• «Սուրբ Հաղորդությունը կենտրոնական, կենսական, էական իրողություն է մեր ազգի և մեր եկեղեցու համար». Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հարցազրույցը

    «Սուրբ Հաղորդությունը՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը մեր ազգային կենտրոնական հավատքն է»


    2021թ. սեպտեմբերի 5-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվել է  Սուրբ Հաղորդության 52-րդ միջազգային գիտաժողովը, որին իր մասնակցությունն է բերել նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների առաջնորդ Արհ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, ուղեկցությամբ Արժ. Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի, նաև Պոլսի Հայ Կաթողիկէ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան Եկեղեցու ժողովրդապետ` Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանի, ով ներկայացուցիչն է Թուրքիայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանի։

     

    Վերոնշյալ գիտաժողովն ունի համամիութենական բնույթ՝ մասնակցում են ոչ միայն Կաթողիկէ, այլև՝ տարբեր քույր եկեղեցիների ներկայացուցիչներ: Գիտաժողովի փակումը կատարելու է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ սեպտեմբերի 12-ին, Բուդապեշտի «Հերոսների» հրապարակում մատուցանելիք Սուրբ Պատարագով։

     

    Սուրբ Հաղորդության 52-րդ միջազգային գիտաժողովի առիթով սեպտեմբերի 7-ին երեկոյեան ժամը 17-ին Բուդապեշտի Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ Եկեղեցում նախատեսված է հայածես Սուրբ Պատարագ, որ պիտի մատուցի Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը՝ առընթերակայութեամբ Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանի և Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի։

     

    Հունգարիա չմեկնած՝ Արհ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը այցելեց Ռադիո Վատիկան – Վատիկան Նյուզի հայկական բաժնի խմբագրություն ու օգտվելով նման առիթից՝ հարցազրույց ունեցանք  նրա հետ, որի ընթացքում նա մեզ փոխանցեց Սուրբ Հաղորդության գիտաժողովի կարևորությունը և խոսեց Հիսուսի Մարմնի ու Արյան կենտրոնականության մասին՝ Հայ Եկեղեցու ավանդության մեջ։

     

    Ձեզ ենք ներկայացնում Վատիկան Նյուզի հայկական բաժնի հարցազրույցը՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հետ.

     

    –  Ձեզ հետ ցանկանում ենք զրուցել Հունգարիայում կայանալիք Սուրբ Հաղորդության 52-րդ միջազգային Աստվածաբանական համագումարի մասին, որին դուք պետք է մասնակցեք և ելույթ, զեկույց ունենաք: Կարո՞ղ եք ներկայացնել այս Աստվածաբանական համագումարը:

     

    -Մենք մաս ենք կազմում Արևելյան Եվրոպայի եպիսկոպոսական համաժողովներին: Այս տարի այնպես պատահեց, որ միաժամանակ Սուրբ Հաղորդության համաշխարհային ներկայացման առիթով է տեղի ունենում այս համաժողովը՝ Արևելյան Եկեղեցիների եպիսկոպոսների միջև: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ներկայացնել իր ժողովրդի, իր ազգի Սուրբ Հաղորդության մասին ըմբռնումը, հասկացողությունը և նաև ապրումը: Մեր Եկեղեցին ի սկզբանէ Քրիստոսակենտրոն Եկեղեցի է: Քրիստոսի անվան, կյանքի, ավետարանի և քարոզության վրա է կենտրոնացած: Ընդհանրապես, Սուրբ Հաղորդությունը ունեցել է կենտրոնական կարևորոթյուն՝ հայ ժողովրդի կյանքում: Որպես պարզ օրինակ բերեմ այն, որ 301թ., երբ մենք ընդունեցինք քրիստոնեությունը, հարյուր տարի հետո՝ 451թ. Վարդանանց պատերազմի ժամանակ զորքը, կղերականությունը, թագավորները, բոլորը հավաքվեցին Սուրբ Պատարագի, բոլորն էլ հաղորդվեցին և գնացին վկայելու իրենց քրիստոնեական ինքնության մասին: Տարիներ ի վեր շարունակվում է այս ժողովրդի հալածանքը և մենք ունեցանք մեծ եղեռնը, մեծ ջարդը: Որպես օրինակ եմ բերում Մալոյան Եպիսկոպոսին, երբ իր բոլոր ընկերներով շրջապատված է լինում և իրեն հարցնում են, թե որն է իր վերջին ցանկությունը, նա խնդրում է, որ աղոթի: Այդ աղոթքը դառնում է Պատարագ և նա Պատարագի Հաղորդությունը բաշխում է իր ընկերներին, և խնդրում, որ նախ իրենց սպանեն և վերջին սպանվողն ինքը լինի: Այս երկու օրինակները և դարերի ընթացքում մեր ժողովրդի ապրած օրինակները, փաստ է, որ Սուրբ Հաղորդությունը կենտրոնական, կենսական, էական իրողություն է մեր ազգային կյանքի, մեր հայ Եկեղեցու համար: Ես որպես հայ կաթողիկէ առաջնորդ և հայ կաթողիկէ համայնքի պատասխանատու, այսօր, ի հեճուկս ութսունից ավելի տարիների համայնավարության, կարող եմ ասել, որ այդ համայնավարոթյունը չկարողացավ խլել մեր հայ կաթողիկէ ժողովրդի քրիստոսակենտրոն հոգեբանությունը, ապրումը, էությունը: Երևակայե՛ք, որ երբ համայնավարությունը իշխում, տիրում էր հայ ժողովրդին, վարդապետներ կամ հոգևորականներ գոյություն չունեին, քանի որ սպանված էին կամ աքսորված, ժողովուրդը մենակ էր մնացել, ժողովուրդն էր պատարագում: Ճիշտ է, պետք է պատարագի միայն հոգևորականն իր ձեռնադրությամբ, քահանայական կոչումով, բայց ժողովուրդն էլ քահանայության մաս է՝ իր կնունքով: Եվ նրանք պատարագում էին, այսինքն պատարագն ամբողջությամբ կարդում էին՝ այդ հոգևոր հաղորդությունն ըմբոշխնելու համար: Այսպիսով, մեր ժողովուրդն իր  ինքնությունը պահեց մինչև հետհամայնավարությունը: Այսօր, երբ մենք հասարակության մեջ մոտենում ենք մեր ժողովրդին՝ հոգևոր ծառայության համար, երևակայե՛ք, որ չեն մոտենում հաղորդություն ստանալու, եթե խոստովանած կամ զղջացած չեն լինում անգամ իրենց ամենափոքր հանցանքը: Մահացու մեղքեր չեն, սակայն ամենաթեթև մեղքը, որ կատարել են, իրենք իրենց անարժան են համարում Սուրբ Հաղորդություն ստանալ: Սա նշանակում է, որ Սուրբ Հաղորդությունը, Քրիստոսի ներկայությունը իմ կյանքում, իմ մարմնում, որով ես հաղորդվում եմ,  էական մաս է, և այդ էականը պետք է մաքուր պահել:

     

    Այսինքն՝ սա ձեր փորձառությունն է, որպես առաջնորդ Հայաստանի, և ուրախ եմ, որ այսպիսի դրական փորձառություն կա մեր հայրենիքում: Սակայն գիտեք, որ, դժբախտաբար, մենք ապրում ենք նաև սփյուռքում, որտեղ ավելի համատարած տեսություն կա, և այսօր մեր եկեղեցիերում շատ քիչ մարդկանց ենք տեսնում, որ մոտենում են Սուրբ Հաղորդության, մասնակցում են Պատարագին, հատկապես նոր սերնդի մարդիկ, կարծես թե տեսակետով հեռացած լինեն այդ ավանդույթներից: Արդյո՞ք որն է այս իրողության պատճառը և ինչպե՞ս գտնել այս հարցի լուծումը:

     

    –  Նախևառաջ, երկու կետով արտահայտվեմ: Առաջինը, երբ մենք երեխա էինք, մեր տարեց ուսուցիչներն էին մեզ ասում հայոց հավատքի մասին, երբ մենք երիտասարդ էինք նույն տեսությունն ունեինք, որ քիչ են մոտենում Սուրբ Հաղորդության, և պատասխաններից մեկը, որը մինչ այսօր ինձ տպավորել է.

     

    ասացվածքը ասում է՝ «Հայի մաշկը երբ մի քիչ քերես  հավատքի առնչությամբ, քրիստոնեությունը անմիջապես քեզ ցույց կտա»: Սա՝ մեկ, երկրորդ՝ մենք իրավունք չունենք դատապարտելու կամ մեղադրելու մեր ներկայիս հասարակության մտայնությունը, կամ ապրումը, կամ մոտեցումը: Ես վստահ եմ, որ ամեն մի հայ անհատ ունի ճշմարիտ, խոր հավատք՝ Աստծո հանդեպ: Իսկ արտաքնապես դրսևորելու պակասը իր մեղքը չէ, դա մեր՝ հոգևորականներիս մեղքն է, քանի որ մեր դպրոցներում հոգևորականները բացակայում են: Մեր կրթական բոլոր կենտրոններում հոգևորականները դարձյալ բացակա են: Սա՛ է օրրանը, ինչպես որ մայրը կաթ է տալիս իր զավակին, որ մեծանա և կարողանա կարծր կերակուրը ծամել և մարսել, քանզի այդ օրրանը, այդ կաթը դպրոցներում և կրթական կենտրոններում է աճում: Եվ այստեղ մենք անելիք ունենք: Հեշտությամբ կարելի է լուծել այս հարցը, պետք է վերադառնալ, նույնիսկ եթե մեքենան հին է, հին մեքենային՝ այդ կաթը արտադրելու և սնուցանելու համար, որպեսզի մեր երեխաները որպես քրիստոնյա ապրեն ու հասկանան, թե ինչ է դա նշանակում և, որ Սուրբ Հաղորդությունը՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը մեր ազգային կենտրոնական հավատքն է:

     

    Ես ուրախ եմ, որ այս առիթով գտնվում եմ Հունգարիայում եմ: Մեր հայ հասարակությունը, բոլորը միասին հավաքվել են, որպեսզի ամսի 7-ին՝ ժամը 5-ին, խոսեն Պատարագի և Սուրբ Հաղորդության մասին: Մենք մեր հայ ժողովրդի հետ միասին՝ որպես մեկ ընտանիք և Քրիստոսի սիրուց մղված՝ կարողանանք ապրումը ունենալ, որպես վկայություն մեր բոլոր ասածների:

     

    Հարցազրույցը վարեց՝ Ռոբեր Ադդարյանը

    Ըստ Վատիկան Նյուզի հայկական բաժնի

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց