• Մէկօրեայ երիտասարդական բակային ճամբար՝ Փանիկում

    «Ով չի կարդացել Աստուածաշունչը, նա չի կարող
    իսկական իմաստով գրագէտ մարդ կոչուել» Պարույր Սեւակ


    Երկուշաբթի, 20 Սեպտեմբեր, 2021 թուական. Սրբոյն Մամասայ եւ Փիլիկտիմոնի եւ Սիմէոնի Սիւնակացիի յիշատակութեան օր․ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ մէկօրեայ երիտասարդական բակային ճամբար։

    Հանդիպումը սկիզբ առաւ Սուրբ եւ Անմահ պատարագով, ձեռամբ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի։

    Սուրբ Պատարագի քարոզի ընթացքում իր հայրական խօսքն ասաց Գերյ. Հայր Սուրբը․ «Սիրելի երիտասարդնե՛ր,Ղուկաս աւետարանիչը յիշեցնում է մէզ Քրիստոսի հետեւեալ խօսքերը. «Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ պիտի ձեռք դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի ձեզ մատնեն եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի առիթ լինի վկայութեան» (Ղուկ. 21, 12-13):

     

    Այսօր, սիրելիներս, Քրիստոս հրաւիրում է մեզ կենդանի վկաները լինելու այս տառապող եւ Աստծուց հեռացած աշխարհի մէջ․ այս մարտահրավերը պէտք է հաւատքով եւ սիրով ընդունենք: «Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները» (Ղուկ. 21, 18-19):

     

    Սուրբ պատարագին յաջորդեց սուրճի ընդմիջումը, որից յետոյ՝ լսարանի շենքում Գերհարգելի Վարդապետի բանախութիւնը նուիրուած էր «Աստուծաշունչը եւ Երիտասարդութիւնը» թեմային:

     

    «Սուրբ Գրիգոր Սքանչելագործը ասում է․ «Սուրբ մարգարեների եւ առաքեալների լեզուով մեզ հետ խօսում է Տէրը»․եւ ապա,  Պօղոս առաքեալը  Տիմոթէոսի Բ նամակի մէջ է գրում․ «Աստուծոյ շնչով գրուած ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» (Բ Տիմ․3:16): Ոստի, սիրելի՛ երտասարդներ, խրախուսում եմ ձեզ նախ եւ առաջ ձեռք բերել Աստուածաշունչը եւ այն ընթերցէք եւ ինչպես քաջալերում է մեզ Իսահակ Ասորին ասելով․ «Թող քո ընթերցանութիւնը լինի անխռով խաղաղութեան մէջ»։ Երիտասարդնե՛ր, փորձեք իւրաքանչիւր օր գոնէ քառորդ ժամ մեր Տեր Յիսուս Քրիստոսի համար ժամանակ տրամադրել․ իւրաքանչիւր օր ունի 96 քառորդ ժամ (15 րոպէ), դրանից մէկը տրամադրեք Աստուածաշունչին՝ Աստուծոյ Խօսքին, որովհետեւ, Աստուածաշունչը բոլոր ժամանակների համար է, Աստուծոյ Խօսքը չի հնանում․ Յիսուս Քրիստոսը անձամբ ասում է․ «Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնի» (Մարկ․13.31)։

     

    Բանախօսութիւնից յետոյ տեղի ունեցաւ հետաքրքիր խմբային քննարկումներ եւ կազմակերպուին զանազան  խաղեր երիտասարդների համար:

    Օրուայ աւարտին երիտասարդները Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի հետ մեկնեցին միջնադարյան վանական համալիր համարւող Հառիճի վանք, ուր միասիրտ եւ միահոգի իրենց աղօթքը բարձրացրեցին առ Աստուած՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան  30 ամեակի առթիւ, հայցելով խաղաղութիւն մեր սահմաններին, բարգաւաճում մեր սիրելի երկրին, սէր եւ համերաշխութիւն միմեանց Հանդէպ։

    Յաւէրժ Փառք ազգիս հայոց անմահ զինւորներին։

    Կեցցէ՛ Անկախ Հայաստանը:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց