Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինողք նորա:
Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահպանք նորա (Սաղմոս 126)
Կիրակի 13 Յունիս, 2021թ. Երրորդ զկնի Պենտեկոստէի. Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցուն կից լսարանի շէնքի երկորդ հարկում տեղի ունեցաւ Աղաճանեան Սրահի պաշտօնական բացման արարողութիւնը, նախագահութեամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ թեմի Առաջնորդ՝ Արհի. Տէր Ռաֆայէլ Արք. Մինասեանի, ԱՄՆ եւ Կանադայի Հայ Կաթողիկէ թեմի Առաջնորդ՝ Արհի. Տէր Միքայէլ Եպս. Մուրատեանի, ինչպէս նաեւ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ Յովսէփեանի:
Սրահի բացմանը ներկայ էին Հայր Անտոն Ծ. Վրդ. Թոթունջեանը, Վիեննայի Մխիթարեան Միաբան՝ Հայր Նարեկ վրդ. Տատուրեանը, Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցի վարչական մասի տնօրէն Հայր Մարիօ Վրդ. Կուկարելլոն, Հայկական Կարիտաս Բարեսիրական Հասարակական Կազմակերպութեան տնօրէն Գագիկ Տարասյանը, Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ ասոցիացիայի ղեկավար պրն. Քորանթեն Քլերկը կամաւորների հետ միասին, Շիրակի փոխմարզպետ Դաւիթ Սեխլէեանը, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակէեանը, բազմաթիվ հիւրեր եւ փանիկցիներ, ովքեր մեծ ուրախութեամբ եկել էին մասնակիցը դառնալու բացման այս գեղեցիկ արարողութեանը:
Կարմիր ժապաւենը կտրելուց անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ նորակերտ սրահի օրհնութեան կարգը:
Օրուա հանդիսաւար Սեդա Քալաշեանը ներկայացրեց Աստուծոյ Ծառայ Կարդինալ Աղաճանեանի կեանքի պատմութիւնից գլխաւոր մի քանի դրուագներ, որին յաջորդեց Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ Յովսէփեանի խօսքը.
«Իմ խորին երախտագիտութիւնն եմ յայտնում Տիրոջը եւ բոլոր բարերարներին, որոնց շնորհիւ կարողացանք աւարտին հասցնել այս ծրագիրը: Իմ առանձնայատուկ երախտիքի խօսքն եմ ուզում յղել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Արհիապատիւ Տէր Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանին, իր հայրական օրհնութեան եւ աջակցութեան համար, ինչպէս նաեւ Լեհաստանի եպիսկոպոսաց համաժողովի Արեւելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի տնօրէն՝ Գերապատիւ Հայր Լեշէք Վրդ. Կրիշային, Սոչիի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ Եկեղեցւոյ ժողովրդապետ՝ Գերյ. Հայր Ռաֆայէլ Ծ. Վրդ. Կրաւչիկին, SOS Արեւելքի Քրիստոնեաներ ֆրանսիական կազմակերպութեան Հայաստանի ներկայացուցչութեանը, արտերկրում գտնուող Փանիկ համայնքի բարեպաշտ զաւակներին՝ գլխաւորութեամբ Մանուկ Բդոյեանի եւ Վարդան Կարապետեանի: Միայն ձեր բոլորի աջակցութեան շնորհիւ հնարաւոր եղաւ իրականութիւն դարձնել «Աղաճանեան» սրահի ստեղծման գաղափարը, որը թոյլ կտայ հոգեւոր եւ աշխարհիկ տարբեր միջոցառումներ եւ արարողութիւններ իրականացնել, եւ այժմ, սրահը պատրաստ է իր ծառայութիւնները մատուցելու համայնքին:
Հայցում ենք Աստուծոյ Ծառայ Կարդինալ Աղաճանեանի բարեխօսութիւնը բոլոր ներկաների եւ հայ ժողովուրդի բարօրութեան եւ մեր երկրի սահմանների խաղաղութեան համար»:
Ներկաներին իր հայրական խօսքն ուղղեց թեմի Առաջնորդ՝ Արհի. Տէր Ռաֆայէլ Արք. Մինասեանը.
«Սիրելիներս, ուրախ եմ այսօր ձեր մէջ գտնուելու համար, ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել բոլոր բարերարներին, որոնց նուիրատուութիւնների շնորհիւ այսօր Փանիկում բացուեց Աղաճանեան սրահը:
Ուզում եմ մի պատկեր դնել ձեր դիմաց, ասելով հետեւեալը. «Այն մոմը, որ այսօր վառում ենք՝ մնայ միշտ վառ, չլինի յանկարծ սա միմիայն հանդիսութիւն, որից յետոյ մոռանանք ամէն ինչ»:
Կարդիանալ Աղաճանեանը սիրուած էր ամէն տեղ, սիրուած բոլոր երկրներում, կարող եմ ասել, որ Կարդինալ Աղաճանեանը ամբողջ աշխարհում յայտնի էր իր համեստութեամբ, խոնարհութեամբ, սրբութեամբ, պարզութեամբ եւ իր կարողութեամբ: Չկայ մէկը, որ չճանաչէր ու չգնահատէր Իր կատարած մեծ աշխատանքը:
Կարդիանալ Աղաճանեանի մասին խօսելիս, Սրբազան Հայրը յիշեց իր ուսումնական տարիներին Ծիրանաւորի հետ կապուած յուշերից մի դրուագ.
«1972 թուականին, երբ ուսումնական տարին նոր էր վերջանում, որոշել էի հրաժարուել եւ չձեռնադրուել քահանայ: Այն ժամանակ Կարդինալն արդէն հիւանդ էր: Եւ իմանալով, որ ես ուզում եմ թողնել իմ քահանայական կոչումը՝ կանչում է իր մօտ, որպէսզի ինձ հետ խօսի, ցաւօք մեր հանդիպումը տեղի չունեցաւ, քանզի հինգ օր յետոյ նա մահանում է եւ ինձ թողնում իր շուրջառը, ժամագիրքը, սկիհը եւ քառասուն դոլլար…
Պատկերացրէք քսանեօթ աշակերտ էինք եւ միակ ապերախտը ես էի, որ ուզում էի փախչել, բայց ես ամէնից շատը ստացայ իրենից:
Հետեւաբար այս մարդը հոգեւոր մարդ է, սուրբ մարդ է, մենք ապրել ենք նրա հետ, մենք կարող ենք վկաները դառնալ նրա սրբակենցաղ կեանքի: Ի հեճուկս բոլոր քննադատութիւնների, դժուարութիւնների՝ որոնց միջով ստիպուած եղաւ անցնել Ծիրանաւորը, երբէք նրան չտեսանք առանց ժպիտի:
Սիրելիներս մաղթում եմ, որ դուք էլ նրա օրհնութեամբ աճէք ու մեծանաք»:
Խօսք առաւ նաեւ ԱՄՆ եւ Կանադայի Հայ Կաթողիկէ թեմի Առաջնորդ՝ Արհի. Տէր Միքայէլ Եպս. Մուրատեանը.
«Սիրելիներս, այսօր ես շատ ուրախ եմ, որ գտնւում էր այստեղ: Յիշում եմ Փանիկ գիւղի առաջին հոգեւոր հովիւ Տէր Կոմիտաս վրդ. Մանուկեանին, ով 1991թուականից եկել էր Հայաստան եւ այդ դժուարին տարիներին ուզում էր վերականգնել այս կենդրոնը: Իր նպատակն էր այսպիսի մի սրահ ստեղծել: Այսօր ձեր ժողովրդապետը իրականացրեց առաջին հովուի փափաքը: Հայր Գառնիկ յաջողութիւն եմ մաղթում ձեր առաքելութեանը: Շնորհաւորում եմ բոլորին»:
Երախտագիտութեան խօսքերով հանդես եկան նաեւ Շիրակի փոխմարզպետ Դաւիթ Սեխլէեանը, ինչպէս նաեւ Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակէեանը:
Ընթացս միջոցառման Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ Յովսէփեանը հուշանուէրներ յանձնեց Արհի. Տէր Ռաֆայէլ Արք. Մինասեանին, Արհի. Տէր Միքայել Եպս. Մուրատեանին, ինչպէս նաեւ Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ ասոցիացիայի ղեկավար պրն. Քորանթեն Քլերկին եւ ռուսաստանաբնակ բարեար Մանուկ Բդոյեանին:
Արհի. Տէր Ռաֆայէլ Արք. Մինասեանը Փանիկ համայնքի Հայ Կաթողիկէ Աղաճանեան սրահի վերանորոգման աշխատանքների աջակցելու համար օրհնութեան գրեր յանձնեց SOS Արեւելքի Քրիստոնեաներ ասոցիացիային, Լեհաստանի եպիսկոպոսաց համաժողովի Արեւելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի տնօրէն՝ Գերպ. Հայր Լեշէք վրդ. Կրիշացին, Սոչիի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ Գերյ. Հայր Ռաֆայէլ Ծ. Վրդ. Կրաւչիկին, Շիրակի մարզի Փանիկ համայնքի բարեպաշտ զաւակներ՝ Վահագն Բաղդասարեանին, Վաչագան Ճավռշեանին, Վարդան Կարապետեանին, Մանուկ Բդոյեանին, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակէեանին, ինչպէս նաեւ Լոռու մարզի Դսեղ համայնքի բարեպաշտ զաւակ Արմեն Սարգսեանին:
Միջոցառման աւարտին հոգեւոր դասը միասին կտրեցին տօնական տորթ:
Միջոցառումն աւարտին Փանիկի Արուեստի դպրոցի երաժշտական բաժնում սովորող սաների կողմից հնչեց Կոմիտասի «Շողեր ջան» եւ Ռոմանոս Մելիքեանի «Վարդը» ստեղծագործութիւնները:
Փանիկի Հայ Կաթողիկէ համայնքն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում Փանիկի բարեպաշտ զաւակ Նարինե Սարգսեանին գեղեցիկ ֆուրշետ պատրաստելու համար:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ