որ Նարեկացու ապաշխարութիւնը շատերին է առաջնորդում հոգևոր վերափոխման ճանապարհով: Սրբութիւնը փակում է չարի ազդեցութիւնը.Նարեկ կարդալով շատերը կրթում են իրենց հոգիները: Նարեկացին խորութեամբ ներկայացնում է մարդկային մեղսական բնութիւնը, բայց և իր խօսքն աւարտում է հոյսով առ այն, որ Աստուած կարող է մարդուն նորոգել, եթէ մարդը զղջում է և վստահում Իրեն:

     Աշոտ Պետրոսեանը խօսեց Նարեկացու աւանդի մեծութեան մասին: Ըստ նրա Կաթողիկէ Եկեղեցին նման քայլ արեց, որովհետև Նարեկացին կարողացել է իր գործերում ներկայացնել ամբողջ մարդկութեան հոգեբանութիւնը, հոգու գաղտնիքները, մեղքից ազատուելու ճանապարհները: Նարեկացու գործերը ամբողջ աշխարհի համար են և շատերին են ոգեշնչում: Պետրոսեանը խօսեց Նարեկացու գործերի գիտական ուսումնասիրութինների և թարգմանութիւնների մասին: Օրինակ, ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահէն ֆրանսերէն է թարգմանել «Մատեան ողբերգութեան» աղօթագիրքը և մի ուսումնասիրութիւն հրապարակել «Գրիգոր Նարեկացին և իր «Մատեան ողբերգութեան» երկը» վերտառութեամբ, որի նպատակը Նարեկացուն ներկայացնելն է  եվրոպական հասարակութեանը: Այդ գործը թարգմանուել է նաև հայերեն:

     

    Ստորև ներկայացնում ենք ասուլիսի տեսաձայնագրութիւնը Նիւթ տեղեկատուական հարթակի աշխատակիցների կողմից:

     

     

Օրացույց

Օրացույց