• Հայ կաթողիկէ եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ` նոր Պատրիարք ընտրելու համար

    Սինհոդոսը պետք է տեղի ունենա Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանում սեպտեմբերի 20-ից սկսած։


    «Միջին Արևելքի տարբեր քաղաքներում և աշխարհի տարբեր երկրների թեմերում ծառայող Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսները առաջիկա սեպտեմբերի 20-ին հրավիրվել են Հռոմ, որպեսզի ընտրեն  մայիսի 25-ին իր մահկանացուն կնքած երջանկահիշատակ Գրիգոր Պետրոսի Ի կաթողիկոս Պատրիարքի հաջորդին»։ Այս լուրը «Ֆիդես» լրատու գործակալությանը փոխանցել է  Հալեպի Հայ Կաթողիկէների առաջնորդ և Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց  Պատրիարքության թափուր աթոռի կառավարիչ՝ Արհիապատիվ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը։

     

    Սինհոդոսական նիստերը կկայանան Կարդինալ Լեոնարդո Սանտրիի գլխավորությամբ

     

    «Հունիսի 22-ին Լիբանանի Զմմառու մայրավանքում կայացած սինհոդոսի ժամանակ չկարողացան ընտրել Պատրիարք, քանի որ թեկնածուներից ոչ մէկը չկարողացավ հավաքել քվեների երկու երրորդը, ինչպես նախատեսված է Արևելյան Եկեղեցիների եկեղեցական կանոնադրության մեջ» հայտնեց գերապայծառ Միրիաթյանը՝ նշելով, որ, ըստ կանոնադրության, Պատրիարքի ընտրության հարցը Քահանայապետի ձեռքերում է, ում որոշման համաձայն հայ կաթողիկէ եպիսկոպոսները սեպտեմբերի 20-ին պիտի համախմբվեն Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանում, որտեղ երկօրյա հոգևոր կրթությունից հետո՝  սեպտեմբերի 22-ին, պիտի սկսվեն ընտրության նիստերը՝ Արևելյան Եկեղեցիների Ժողովի Կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանտրիի նախագահությամբ։

     

     

    Արևելյան Եկեղեցիների կանոնագրության համաձայն Պատրիարքի ընտրությունը

     

     

    Ինչ վերաբերում է պատրիարքների ընտրության ընթացակարգին, ապա Արևելյան եկեղեցիների կանոնադրության 72-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ սահմանված է, որ «կընտրվի նա, ով կստանա ձայների երկու երրորդը»: Նույն կանոնի երկրորդ պարբերությունը պարզաբանում է, որ «եթէ ընտրությունները չավարտվեն տասնհինգ օրվա ընթացքում, ապա հարցի լուծումը կհանձնվի Սրբազան Քահանայապետին»:

     

     

    Եթե Հայ կաթողիկէ ​​եկեղեցու ընտրական սինոդի ընթացքում նոր  փակուղի ի հայտ գա, ապա ընտրական ժողովի դրական արդյունքն ամեն դեպքում ապահովված կլինի, որովհետև որոշակի անհաջող քվեներից հետո կարելի է պատրիարք ընտրել այն թեկնածուին, ով կհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը (հիսուն գումարած մեկ): Եթե ​​ընտրական փակուղին շարունակվի, պատրիարք կընտրվի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների հարաբերական մեծամասնությունը: Իսկ, եթե քվեարկող եպիսկոպոսների ձայները հավասարապես կենտրոնանան երկու թեկնածուների վրա, ապա նրանցից Պատրիարք կդառնա նա, ով քահանայական ձեռնադրությամբ ամենաավագ եպիսկոպոսն է։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments