• Առանց Հիսուսի՝ Կենաց Հացի, մենք չենք ապրում, այլ անիմաստ գոյատևում ենք

    «Ե՛ս եմ կենաց հացը»


    Քաղցած մարդը չի խնդրում թանկարժեք ուտելիք, այլ՝ հաց, ուստի Հիսուսն իրեն բացահայտում է որպես կենաց հաց, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունում օգոստոսի 8-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ «առանց Հիսուսի՝ մենք չենք ապրում, այլ անիմաստ գոյատևում ենք, քանզի հենց Նա՛ է կերակրում է մեր հոգիները»:

     

    Հովհաննեսի Ավետարանում (Հվհ. 6, 41-51) Հիսուս շարունակում է քարոզել մարդկանց, ովքեր տեսել են հացի առատացման հրաշքը: Տերը բացատրում է նրանց, թե որն է կենաց հացը՝ հիշեցնելով երկնային մանանայի մասին, որով Աստված անապատում կերակրում էր հայրերին, Հիսուս հենց Իրեն է վերագրում հացի խորհրդանիշը: Նա պարզ ասում է. «Ե՛ս եմ կենաց հացը» (Հվհ. 6, 48), ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ի՞նչ է նշանակում կենաց հաց: Ապրելու համար հաց է անհրաժեշտ: Քաղցածները չեն խնդրում թանկարժեք ուտելիք. նրանք հաց են խնդրում: Նրանք, ովքեր գործազուրկ են, չեն խնդրում բարձր աշխատավարձ, այլ՝ «հանապազօրյա հաց»: Հիսուսն Իրեն բացահայտում է որպես կենաց հաց, որն անհրաժեշտ է ամենօրյա կյանքում: Դա պարզապես հաց չէ, այլ՝ կյանք պարգևող հաց: Այլ խոսքով ասած՝ առանց Նրա մենք անիմաստ ապրում ենք, քանի որ միայն Նա՛ է կերակրում մեր հոգիները, միայն Նա՛ է փրկում մեզ չարից, որի դեմ մենք միայնակ չենք կարող պայքարել: Միայն Նա է թույլ տալիս մեզ սիրված զգալ, նույնիսկ եթե մնացած բոլորը հիասթափեցրել են, միայն Նա՛ է մեզ սիրելու զորություն տալիս, միայն Նա՛ է վշտի և տխրության ժամանակ ներելու ուժ տալիս: Միայն Նա՛ է տալիս սրտի փափագած խաղաղությունը, միայն Նա է հավերժական կյանք տալիս, երբ ավարտվում է երկրային կյանքը: Նա է կյանքի գլխավոր, ամենակարևոր հացը»:

     

    «Ե՛ս եմ կենաց հացը» ասելով՝ Տեր Հիսուսն արտահայտում է Իր կյանքի ու առաքելության ամբողջ էությունը, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Ամբողջովին այն տեսանելի կլինի միայն Վերջին ընթրիքին: Հիսուս գիտի, որ Երկնային Հայրը խնդրում է Իրեն մարդկանց միայն ուտելիք չտալ, այլ նաև տալ հենց Ինքն Իրեն, բեկանել Իրեն, Իր կյանքը, մարմինը և սիրտը, որպեսզի մենք կյանք ունենանք: Տիրոջ այս խոսքերը մեր մեջ արթնացնում են ակնածանք՝ Սուրբ Հաղորդության պարգևի նկատմամբ: Ոչ ոք այս աշխարհում, որքան էլ շատ սիրի մեկ այլ մարդու, չի կարող ինքն իրեն կերակուր դարձնել նրա համար: Աստվա՛ծ արել է և շարունակում է դա անել մեզ համար: Եկե՛ք այդ հիացմունքը նորից ու նորից ապրենք՝ երկրպագելով կյանքի հացը, քանզի երկրպագությունը կյանքը լիացնում է հիացմունքով»:

     

    Սակայն Ավետարանում հիանալու փոխարեն՝ մարդիկ վրդովվում են և պատառոտում իրենց հագուստները, ինչպես պետք է անեին հայհոյանք լսողները: Նրանք մտածում են. «Մենք ճանաչում ենք Հիսուսին, մենք ճանաչում ենք Նրա ընտանիքը: Ինչպե՞ս Նա կարող է ասել. «Ես երկնքից իջա»», – ասաց Սրբազան Քահանայապետը.

     

    «Հավանաբար, մենք նույնպես վրդովվում ենք. մեզ շատ ավելի հաճելի կլիներ ունենալ այդպիսի Աստված, Ով հանգստանում է հեռավոր Երկնքում և չի միջամտում մեր կյանքին, այն ժամանակ, երբ մենք կարող ենք կառավարել մեր գործերը այստեղ՝ երկրի վրա: Սակայն Աստված մարդացավ՝ այս աշխարհի կոնկրետ իրականություն մտնելու համար: Մեր իրականության մեջ ընկղմվելու համար Աստված մարդացավ ի՛նձ համար, ձե՛զ համար, բոլորի՛ս համար: Նա ցանկանում էր գալ մեր կյանք, և այս կյանքում նրան հետաքրքրում է ամեն ինչ. մենք կարող ենք խոսել Նրա հետ՝ մեր սիրո, աշխատանքի, ցավի ու տառապանքների և այլ բաների մասին: Մենք Նրան ամեն ինչ կարող ենք պատմել, քանզի Տեր Հիսուսն է ցանկանում մեզ հետ այդ մտերմությունը: Ի՞նչ է Նա ցանկանում: Երկրորդ պլան մղվել: Նա, Ով կենաց հաց է, չի ցանկանում անտեսվել կամ անուշադրության մատնվել, կամ էլ կանչվել միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ վատ է: «Ե՛ս եմ կենաց հացը»: Առնվազն օրը մեկ անգամ մենք միասին ենք հաց ուտում. երեկոյան, աշխատանքից հետո, երբ բոլորը տանն են: Հիանալի կլիներ, նախքան հացը բեկանելը, հրավիրել Հիսուսին՝ Կենաց Հացին, և խնդրել Նրան օրհնել այն, ինչը մենք արդեն արել ենք և ինչը դեռ չի հաջողվել անել: Եկե՛ք Նրան մեր տուն հրավիրենք, եկե՛ք պարզապես «տնավարի» աղոթենք: Հիսուս մեզ հետ նույն սեղանի շուրջը կլինի, և մեզ բոլորիս կկերակրի մեծ սիրով»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին և խնդրեց Նրան «օգնել մեզ ամեն օր աճել Հիսուսի՝ կենաց հացի հետ բարեկամության մեջ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments