Կաթողիկոս Պատրիարքը նաև ստանձնեց Վրաստանի Կարիտասի նախագահությունը
2021թ. դեկտեմբերի 2-ին Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը ներկա գտնվեց Կարիտաս Վրաստանի տարեկան ժողովին, որի ընթացքում նաև, որպես դեռևս Վրաստանի հայ կաթողիկէների Առաջնորդ, ստանձնեց Վրաստանի Կարիտասի նախագահությունը: Վրաստանում ապրող երեք ծիսական պատկանելության կաթողիկէ համայնքների՝ հայերի, լատինածես վրացիների և Քաղդեական Եկեղեցու առաջնորդների ընդհանուր համաձայնությամբ Վրաստանի Կարիտասի նախագահությունը ռոտացիոն սկզբունքով ստանձնում են հաջորդաբար երեք ծեսերի առաջնորդները՝ երկու տարի նախագահության ժամկետով: Սա հայ կաթողիկէների առաջնորդի երկրորդ նախագահության շրջանն է, որը կտևի 2022թ. հունվարից 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ: Առաջին անգամ հայ կաթողիկէների առաջնորդը Վրաստանի Կարիտասի նախագահությունը վարել էր 2016-2017թթ.: Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրեն տկն. Անահիտ Մխոյանի փոխանցմամբ, վերջին երկու տարում Վրաստանի նախագահությունը վարել է լատինածես կաթողիկէների Առաջնորդ Եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոն, իսկ հայ կաթողիկէների առաջնորդին 2024-ին կփոխարինի քաղեդացի կամ ասորի կաթողիկէների Առաջնորդը, որ ներկայում Քորեպիսկոպոս Բենիամին Բեթ-Յադեգարն է:
Վրաստանի Կարիտասի համացանցային կայքում, որ ունի նաև հայերեն բաժին, կազմակերպության մասին գրված է հետևյալը.
«Վրաստանի Կարիտաս» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1994 թվականի նոյեմբերի 3-ին Կաթողիկէ Եկեղեցու կողմից։ Կազմակերպությունը սպասարկում է Վրաստանի կարիքավոր բնակչությանը, նպաստում է բարեգործությանն ու արդարությանը երկրում։
Իր հիմնադրման օրվանից ի վեր Վրաստանի Կարիտասը բազմաթիվ ծրագրեր է ձեռնարկել՝ օգնելու աղքատության շեմից ցածր գտնվող ամենախոցելի մարդկանց՝ միայնակներին, անօգնական տարեցներին, որբերին և անօթևան երեխաներին, հիվանդներին, սոցիալապես անապահով բոլոր անձանց՝ անկախ նրանց ազգությունից, սեռից և կրոնից։
Վրաստանի Կարիտասը իր նպատակներին հասնելու համար իրականացնում է հետևյալ ծրագրերը.
Երեխաների և երիտասարդների պաշտպանություն և զարգացում
Առողջապահություն
Սոցիալական խնամք
Համայնքների և մարդկանց կայուն զարգացում
Ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության ծրագիր
Արտակարգ իրավիճակների արձագանք:
Տեղեկությունները տրամադրեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը