• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի այցելությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին

    Պաշտոնական այցելություններ


    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցելություն է տվել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոսին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և նշել.

     

    «Հոգևոր հայր,

    Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, այս անգամ՝ նոր կարգավիճակով, և ուզում եմ նախևառաջ շնորհավորել Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ ընտրվելու առիթով: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Կաթողիկե եկեղեցու գործունեությունը մեր ժողովրդի ինքնության պահպանման և զարգացման գործում: Հանրահայտ է այն անուրանալի ներդրումը, որ արել են Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները Մխիթարյան միաբանությունում, Զմմառի միաբանությունում և այդպես շարունակ:

    Շատ ուրախ եմ, որ Դուք ընտրվել եք Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ՝ հաշվի առնելով, որ Դուք վերջին 10 տարում, ըստ էության, գործունեություն եք ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, ղեկավարելով Հայ Կաթողիկե եկեղեցու ավելի մեծ թեմ, բայց Ձեր հիմնական նստավայրը եղել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ Դուք ավելի լավ եք տեղյակ Հայաստանի խնդիրներին, նրբություններին, առանձնահատկություններին: Կարծում եմ, որ Ձեր ընտրությունն այդ առումով ավելի կնպաստի մեր հետագա համագործակցությանը և այն առավել արդյունավետ դարձնելուն»:

    Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսն իր խոսքում նշել է.

    «Պարոն վարչապետ,

    Շատ շնորհակալ եմ Ձեր ազնիվ արտահայտությունների և զգացմունքների համար, և ես խորապես զգացված եմ նախևառաջ, որ Դուք առաջինն էիք, նույնիսկ կաթոլիկներից առաջ, որ շնորհավորեցիք ինձ այս նոր պաշտոնում ընտրվելու առիթով: Սրտիս մեջ պահում եմ, որ, ի վերջո, նկատվում եմ որպես ազգիս հարազատ զավակ՝ Ձեր մեջբերումով, և վստահ եղեք՝ այս բոլոր զոհողությունները, որ կրում եք, մեր սրտի մեջ են: Մենք այլ բան չունենք անելու, քան Ձեզ աղոթքի մեջ հիշելը՝ հատուկ կերպով, որպեսզի ամենաբարի Աստված իսկապես կարողանա Ձեզ նեցուկ, պահապան լինել և առաջնորդի Ձեզ դեպի լավ, խաղաղ ափեր: Դա մեր ցանկությունն է, մեր հարազատ զգացմունքներն են Ձեր հանդեպ և նաև մեր հայրենիքի հանդեպ»:

     

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման շուրջ, կարևորել աշխարհիկ և հոգևոր իշխանության համագործակցությունն այս ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է՝ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր ունի մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում, և ՀՀ կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել այդ գործին:

     

     

    Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է հյուրընկալել Ամեն. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոսին: Շնորհավորելով հոգեւոր Տիրոջը՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մեջ:

    Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգեւոր, կրթական եւ հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

    Հոգեւոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին եւ Ազգային ժողովին  մաղթելով արդյունավետ գործունեություն:

    Կաթողիկոս Պատրիարքը հանդիպել է նաև ՀՀ Արտաքին Գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։

    Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։

     

    Աղբյուրներ՝

    ՀՀ Վարչապետի կայք,

    ՀՀ Ազգային Ժողովի կայք,

    ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայք

Օրացույց

Օրացույց