• Աստծո Մայրը մատնացույց է անում իր Որդուն՝ որ միակ Միջնորդն է

    Օրհնեալ ես դու ի կանայս …


    «Աղոթել Սուրբ Կույս Մարիամի հետ միասին». սա էր Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի խորհրդածության թեման մարտի 24-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ՝ Ավետման տոնի նախօրեին:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ քրիստոնեական աղոթքի հիմնական ուղին Հիսուսի մարդկային բնույթն է՝ մարդեղությունը: Քրիստոնեական աղոթքին բնորոշ գաղտնիությունն անիմաստ կլիներ, եթե Խոսքը մարմին չդառնար՝ Սուրբ Հոգու միջոցով մեզ պարգևելով որդիական հարաբերություններ Հայր Աստծո հետ:

     

    Քրիստոսը Միջնորդ է, այսինքն՝ կամուրջ, որի միջոցով մենք դիմում ենք Հորը: Նա միակ Փրկիչն է և չկան Քրիստոսի հետ այլ համափրկիչներ: Նա միջնորդների Միջնորդն է, և Հորն ուղղված ցանկացած աղոթք բարձրացվում է «Քրիստոսի միջոցով, Քրիստոսի հետ և Քրիստոսով», իսկ Սուրբ Հոգին Քրիստոսի միջնորդությունը տարածում է բոլոր ժամանակներում և ամենուր. չկա այլ անուն, որով մենք կփրկվենք:

     

    Քրիստոսի այս միակ միջնորդությամբ իմաստ ու արժեք են ստանում նաև այլ ուղեցույցներ, որոնք քրիստոնյան գտնում է իր աղոթքներում ու երկրպագության մեջ, և նրանցից առաջինը Սուրբ Կույս Մարիամն է՝ Հիսուսի Մայրը: Քրիստոնյայի աղոթական կյանքում նա առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և պատահական չէ, որ Արևելյան Եկեղեցիները հաճախ Նրան պատկերում են որպես Հոդեգետրիա, այսինքն՝ «ճանապարհը ցույց տվող անձ»: Սրբազան Քահանայապետը որպես հիմք ընդունեց «Հոդեգետրիա» սրբապատկերը, որը երկրպագում են Բարի քաղաքի մայր տաճարում: Սուրբ Կույս Մարիամը ցույց է տալիս Հիսուսին՝ Կույսից ծնված մարդուն, քանզի հենց Նա՝ Աստվածամայրն է մատնացույց անում Միջնորդին: Քրիստոնեական պատկերագրության մեջ Սուրբ Կույս Մարիամը ամենուր է, և հաճախ նկարներում նրան կարևոր դեր են հատկացնում, սակայն այդ դերը միշտ կախյալ վիճակում է Որդուց: Նրա ձեռքերը, Նրա աչքերը, Նրա վարքագիծը «կենդանի ուսմունք է», որի կենտրոնում Հիսուս Քրիստոսն է: Սուրբ Կույս Մարիամն ամբողջությամբ դարձած է դեպի Հիսուս Քրիստոսը, և մենք կարող ենք ասել, որ ամենից առաջ Նա Աշակերտուհի է և հետո նոր միայն Մայր:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց Սուրբ Կույս Մարիամի խոսքերը Կանա քաղաքում հարսանիքի ժամանակ. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: Լինելով Հիսուսի առաջին աշակերտուհին Նա միշտ մատնացույց է անում Նրան: Հենց սա է հանդիսանում այն դերը, որը Սուրբ Մարիամ Աստվածածինն ունեցել է Իր երկրային կյանքի ընթացքում և պահպանել է հավերժ. լինել Տիրոջ խոնարհ ծառան: Ավետարաններում Նա որոշակի պահերին կարծես անհետանում է, սակայն հետո վերադառնում է առավել շրջադարձային պահերին. Կանայում, որտեղ Հիսուսը շնորհիվ Նրա միջամտության կատարում է առաջին հրաշքը՝ Գողգոթայում, Խաչի մոտ: Հիսուս ընդարձակեց Սուրբ Մարիամի մայրությունը ամբողջ Եկեղեցում՝ Նրան վստահելով սիրելի աշակերտին՝ Խաչի վրա մահանալուց առաջ: Հենց այդ պահից մենք բոլորս գտնվում ենք Նրա հովանու ներքո, ինչպես որ պատկերված է միջնադարյան որմնանկարներում և նկարներում: Սուրբ Մարիամը գրկում է մեզ բոլորիս ոչ որպես աստվածուհի կամ համափրկիչ, այլ՝ որպես Մայր: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քրիստոնեական բարեպաշտությունը միշտ օժտել ​​է Սուրբ Կույսի Մարիամին զանազան կոչումներով՝ այդ գեղեցիկ խոսքերով արտահայտելով որդիական սերը դեպի Մայրը, սակայն այս կոչումները ոչինչ չեն փոխում, քանզի Քրիստոսն է  միակ Փրկիչը: Սիրո այդ դրսևորումները «երբեմն չափազանցված են, բայց սերը, ինչպես գիտենք, միշտ խրախուսում է չափազանցում», ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Քրիստոնյաները աղոթում են Սուրբ Մարիամ Աստվածածնին Ավետարանի խոսքերի օգնությամբ՝ անվանելով Նրան «լի շնորհքով», «օրհնեալ ի կանայս»: «Ողջույն քեզ Մարիամ» աղոթքում հնչում է Սուրբ Կույս Մարիամի «Թեոտոկոս»՝ «Մայր Աստուծո» անունը, որն ամրագրվել է Եփեսոսի ժողովում:

     

    Սուրբ Մարիամ Աստվածածինը միշտ գտնվում է իր երեխաների մահվան մահճում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Եթե որևէ մեկը մենակ է մնում, ապա Նա՝ Մայրը, միշտ նրա մոտ է, ինչպես որ Իր Որդու մոտ էր, երբ բոլորը լքեցին Նրան: Համավարակի ժամանակ Սուրբ Կույս Մարիամը միշտ նրանց հետ էր, ովքեր իրենց երկրային կյանքն ավարտեցին մեկուսացման պայմաններում՝ զրկված լինելով հարազատների սփոփանքից և մոտիկությունից: Սուրբ Մարիամը պաշտպանում է մեզ վտանգներից, հոգ է տանում մեր մասին նույնիսկ այն ժամանակ, երբ մենք զբաղված ենք ինքներս մեզանով և կորցնում ենք ուղեցույցները՝ վտանգելով ոչ միայն առողջությունը, այլ նաև փրկությունը: «Սուրբ Մարիամը մոտ է, Նա աղոթում է մեր և նրանց համար, ովքեր չեն աղոթում, քանզի Նա մեր Մայրն է», – ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց