• Սուրբ Աթոռի պետքարտուղարի տեղակալը Սբ. Պատարագ մատուցեց Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետության մեջ՝ ներկայությամբ Կաթողիկոս Պատրիարքի

    «Շատ ուրախ եմ, որ ձեզ հետ միասին այսօր Սուրբ Պատարագ ենք մատուցում և զգում եմ ձեզ հետ մեկ ընտանիքում»


    Հոկտեմբերի 28-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատռան մեջ Սուրբ Պատարագ մատուցեց Սուրբ Աթոռի Պետքարտուղարի Ընդհանուր հարցերով տեղակալ Արքեպս. Էդգար Պենյա Պարան՝ ներկայությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի, Հայաստանում Պապական Նվիրակ Արքեպս. Ժոզե Բեթթենկուրի, Սուրբ Աթոռի այլ պաշտոնյաների, հայ կաթողիկէ հոգևորականների, Անարատ Հղության և Գթության քույրերի, հավատացյալ ժողովրդի:

     

    Արքեպս. Պենյա Պարան, որ Հայաստան էր եկել Երևանում Առաքելական Նվիրակության գրասենյակի բացման առիթով, իր քարոզի մեջ ասաց հետևյալը.

     

    «Հոգևոր Տեր, սիրելի Սրբազան Առաքելական Նվիրակ, սիրելի առաքինազարդ քույրեր, սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

    շատ ուրախ եմ՝ այսօր երեկոյան ձեզ հետ միասին պատարագ մատուցելու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հոգևոր Տիրոջը՝ հյուրընկալության, մասնակցության և Սրբազան Քահանայապետի եղբայրական խոսքը տեղ հասցնելու ու միասնական լինելու համար: Հոգևոր Տիրոջն անձամբ իմ խոսքն եմ ուղղում. «Շնորհավորում եմ գահակալության առթիվ, Կիլիկիո Կաթողիկոս Պատրիարք դառնալու կապակցությամբ»: Այն պատասխանատվությունը, որ Հոգևոր Տերը կրում է, շատ դժվար է և դյուրին չէ: Սակայն շատ լավ գիտենք, որ եթե Քրիստոսով է այդ ամենը արվում, ապա շատ ավելի դյուրին կլինի: Ե՛վ Քրիստոսով և՛ Քրիստոսի հետևորդներով, հատկապես, Սբ. Պետրոս գլխավորությամբ, մենք մեկ Եկեղեցի լինելով՝ մեզ ավելի վստահ և փրկված ենք զգում: Շատ կարճ ժամանակահատվածով, որ եկա և շատ կարևոր գործունեությունը, որ ծավալում եք հիմա՝ այս երկու օրերին, շատ ուրախ եմ, որ ձեզ հետ միասին այսօր այդ ամենը փակում ենք՝ Սուրբ Պատարագ մատուցելով և ձեզ հետ մեկ ընտանիք զգալով: Այս հասարակությունը՝ Հայ Կաթողիկէ հասարակությունը, կողք կողքի ապրելով Հայ Առաքելական հասարակության հետ, իր տուրքն է մատուցում, իր առաքելական գործունեությունն է ծավալում Հայաստանում: Ինչպես այսօր լսեցինք Ավետարանում, սիրելիներս, բոլորս էլ հրավիրված ենք տանելու Քրիստոսի խոսքը՝ որպես Աստծո գրկախառնում, որպես խաղաղության Աստված, այդ ողջույնի խոսքը բոլոր նրանց, ովքեր մեզ կհանդիպեն: Բոլորս էլ առանց բացառության, պետք է ինքներս մեզ զգանք որպես հրավիրվածներ: Սա է այն առաքելությունը, սիրելինե՛րս, որ յուրաքանչյուր մկրտված իր մեջ կրում է՝ որպես պատասխանատվություն տանելու Քրիստոսի խոսքը բոլոր ազգերին, բոլոր մարդկանց՝ առանց որևէ բացառության: Այսօրվա նամակում Պողոս առաքյալը բոլորիս հիշեցնում է, որ մենք պանդուխտներ չենք, ոչ էլ հյուրեր, այլ՝ համաքաղաքացիներ Քրիստոսի: Սիրելինե՛րս, ուստի հիշենք այսօրվա Պողոս առաքյալի թուղթը և վերանայենք մեզ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցուն, Հայ Կաթողիկէ համայնքին, որ այս երկրում ոչ թե որպես հյուր ենք կամ օտար, այլ ներգրավված ենք մեկ ընտանիքի նման: Այս վայրում, որտեղ Նոյը Արարատ լեռից իջնելով, իր առաջին ուխտը կատարելով, մեկ ընտանիք լինելով, կարծես ունի այն առաքելությունը, որ բոլորս ի վերջո գնանք դեպի Հայրը. դա մեր պատասխանատվությունն է: Եվ մենք, սիրելիներս, որպես առաջին ազգ, որ պետականորեն ընդունեցինք քրիստոնեությունը, դառնում ենք այս ամենի անդրանիկ զավակը: Ուստի լինե՛նք գլխավոր դերակատարները: Մենք էլ մեր դերակատարությունն ունենանք այս դժվար պահին, թե քաղաքական և թե հասարակական գործունեության մեջ: Լինել դերակատարներ՝ նշանակում է, որ մենք լինենք այնտեղ, որտեղ յուրաքանչյուր գործ ձեռնարկվում է բարին տարածելու համար: Լինելով զավակները մի երկրի, որ է՛լ ավելի է առողջանում: Ինչպես Սրբազան Քահանայապետն է մեզ հիշեցնում՝ բոլոր քրիստոնյաները հրավիրված են թիմային կյանքի՝ հեռու լինելով եսասիրական նկրտումներից, որպեսզի կարողանանք բոլորին՝ մարդկությանը, աշխարհին, նվիրել Հիսուսի Սուրբ Սրտին, պատրաստելով մի նոր էջի: Իմ այցի ժամանակ՝ այս երկու օրերին, ես ծանոթ լինելով ձեր պատմությանը և գործունեությանը, շատ ուրախ եմ՝ հասկանալով, թե ինչ է արվում որպես համայնք, որ Քրիստոսի սերը, Աստծո քնքշությունը տարբեր միջոցառումներով հասցվում է բոլոր կարիքավորներին՝ ինչպես ասում է Սրբազան Քահանայապետը, կպնելով, հպվելով Քրիստոսի ցավող մարմնին: Շնորհակալություն ենք հայտնում այն գործունեության համար, որ ծավալում են Մայր Թերեզայի քույրերը, ովքեր այստեղ են: Իրենց մոտ պահելով բոլոր նրանց, ովքեր ավելի կարիքավոր են, նաև պատանիներին: Շնորհակալ ենք նաև Կամիլյան միաբանության հայրերին, ովքեր հիմա Աշոցքի հիվանդանոցում են իրենց գործունեությունը ծավալում: Այս հիվանդանոցի հիմնադրման 30-ամյակը նշեցին մի քանի օր առաջ. Հիվանդանոց, որը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո, Սուրբ Հովհաննես Պողոս II Քահանայապետի ցանկությամբ: Շնորհակալությու՛ն նաև այն բոլոր կենտրոնների համար, որ Հայկական Կարիտասն ունի տարբեր քաղաքներում, շրջաններում և իր գործունեությունն է ծավալում կարիքավորների համար: Շնորհակալություն նա՛և Մխիթարյան հայրերի կրթական գործունեության համար, Անարատ Հղության քույրերին՝ լռակյաց աշխատանքի համար, նաև բոլոր հոգևոր հայրերին: Մեծ, անկեղծ շնորհակալություն Հոգևոր Տիրոջը և բոլոր նրանց, ովքեր ի ծառայություն, ի սպասավորություն ազգի ներգրավված են այս ամենում: Նվիրակի նստավայրը, որ երկու օր առաջ բացվեց Երևանի սրտում, թող լինի որպես հյուրըկալ կենտրոն՝ բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն ի բարօրություն Քրիստոսի Եկեղեցու, ի սպասավորություն Հայ ազգի: Ինչպես Հռումում, այնպես էլ Երևանում Սրբազան Քահանայապետի տանը բոլորս մեզ զգանք համաքաղաքացիներ: Փափագս ու աղոթքս է, որպեսզի մենք մի օր կարողանանք ծավալվել և ավելի մեծ տեղ ունենալ քաղաքում, որ այդ կենտրոնն իր մշակութային և հոգևոր առումներով լինի բոլոր նրանց ընտանիքը, ովքեր այստեղ են, լինեն նրանք ուսանողներ, դեսպաններ, տարբեր պաշտոնների անձինք, ովքեր ցանկանում են Քրիստոսին գտնել իրենց իսկ ծիսակատարությամբ: Այս Պատարագը մատուցում ենք յուրաքանչյուրիդ նպատակների համար, հատկապես, տառապողների համար: Մեր աղերսանքները նվիրենք Աստվածամորը, Ով լավագույն ձևով կներկայացնի Քրիստոսին, որպեսզի կարողանանք ունել մաքուր, ճշմարիտ ճանապարհ դեպի Քրիստոսը»:

     

    Սուրբ Պատարագի ավարտին Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն իր խոսքն ուղղեց Արքեսպ. Պենյա Պարային և ներկաներին.

    «Ինձ համար երջանկություն է գտնվել ձեզ հետ, ձեզ հյուրընկալել Քրիստոսի տան մեջ, մեր հասարակության մեջ: Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր շնորհակալությունների համար, բոլոր հաստատությունների համար, որոնք մեր եպիսկոպոսը հիշեց, հատկապես, Կաթողիկէ Եկեղեցու գործունեության մասին՝ եղբայրասիրական յուրաքանչյուր առաքելության մեջ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին Առաքելական Նվիրակի նստավայրի բացակայության ժամանակ կարողացել է ամեն ինչ անել՝ այդ բացը լրացնելու համար: Բայց քանի որ արդեն Առաքելական Նվիրակի, այսպես ասած, Հռոմի Սրբազան Քահանայապետի տունը կա Երևանում, կարելի է ասել, որ մենք այդ տանը ամեն ինչ կարող ենք գտնել, ինչը վերաբերում է Քրիստոսի սիրուն և եղբայրական գործունեությանը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր սիրելի եպիսկոպոսին, որովհետև այն ամենը ինչ այս տարիներին արել է, եղել է ամբողջովին պարզ և տեսանելի: Ուստի, ինչը մեզ հիմա պակասում է, դա ձեր վերջնական օրհնությունն է, որպեսզի մենք մեզ լիովին զգանք որպես մեկ ընտանիք՝ այս գեղեցիկ Հայ Կաթողիկէ հասարակության մեջ»:

     

    Սուրբ Պատարագից հետո ներկաները վայելեցին Տիրամայր Հայաստանի երգչախմբի հոգեպարար ելույթները՝ Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ:

     

    Նաիրա Բաղդասարյան

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց