• Երիտասարդները՝ դեպի նոր հորիզոններ և «Համայնքային Կարիտաս»-ներ

    «Իմ Աստծով ես կարող եմ թռչել պարիսպների վրայով», Սղմ. 17, 30


    Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» (Parish Social Ministries) ծրագիրը շարունակում է իր ընթացքը համայնքներում՝ որոշակի փոփոխություններով, որոնց նպատակն է առավել շեշտադրել երիտասարդների ներգրավվածությունը համայնքներում հոգևոր-սոցիալական կյանքում: Ըստ այդմ նախատեսված են բազմաբնույթ դասընթացներ, ճանաչողական այցելություններ՝ համայնքներից դուրս՝ դեպի կրթական ժամանակակից կենտրոններ, սոցիալական ծառայություններ իրականացնող կենտրոններ՝ նաև հաշվի առնելով երիտասարդների առաջարկություններն ու ծրագրային շեշտադրությունները: Այս տրամաբանությամբ՝ ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանի և գործառնական աշխատանքներն իրականացնող Հասմիկ Խաչատրյանի հետ միասին նախաձեռնեցինք ընդհանրական առաջին հանդիպումները՝ Աշոցքի հինգ կաթողիկէ համայնքների համար: Առաջինը կազմակերպեցինք փետրվարի 3-ին՝ Գյումրիի «Զանան» մշակութային տանը, որ գտնվում է Հ. Շիրազի տուն-թանգարանի ներքնահարկում: Մասնակցեցին Մեծ Սեպասարի և Սիզավետի 13-30 տարեկան 30 երիտասարդներ և պատանիներ:

     

     

    Հանդիպումը սկսվեց ժամը 16:00-ին՝ նախ Հ. Շիրազի տուն-թանգարանում շրջայց-ծանոթությամբ, որից հետո երիտասարդները ծանոթացան նորաբաց «Զանան» մշակութային տանը հնություններին, որոնք պատմում են Գյումրի քաղաքի մշակութային անցյալի մասին:

     

    Նախ ներկայացրեցինք ծրագրի էությունը և «համայնքային կարիտասներ» գաղափարը, որը նախատեսում ենք իրականություն դարձնել համայնքներում և որի առաջին քայլերն արդեն արվում են սույն ծրագրի և երիտասարդների կամավորական սոցիալական նախաձեռնությունների միջոցով: «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի նպատակներից մեկը սահմանվել է նպաստել համայնքներում Հայկական Կարիտասի գրասենյակների հիմնադրմանը և գործունեությանը:

     

     

    Հանդիպման բուն թեմատիկ մասում խոսեցի «Անհատի հնարավորությունները. ի՞նչ կարող եմ անել» թեմայով: Նախ անդրադարձա մարդու կարողությունների, տաղանդների աղբյուրին, որ Արարիչն Աստված է և մարդու կոչմանը նմանվելու իր Արարչին՝ կրթությամբ, ինքնազարգացմամբ, աշխատանքով և սեփական կարողությունները կատարելագործելով: Շեշտեցի հետևյալը. «Աստված միշտ արարում է և ստեղծում նոր հնարավորություններ՝ տիեզերքի և մարդու համար, հետևաբար ես ևս պետք է միշտ աշխատեմ և ստեղծեմ նոր հնարավորություններ՝ իմ, ուրիշ մարդկանց և երկիր մոլորակի կյանքի որակն առավել բարձրացնելու համար»: Սա նաև Կաթողիկէ սոցիական ուսմունքից բխող կարևոր մի սկզբունք է, որը մշտապես շեշտել ենք մեր զրույցներում:

     

    «Որո՞նք են իմ հնարավորությունները» հարցին առաջարկեցինք պատասխանել հետևյալ կերպ.

     

    -կատարել սեփական հնարավորությունների վերլուծություն, հասկանալ, թե ինչ կարողություններ ունենք,

     

    -գոհություն հայտնենք Ամենակարող Աստծուն՝ մեր տաղանդների, նաև՝ մեզ համար շատ թույլ թվացող կարողությունների համար:

     

     

    -խնդրենք աղոթքով, որ Աստված զորացնի մեր կամքը և ամբողջ ուժող գործի անցնենք՝ զարգացնելու կատարելագործելու մեր աստվածատուր կարողությունները,

     

    -երբեք, ինչքան մեծ հաջողությունների հասնենք, չմոռանանք, որ Աստված է մեզ տվել ամեն ինչ և մնանք համեստ, խոնարհ,

     

    -միևնույն ժամանակ՝ միշտ ձգտենք ավելիին՝ ոչ թե նյութական, այլ՝ մեր կարողությունների առավելագույն նշաձողին հասնելու իմաստով,

     

    -երբեք չհուսահատվել դժվարությունների ժամանակ և ձգտել դժվարությունները վերածել նոր հնարավորությունների և նոր մեկնարկների:

     

    Դիտեցինք մի կարճ անիմացիոն ֆիլմ՝ պայքարելու և չհուսահատվելու մասին՝ Pixar ստուդիայի նկարահանած, «Գառնուկը» վերնագրով:

     

    Հասմիկ Խաչատրյանը խոսեց փոփոխություններ բերելու գաղափարի, ձգտումներ ունենալու, պայքարելու սկզբունքների մասին, ներկայացրեց հայտնի անհատականություններ բնապահպան ակտիվիստ երիտասարդ Greta Thumberg-ի և գործարար Elon Mask-ի կենսագրական յուրահատկությունները, որոնք կարող են ոգեշնչել՝ հղանալու նոր գաղափարներ և իրականացնելու:

     

     

    Մկրտիչ Բաբայանը խոսեց համայնքային խնդիրների լուծման համաշխարհային փորձի և նորարարությունների, ստեղծարարության մասին, կազմակերպվեց ակտիվ քննարկում՝ երիտասարդների մասնակցությամբ, ուրվագծվեցին հետագա թեմաները՝ այլ հանդիպումներ կազմակերպելու համար:

     

    Հաջորդ հանդիպմանը, որ կլինի հաջորդ շաբաթ, կմասնակցեն Ղազանչի, Բավրա և Սարագյուղ համայնքների երիտասարդների համար:

    Աստծո զորությամբ վստահ եմ, որ մեր երիտասարդները կկարողանան իրենք իրենց առջև բացել ինքնազարգացման նոր հեռանկարներ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սարագյուղ և Սիզավետ համայնքների հոգևոր հովիվ

Օրացույց

Օրացույց