• Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Հայաստան

    «Երկար կյանք տու՜ր Հայրապետին»


    Հոկտեմբերի 14-ին Հայաստան ժամանեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ը: Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում Հոգևոր Տիրոջը ցնծությամբ և շնորհավորանքներով դիմավորեցին Հայաստանի համայնքներում ծառայող հոգևորականները, ապա առաջնորդարանի Զմմառի Տիրամայր մատռան մեջ միասին երգեցին «Հրաշափառ» շարականը, ապա կատարեցին «Կարգ մաղթանաց վասն Հայրապետին», որից հետո երգեցին «Կեցո՛ զորդի» շարականը: «Հայր մեր» տերունական աղոթքից հետո Հոգևոր Տերը հայրական խոսքով դիմեց հոգևորականներին և շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների և աղոթքների համար: Ապա ասաց հետևյալը.

     

    «Պատրիարքի կոչումը իմ քահանայական ծառայության շարունակությունն է, բոլորս հավասար ենք քահանայության մեջ և Սուրբ Հաղորդության առջև: Վստահ եղեք, որ ձեզ հետ եմ և միասին շարունակելու ենք մեր ծառայությունը: Կարևոր է, որ մնաք միշտ եղբայրասեր, միշտ զիջող՝ ըստ սաղմոսի խոսքի, թե ի՜նչ գեղեցիկ է և ի՜նչ վայելուչ, որ եղբայրները միասին են»:

     

    Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը ներկա հոգևորականների անունից խոսեց և շնորհավորեց նորընտիր Պատրիարք Կաթողիկոսին և ասաց.

     

    «Մենք երկար տարիներ միասին ենք աշխատել: Կարող եմ ասել, որ Դուք միշտ եղել եք մեզ համար սիրո և հավատքի տիպար, սիրո առաքյալ: Այսօր որ այս պաշտոնը հանձն առաք, լիահույս և վստահ ենք, որ պետք է մնաք միշտ այդ սիրո առաքյալը, տարածեք սեր մեր համայնքներում և մեր հոգևոր եղբայրերի մեջ և ամրապնդեք մեր հավատքը՝ Պետրոս առաքյալի նման»:

     

    Աղոթքից և մաղթանքներից հետո հոգևորականները՝ Հոգևոր Տիրոջ հետ միասին հավաքվեցին սիրո ճաշի սեղանի շուրջ: Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը շեշտեց, որ պատմական աննախադեպ իրադարձություն է այն, որ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք ընտրվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդը և մաղթեց, որ Աստված քաջառողություն և լիառատ շնորհներ տա Հայրապետին՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցին հովվելու և առաջնորդելու համար:

     

    Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը Հայաստանում կլինի ևս մի քանի օր: Հոկտեմբերի 16-ին նա Սուրբ Պատարագ կմատուցի Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում, որը տոնում է իր հիմնադրման 30-ամյա հոբելյանը: Իսկ Հոկտեմբերի 24-ին Բեյրութում՝ Զմմառի դարավոր մայրավանքում տեղի կունենա նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

Օրացույց

Օրացույց