• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն այցելեց Ծղալթբիլա և Հեշտիա գյուղերը

    «Աղո՛թքն է մեր զենքը, աղո՛թքն է մեր կամուրջը»


    Դեկտեմբերի 3-ին Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Թբիլիսիից մեկնեց Ջավախք և հայրապետական այցելություն շնորհեց Ծղալթբիլա և Հեշտիա հայ կաթողիկէ համայնքների հավատացյալներին, ովքեր մեծ ցնծությամբ դիմավորեցին Հոգևոր Տիրոջը: Ծղալթբիլայի Հիսուս Փրկիչ եկեղեցու բակում Կաթողիկոս Պատրիարքին դիմավորեցին զանգերի ավետաբեր ղողանջով, աղուհացով, երիտասարդներն իրենց սրտի ջերմ խոսքերով ողջունեցին: Հայրապետական Սուրբ Պատարագին Հոգևոր Տիրոջ առընթերականերն էին Հայաստանի հայ կաթողիկէների Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը և տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Սահակ Քհն. Աղեկյանը: Ներկա էին նաև Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանը, Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը, Արժ. Տ. Պողոս Քհն. Գրիգորյանը և հավատացյալների բազմությունը: Իր քարոզի ընթացքում Ամեն. Հոգևոր Տերը հավատացյալներին տվեց հետևյալ պատգամը.

     

    «Ձեզ համար նոր չէր այն պատասխանատվությունը, որ ինձ տրվել է, այն նորությունը, որ ես ձեզանից եմ և ձեզ հետ եմ և Քրիստոսի պատգամը նույնն է՝ «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»։ Այն խաղաղությունը, որ տալիս եմ, նման չէ աշխարհի խաղաղությանը, որովհետև իմ խաղաղությունը, Քրիստոս ասում է, սրտի անդորրությունն է, ուրախությունն է։ Այն պատգամը, որ տվեց Իր աշակերտներին, նույն է և մեզ էլ է ուղղված, երբ ասում է, եթե ուզում եք, որ աշխարհը ձեզ ճանաչի, որ իմն եք և ինձ հետ, ապա սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ինչպե՞ս Նա սիրեց մեզ։ Քրիստոս սիրեց՝ Ինքն Իրեն նվիրելով ամբողջապես, անշահախնդիր, առանց հաշվի, առանց բամբասանքի, առանց կեղծավորության, առանց վատ մտածմունքի որևէ մեկի հանդեպ՝ ամբողջական նվիրում մինչև արյան վերջին կաթիլը։ Եթե մենք միմյանց սիրենք այդ սիրով, ապա կնամնվենք Քրիստոսի սիրուն։ Պատգամն է այսօր, որ մեր Կաթողիկէ Եկեղեցին ունենա իր անդորրությունը, ունենա իր ուրախությունը, ունենա իր պատգամը սիրել միմյանց՝ առանց իրար դժբախտության առիթ դառնալու, և հատկապես իրար միանալ աղոթքով, քանզի աղո՛թքն է մեր զենքը, աղո՛թքն է մեր կամուրջը, որ մեզ կապում է իրար հետ։ Եթե այս կամուրջը կտրվի, մենք կոչնչանանք, և ինչպես Ավետարանում լսեցինք, այն ժամանակ ոչ հայրը իր զավակներին կճանաչի, ոչ ամուսինը իր կնոջը, ոչ կինն իր ամուսնուն, ոչ զավակներն իրենց եղբայրներին, բոլորը կբաժանվեն, ամեն ինչ կքանդվի։ Քրիստոսի պատգամն ասում է, եթե ուզում եք, որ իսկապես Եկեղեցին շեն մնա, իսկ Եկեղեցին այս պատերը չեն, Եկեղեցին դուք եք, ամեն մի անհատ Եկեղեցու մի քար է, և այդ քարերով մենք կառուցում ենք մեր Եկեղեցին։ Այս Սուրբ առիթը, որ շնորհեց ինձ Աստված, ձեզ հետ միասին մատուցել այս Սուրբ Պատարագը և աղոթքով միանալ իրար, ինչպես ձեր ներկայացուցիչը, ով իր խոսքում շնորհակալություն և մաղթանք հայտնեց, որ մենք իրար հետ միասին աղոթելու ուրախություն ունենանք։ Այո՛, աղոթքը մեր ուրախությունն է, որովհետև աղոթքով է, որ մենք միանում ենք իրար, աղոթքով ենք միանում Քրիստոսին և Հորը, որը ուրախություն և երջանկություն է, որովհետև ինչ որ խնդրեք իմ անունով, ասում է Հիսուս, պիտի ընդունի։ Պետք է հավատք ունենաք, և ինչ էլ որ խնդրենք, Քրիստոս մեզ պիտի տա։ Այսպիսով, սիրելի հավատացյալներ, ես կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսպես խանդավառ Եկեղեցում եք, Սուրբ Խորանի դիմաց եք, աղոթում և հաղորդվում եք։ Մաղթում եմ, որ սա երկար տևի մեր կյանքում, դուք ունենաք և՛ հոգեկան և՛ ֆիզիկական ուրախություն։ Օգտվելով այս առիթից՝ իմ օրհնությունն ու աղոթքն եմ նվիրում բոլոր նրանց, ովքեր չկարողացան գալ՝ հիվանդներին, ծերերին, երեխաներին։ Բոլորի համար այսօր այս Սուրբ Խորանի դիմաց կմատուցեմ այս Պատարագն առ Աստված և իմ օրհնությունը կհայցեմ բոլորիս համար»:

     

    Հեշտիայում ևս Կաթողիկոս Պատրիարքին դիմավորեցին մեծ խնդությամբ, «Հրաշափառ» շարականով, եկեղեցում կատարվեց «Կարգ մաղթանաց վասն Հայրապետին»: Հանդիսավոր աղոթքին ներկա էին Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը, Հեշտիայի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանը և Կարիտաս Վրաստանի աշխատակիցներ: Հոգևոր Տերն աղոթքից հետո իր հայրական օրհնությունը տվեց ժողովրդին՝ հետևյալ խոսքերով.

     

    «Սիրելի՜ քույրեր և եղբայրներ, նախ և առաջ, ձեզ հետ միասին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ մեզ տվեց այս առիթն իր Եկեղեցում ձեզ հետ միասին հավաքվելու և Աստծուն փառք տալու։

    Ավետարանում կարդացինք Բարի Հովվի մասին։ Բարի հովիվը Հիսուս Քրիստոսն է, իսկ ոչխարները մենք բոլորս ենք։ Բարի Հովիվը մեզ չի լքում, մեզ սիրում է, մեզ օգնում է, մեզ տալիս է շնորհներ, որոնցով մենք ամեն օր ապրում ենք, վայելում ենք, և հաջողությամբ է պսակվում մեր օրը։ Այս ճանապարհորդության ժամանակ, քանի դեռ Վրաստանում էի, սրտիս մոտ էր, որ ձեզ հանդիպեի և շնորհակալություն հայտնեի, որ ամբողջ տասը տարիներ կարողացանք ապրել և հաճախ այցելեցինք այս Եկեղեցին ու ձեզ տեսանք։ Եվ այսօր շարունակում եմ ձեր դիտավորությամբ աղոթել, որ ամենաբարի Աստված Իր Բարի Հովվի ձեռքով ձեզ տա ամեն շնորհ, առողջություն, հարազատություն, հաջողություն ձեր կյանքում։ Սակայն մի պայմանով, որ Իր գործը չլինի Իր առատ շնորհները միայն մեզ և ձեզ տալը, այլ մենք էլ ազնիվ ու հավատարիմ լինենք Իր պատվիրաններին և Նրան սիրենք այնպես, ինչպես Նա է սիրում մեզ։ Պատկերացրե՛ք, թե որքա՜ն պարզ է, երբ մարդիկ միմյանց սիրեն, ապա ի՜նչ զոհողություններ կանեն իրենց սիրելիին գոհ պահելու։ Մեր սիրածը, մեր սերը Քրիստոսն է։ Մենք բոլորս միասին պիտի աշխատենք Նրան գոհ, ուրախ պահելու համար, որպեսզի ավելորդ չլինի այն արյունը, որ թափեց բոլորիս փրկելու համար։ Երախտապարտ, բարի, ներող և համերաշխ ապրող անձ դառնանք յուրաքանչյուրս։ Աստծո օրհնությունը ձեզ և ձեր հարազատներին, հիվանդներին, ծերերին և բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Եկեղեցի գալ, սակայն հոգով կարող էին միանալ և մեր աղոթքներին մասնակից լինել։ Կրկին ու կրկին իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Տեր Անտոնին, հուսամ, որ այս առաջնորդությամբ նա կդառնա իսկական, բարի հովիվը ձեր այս հոտի։ Աստծո օրհնությունը ձեզ բոլորիդ»։

     

    Տեղեկությունները տրամադրեց՝

    Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը

     

    Նաիրա Բաղդասարյան

    Տ. Հովսեփ Գալստյան

     

Օրացույց

Օրացույց