• Հռոմում տեղի կունենա միջկրոնական համաժողով, որին կմասնակցի նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

    «Միասին վերսկսենք»


    2021թ․ հոկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 8-ին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, նախքան Պողոս Զ անվան դահլիճում  չորեքշաբթի օրվա հրապարակային ունկնդրությունը գլխավորելը, Պողոս Զ անվան դահլիճի գրասենյակում հյուրընկալեց Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու նրան ընկերակցող պատվիրակությանը։ Այնուհետև հանդիպում ունեցավ Կ. Պոլսո Պատրիարք Գերերջանիկ Սահակ Բ. և Մոսկվայի Պատրիարքության արտաքին հարաբերությունների բաժանմունքի նախագահ Մետրոպոլիտ Իլարիոն Ալֆեևի հետ։

     

    Սրբազան Քահանայապետը Պողոս Զ անվան փոքրիկ սրահում հանդիպեց Մարդկային Եղբայրության բարձրագոյն հանձնաժողովի «Զայտ» մրցանակի դատակազմի անդամների հետ, որից հետո նախագահեց չորեքշաբթի օրվա հրապարակային ունկնդրությունը։

     

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել է Հռոմ, որպեսզի մասնակցի «Սանտ Էջիդիո» հասարակության նախաձեռնությամբ հոկտեմբերի 6 և 7 կազմակերպված «Եղբայր ժողովուրդներ, ապագա երկիր. կրոններ և մշակույթներ՝ երկխոսության մեջ» բնաբանով խաղաղության համար աղոթքի միջազգային հանդիպմանը, որի եզրափակիչ արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 7-ին՝ հետմիջօրեին, Հռոմի աշխարհահռչակ «Կոլեզիում» ամֆիթատրոնի տարածքում ՝ Նորին Սրբության գլխավորությամբ, օրվա խորհրդածության թեման պետք է ներկայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ը։

     

     

    Հանուն խաղաղության և երկխոսության այս 35-րդ միջազգային հավաքը «Ասսիզիի հոգու» մի մասն է, որը սկիզբ է առել Ասսիզիի սրբավայրում՝ Սուրբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի կամքով, 1986թ․ խաղաղության համար կայացած միջկրոնական հանդիպման առթիվ, որի ղեկը այժմ գտնվում է «Սանտ Էջիդիո»  հասարակության ձեռքերում։

     

    Սրբազան Քահանայապետն այս տարվա հավաքին կանդրադառնա երկու կարևոր շրջաբերականներին՝ մարդկային եղբայրությանն և ընկերային բարեկամության թեմաներին՝ նվիրված «Fratelli tutti» և բնապահպանության նվիրված «Գովեմ զՔեզ» շրջաբերականներին։

     

    Միջկրոնական, միջմշակութային այս համաժողովի բացումը նախատեսված է հոկտեմբերի 6 երեկոյան՝ Հռոմի «La Nuvola» համաժողովների կենտրոնում։ Բացման արարողության ընդհանուր նյութն է «Միասին վերսկսենք»։ Այնուհետև համաժողովը կշարունակի իր աշխատանքները՝ հիմք ընդունելով հետևյալ չորս կարևոր նյութերը. «Վերահայտնաբերել «մենքը»», «Համընդհանուր տան խնամքը», «Խաղաղությունը հնարավո՞ր է» և «Ապագան, որը փափագում ենք»։

     

    Հայտնենք, որ առաջին նիստում՝ «Վերահայտնաբերել «մենքը»», բացի Ամենայն Հայոց Կաթողիկոսից, բանախոսների թվում է նաև ամերիկահայ գիտնական, «Moderna» ընկերության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

     

    Վատիկան Նյուզ,

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930