• ԳԵՐՀ․ Հ․ ԳԱՌՆԻԿ Ծ․ ՎՐԴ․ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԳԱՄԸ

    «Գօտեպնդուենք Տիրոջ կենարար զօրութեամբ, ամուր մնանք մեր հաւատքով և յոյսով, որպէսզի կարողանանք փարատել այն թանձր խաւարը, որ պատել է համայն մարդկութեանը:

    Աստուծոյ ամենառատ շնորհները եւ օրհնութիւնը ձեզ եւ ձեր ընտանիքներին»:


    Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

     

     

    Թոյլ տուէք ի սրտէ շնորհաւորել ձեզ եւ ձեր ընտանիքներին գալիք Սուրբ Ծննդեան եւ Ամանորի կապակցութեամբ: Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի նախաշէմին աղօթական ոգով համախմբուած փառաբանում ենք նորածին Փրկչին, որպէսզի Նրա Սուրբ Ծննդեան ճշմարիտ լոյսը լուսաւորի բոլորիս հոգիները: Փրկչագործութեան համար աշխարհ եկած Աստուածորդին իր արեամբ մաքրագործեց բոլորիս հոգիները, փարատեց մարդկային մոլորութիւնների, մեղքի ու մահուան խաւարը՝ ազատելով կործանարար սխալներից: Թո՛ղ որ Բեթղեհէմի սուրբ մսուրից ծագած լոյսը առաջնորդի մեզ դէպի յաւիտենական կեանք՝ զերծ երկրային կեանքի հոգսերից, ցաւերից ու դառնութիւններից:

     

     

    Սիրելի՛ ներկաներ, մեր Տիրոջ անսահման սիրուն եւ ողորմածութեանը ապաւինելով, կարողացել ենք դարեր շարունակ յաղթահարել մեր ազգի առջեւ ծառացած ամէն տեսակ փորձութիւն եւ զրկանք, անցել ենք պատերազմների բովով, ունեցել ենք տագնապալի օրեր, կորուստներ ու յուսախաբութիւններ, սակայն անսասան է եղել կենդանի հաւատքը մեր Փրկչի նկատմամբ: Այսօր էլ մեր միասնութեամբ եւ համերաշխութեամբ կարող ենք պահպանել մեր մայր հայրենիքը իւրաքանչիւր վտանգից եւ ճգնաժամերից: Ուստի, գօտեպնդուենք Տիրոջ կենարար զօրութեամբ, ամուր մնանք մեր հաւատքով և յոյսով, որպէսզի կարողանանք փարատել այն թանձր խաւարը, որ պատել է համայն մարդկութեանը: Աղօթենք Տիրոջը՝ հայցելով Նրա առատ շնորհները եւ խաղաղութիւնը մեր հայրենիքի, ազգի եւ ողջ մարդկութեան համար: Աղօթում ենք Հայ Եկեղեցւոյ պայծառութեան եւ հոգեւոր դասի արդիւնաւէտ ծառայութեան համար՝ ի սպաս մեր հաւատաւոր ժողովրդի:

     

     

    Աստուծոյ ամենառատ շնորհները եւ օրհնութիւնը ձեզ եւ ձեր ընտանիքներին:

     

     

Օրացույց

Օրացույց