• Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսի Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Բ-ը շնորհավորեց նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

    «Մենք աղոթակից ենք Ձեզ՝ նկատի ունենալով համայն մարդկության բարօրությունը և հատկապես մեր եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացումն ու արդյունավետությունը»


    Ամեն. Տ. Սահակ Բ Պատրիարք Հայրը 2021թ. սեպտեմբերի 27-ին շնորհավորական հետևյալ պատգամն ուղարկեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Նորին Գերերջանկություն Ռաֆայել Պետրոս ԻԱ-ին.

     

    «Գերերջանիկ Տեր,

     

    Ուրախությամբ տեղեկացանք, որ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինհոդոսը Ձեզ ընտրեց Պատրիարքության Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աթոռ Կաթողիկոս։

     

    Հայ Կաթողիկէ հոգևորականների և հավատացյալ ժողովրդի մխիթարությունն է Ձերդ Գերերջանկության ընտրությունը, Կաթողիկոս Պատրիարքության Աթոռից սգո քողի վերացումը։

     

    Ներկա ժամանակներում ականատես եք եղել աշխարհում պատահած և հասարակության առօրյա խաղաղ կյանքի ընթացքը խանգարող զանազան դեպքերի, որոնք ընդգրկում են համայն մարդկությունը։ Եկեղեցիները միջեկեղեցական բարի ընթացքով աղոթում են առ Աստված՝ վկայելով քրիստոնեական եղբայրության մասին:

     

    Մենք, լինելով նույն ազգի զավակները, մեր կատարած ուխտի համաձայն՝ հավատարմությամբ ծառայում ենք հանուն հոգևոր շինության և մխիթարության՝ մեր հոգևոր խնամքին հանձնված հավատացյալների համար։ Այս առումով մենք աղոթակից ենք Ձեզ՝ նկատի ունենալով համայն մարդկության բարօրությունը և հատկապես մեր եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացումն ու արդյունավետությունը:

     

    Հանուն Պատրիարքական Աթոռի, Պատկ. Կրոնական Ժողովի, Հոգևորական դասի, հավատացյալ ժողովուրդի գալիս ենք սրտագին շնորհավորելու Ձերդ Գերերջանիկ Տիրոջը՝ մաղթելով քաջառողջ կյանք և հաջողություն Ձեր ստանձնած պատասխանատու առաքելության մեջ։ Ձերդ Գերերջանիկ Տիրոջ անձի միջոցով շնորհավորում ենք նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորական դասին՝ մաղթելով բոլորին հաջողություն և կարողություն իրենց աստվածահաճո առաքելության մեջ»։

Օրացույց

Օրացույց