• Վախճանվել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը

    ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ


    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Առաջնորդութիւնը սրտի խոր կսկիծով գուժում է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Տանն Կիլիկիոյ Ամենապատիւ եւ Գերեջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքի վախճանումը։

     

    Ամենապատիւ Հոգեւոր Տէրը, հոգին աւանդեց առ Աստուած 25 Մայիս 2021ի կէսօրին՝ Պէյրութ, Լիբանան։

     

    Կաթողիկոս Պատրիարքը ծնուել է 1934թ. նոյեմբերի 14-ին, Հալէպում: Նախնական ուսումը ստացել է Զմմառի ընծայարանում, ապա ուսումը շարունակել Հռոմի Լեւոնեան վարժարանում եւ աւարտել Հռոմի Գրիգորեան համալսարանը:

    Քահանայ է ձեռնադրուել 1959թ. մարտի 28-ին: 1962-69թթ. վարել է Մեսրոպեան վարժարանի տնօրէնի, իսկ 1969-75թթ.՝ Զմմառի դպրեվանքի մեծաւորի եւ միաժամանակ, Զմմառի վանքի գործադիր խորհրդի քարտուղարի պաշտօնները:

    1976թ. Սուրբ Աթոռի կողմից նշանակուել է Ֆրանսիայի Հայ Կաթողիկէների առաջնորդ, և եպիսկոպոս է ձեռնադրուել 1977թ. փետրուարի 13-ին, Պէյրութի Սբ. Փրկիչ եկեղեցում՝ ձեռամբ երջանկայիշատակ Ամեն. Եւ Գերջ. Տէր Հմայեակ Պետրոս 17-րդ Կէտիկյան Կաթողիկոս Պատրիարքի:

    2015թ. հունիսի 25-ից Ֆրանսիայի Հայ Կաթողիկէների վաստակաւոր առաջնորդ Արհ. Գրիգոր եպս. Կապրոյեանը անուանուել է Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարքական կառավարչի պաշտօնին։ Ընտրուել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց 2015թ.ի Յուլիսի 25-ին։

    Ամենապատիւ եւ Գերջ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալութեան արարողութիւնը կատարուել է 2015թ. օգոստոսի 9-ին, Զմմառի մայրավանքում։

     

    Յ.Գ. Արարողութիւնների մասին տեղեկութիւնները հանրութեանը կը տեղեկացնենք աւելի ուշ։

Օրացույց

Օրացույց