Արդյո՞ք դու պատրաստ ես
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է այս տարվա հոկտեմբեր ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբության ուղերձի թեման է՝ «Աշակերտներ-միսիոներներ»: Այն կապված է սինոդական ճանապարհի հետ, որով Եկեղեցին կքայլի 2021թ. հոկտեմբերից մինչև 2023թ. հոկտեմբերը:
Նորին Սրբությունը խոսում է քրիստոնյաների համընդհանուր կոչման մասին՝ լինել Տիրոջ հուսալի վկաները, ովքեր իրենց հոգևոր փորձառությունը կիսում են մերձավորների հետ.
«Հիսուս խնդրում է մեզ բոլորիս՝ քեզ նույնպես, լինել աշակերտ-միսիոներ: Արդյո՞ք դու պատրաստ ես: Դրա համար բավական է միայն պատրաստ լինել Նրա կոչին և առօրյա կյանքում ապրել միասնության մեջ Տիրոջ հետ՝ աշխատանքում, ուրիշների հետ հանդիպելիս, ամենօրյա արարքներում, առօրյա գործերում միշտ առաջնորդվել Սուրբ Հոգով: Եթե դու Քրիստոսով ես առաջնորդվում, մյուսները հեշտությամբ դա կհասկանան: Կյանքի քո վկայությունը հիացմունք կառաջացնի և կստիպի մյուսներին տալ հետևյալ հարցը. «Ինչպե՞ս է դա հնարավոր» կամ «որտեղի՞ց այդ մարդուն այդքան սեր, բարություն, լավ տրամադրություն՝ բոլորի հանդեպ»: Եկե՛ք հիշենք, որ առաքելությունը հավատորսություն չէ, քանզի հիմնված է այն մարդկանց վկայությունների վրա, ովքեր ասում են. «Ես գիտեմ Հիսուսին և ցանկանում եմ, որ դու նույնպես ծանոթանաս Նրա հետ»: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք աղոթենք, որ ամեն մի մկրտյալ ներգրավված լինի ավետարանացման մեջ և պատրաստ առաքելության՝ իր կյանքի վկայության միջոցով: Թո՛ղ կյանքի այդ վկայությունը Ավետարանի համն ունենա»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան