Ընտանիքը ով աղօթում է միասին, մնում է միասնական…
Հոգեշնորհ վարդապետներ, արժանապատիւ տէր հայրեր, Հայաստանի Հայ Կաթողիկէ տարբեր համայնքներից եկած սիրելի՛ ընտանիքներ, ուրախ եմ, Սուրբ Ծննդեան շեմին դարձեալ ձեզ տեսնել եւ միասին կիսել Քրիստոսի ծննդեան լոյսը:
Սիրելիներս, 2021 թուականի ընթացքում երրորդ անգամ է, ինչ Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը միջոցառում է կազմակերպում ընտանիքների համար:
Մեր հաւաքների նպատակն է, ընտանքիների միջոցով ստեղծել կամուրջներ, ինչպէս համայնքների ներսում, այնպէս էլ համայանքներից դուրս:
Նմանօրինակ հանդիպումները իրենց ուրոյն եւ նշանակալի դերն են ունենում Եկեղեցու եւ ընտանիքների միջեւ ամուր կապի ստեղծման եւ պահպանման համար:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը, «Սիրոյ ուրախութիւնը» (Amoris Laetitia) առաքելական յորդորում ասում է.
«Եկեղեցին ընտանիքների ընտանիք է, որը մշտապէս հարստանում է ընտանիքներով:
Ամուսնութեան խորհրդի շնորհիւ, իւրաքանչիւր ընտանիք դառնում է պարգեւ եկեղեցու համար: Ընտանիքում սիրոյ փորձառութիւնը՝ ուժի տեւական աղբիւր է, որի միջոցով ամուսնական զոյգը ձեռք է բերում միմեանց նկատմամբ հոգատարութիւն եւ փոխադարձ ներողամտութիւն»:
«Ընտանեկան սէրը. կոչում եւ սրբութիւն ճանապարհ». ահա, այս բնաբանն է ընտրել Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Ընտանիքների յաջորդ համաշխարհային հանդիպման համար, որը տեղի է ունենալու Հռոմում, 2022 թուականի յունիսին։
Մենք, եւս միանում ենք Սրբազան Քահանայապետի կոչին եւ հետեւում այս նախաձեռնութեանը:
Համոզուած եմ, որ այսօրուայ կայանալիք բանախօսութիւններն ու քննարկումները կը լինեն հետաքրքիր ու բովանդակալից:
Այսօր, Հայոց եկեղեցին տօնում է Սուրբ Յակոբ Մծբնայ Հայրապետի յիշատակութեան օրը:
Սուրբ Յակոբ Մծբնեցի հայրապետը Ընդհանրական եկեղեցու սիրուած սրբերից է: Նա իր երկրային կեանքը նուիրել է Յիսուս Քրիստոսին եւ Աստծոյ խօսքի տարածմանը, հաւատարիմ մնալով Տիրոջ պատգամներին: Սուրբ հայրապետը եղել է Գրիգոր Լուսաւորչի հօրաքրոջ՝ Խոսրովուհու որդին: Երանելի Յակոբը բնակւում էր անապատում, անտառներում, լեռների գագաթներին, գարնանն ու ամռանը բացօթեայ եւ միայն ձմռանն էր հաստատւում փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղաւորւում: Կերակրւում էր ոչ ըստ մարդկանց սովորութեան՝ մարմնականով, այլ սնւում էր Սուրբ Հոգու շնորհներով: Ինչ որ խնդրում էր Աստծուց, անյապաղ տրւում էր նրան: Հանապազօրեայ աղօթքների եւ ճգնութիւնների շնորհիւ հասնելով մեծ սրբութեան՝ Յակոբը մարգարէութեան, ինչպէս նաեւ հրաշքներ գործելու եւ բժշկութիւն անելու շնորհ է ստանում Տիրոջից: Սուրբ Յակոբ Մծբնեցի հայրապետը թողել է ինչպէս աստուածաբանական, այնպէս էլ կրօնաբարոյախօսական ճառեր ու գրուածքներ:
Հայ եկեղեցին Սուրբ Յակոբ Մծբնեցի հայրապետի յիշատակը տօնախմբում է Յիսնակաց երրորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հետ:
Սա Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից ընտանիքների համար կազմակերպուող տարեվերջեան ամփոփիչ հաւաքն է, որը, եւս մէկ անգամ առիթ ընձեռեց միաւորուելու եկեղեցու շուրջ:
Յատուկ իմ շնորհակալական խօսքն եմ յղում Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ քհնյ. Մկրտչեանին «Ընտանիքիների օր» հաւաքների նախաձեռնութեան համար, հոգևոր դասին, բանախօս՝ Տէր Յովսէփ քհնյ. Գալստեանին, կազմակերպիչներին, ինչպէս նաեւ ձեզ՝ սիրելի՛ ընտանիքներ:
Գալիք տարուայ առթիւ շնորհաւորում եմ բոլորիս, մաղթում յաջողութիւն, երջանկութիւն: Թո՛ղ որ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի սէրն ու առատ շնորհները հովանի լինեն ձեզ եւ ձեր ընտանիքներին:
Օ՜ Նազարէթի ընտանիք, գիտակ սիրոյ եւ տառապանքի՝ աշխարհին, իւրաքանչիւր ընտանիքին տալիս է խաղաղութիւն, սէր, հանգստութիւն:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ