• Սուրբ Աթոռի ծիսակատարությունների վարչության ուղերձը՝ համավարակի պայմաններում Սբ. Հաղորդությունն ընդունելու մասին

    «Ուրախությամբ վերադառնանք դեպի Սուրբ Հաղորդություն»


    Ինչու՞ գնալ եկեղեցի, եթե կարելի է դիտել աղոթքի ուղիղ հեռարձակումը: Ինչպե՞ս պետք է ընդունել Քրիստոսի Մարմինը նոր պայմաններում և ինչպե՞ս դա չի կարելի անել: Քաղաքացիական իշխանությունները դեռ ինչքա՞ն կարող են կանոններ թելադրել եկեղեցական համայնքներին: Սուրբ Աթոռը ուղերձով դիմեց եպիսկոպոսներին՝ պարզաբանելով, թե ինչպես վերսկսել Պատարագը հավատացյալների հետ:

     

    Սուրբ Աթոռի ծիսակատարությունների և կարգապահության Խորհրդի վարչությունը հրապարակեց «Ուրախությամբ վերադառնանք դեպի Սուրբ Հաղորդություն. նամակ՝ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսական համաժողովների նախագահներին՝ COVID-19 համավարակի ժամանակ և դրանից հետո Սուրբ Պատարագ մատուցելու մասին» վերտառությամբ ուղերձը: Կարդինալ Ռոբերտ Սարայի ստորագրությամբ ուղերձը թվագրված է օգոստոսի 15-ով և հաստատված է Սրբազան Քահանայապետի կողմից՝ սեպտեմբերի 3-ին:

     

    Փաստաթղթում շեշտվում է, որ Եկեղեցու համայնական չափումն ունի աստվածաբանական նշանակություն: Այն ժամանակ, երբ կուռքերին նվիրված հեթանոսական տաճարները փակ էին մարդկանց համար, առաջին քրիստոնյաները, հենց սկսեցին օգտվել ազատ պաշտամունքի իրավունքից, կառուցեցին Աստծո տներ և եկեղեցու տներ՝ Dei et domus ecclesiae, որտեղ հավատացյալներն իրենք իրենց ճանաչում էին աստվածապաշտության և սրբազան հավաքի հրավիրված ժողովուրդ: Դրա համար էլ տաճարը՝ Աստծո տունը, ենթադրում է Աստծո զավակների ներկայությունը: Պատահական չէ, որ մեր օրերում ևս եպիսկոպոսը, ով կատարում է նոր եկեղեցու օծման արարողակարգը, աղոթելիս՝ խնդրում է, որ տաճարն իր բնույթով լինի այն, ինչ պետք է լինի.

     

    «Այստեղ թող մարդկանց մեղքից մաքրի աստվածային շնորհի հեղեղը, որպեսզի, Հայր, մեղքի համար մեռած Քո զավակները, վերածնվեն հավիտենական կյանքի համար: Այստեղ Քո հավատացյալները՝ հավաքվելով խորանի շուրջը, նշում են Սուրբ Զատիկը և զորանում են Խոսքով ու Քրիստոսի Մարմնով: Այստեղ թող ուրախությամբ հնչի զոհաբերության փառաբանությունը, և հրեշտակային երգչախմբի հետ միախառնված մարդկային ձայնը թող բարձրանա դեպի Քեզ՝ որպես անդադար աղոթք՝ աշխարհի փրկության համար: Այստեղ թող ողորմություն գտնեն աղքատները, իսկական ազատություն գտնեն ընկճվածները և բոլոր մարդիկ դառնան Քեզ արժանի զավակներ, մինչև որ ցնծությամբ չհասնեն Երուսաղեմ»:

     

    Այնուհետև փաստաթղթում ասվում է, որ քրիստոնեական համայնքը երբեք մեկուսացման չի ձգտել և երբեք Եկեղեցին փակ քաղաքի չի վերածել: Քրիստոնյաները միշտ փորձել են լինել հասարակության մի մասը, չնայած որ գիտակցել են իրենց տարբեր լինելը: Եվ այժմ՝ համավարակի ժամանակ, նրանք նույնպես պատասխանատվություն ցուցաբերեցին. լսեցին քաղաքացիական իշխանություններին ու փորձագետներին, համագործակցեցին նրանց հետ, եպիսկոպոսներն ու եպիսկոպոսական համաժողովներն ընդունեցին մի շարք դժվարին ու ցավոտ որոշումներ, ընդհուպ մինչև դադարեցրին հավատացյալների մասնակցությունը Սուրբ Հաղորդությանը, ինչի համար Սուրբ Աթոռի ծիսակատարությունների և կարգապահության Խորհրդի վարչությունը նրանց հայտնում է խորին երախտագիտություն:

     

    Հենց որ իրավիճակը թույլ տա, անհրաժեշտ է «անհապաղ վերադառնալ բնականոն քրիստոնեական կյանքին», ընդգծվում է փաստաթղթում: «Մենք համաձայնեցինք հեռու մնալ Տիրոջ Խորանից՝ որոշ ժամանակ Սուրբ Հաղորդություն չստանալով. սա շատ օգտակար է, քանի որ թույլ է տալիս նորից բացահայտել նրա կենսական նշանակությունը, գեղեցկությունն ու անչափելի արժեքը», – գրում է կարդինալ Սարան և հիշում Աբիտայի նահատակներին: Քրիստոնյաները չեն կարող ապրել և լինել քրիստոնյաներ՝ առանց Տիրոջ Խոսքի, առանց Քրիստոսի խաչի զոհաբերության, առանց Սուրբ Հաղորդության, առանց քրիստոնեական համայնքի, առանց Տիրոջ տան և առանց Տիրոջ Օրվա: Որքան էլ արժեքավոր լինեն հաղորդակցության միջոցները՝ հիվանդների և բոլոր նրանց համար, ովքեր չեն կարող Եկեղեցի գնալ, միևնույն է՝ «ոչ մի ուղիղ հեռարձակում չի կարող փոխարինել մարդու անմիջական մասնակցությանը: Ավելին, միայն ուղիղ հեռարձակումը կարող է մեզ հեռացնել Աստծո հետ նվիրական հանդիպումից, Ով Իրեն մեզ տալիս է իրականում, այլ ոչ թե՝ վիրտուալ ձևով»: Փաստաթղթում ընդգծվում է, որ Տիրոջ հետ ֆիզիկական շփումը անհրաժեշտ է և անփոխարինելի:

     

    Փաստաթղթի եզրափակիչ հատվածում կարդինալ Ռոբերտ Սարան թվարկում է Սուրբ Հաղորդությունը վերսկսելու որոշակի սկզբունքներ:

     

    Առաջին, նա ընդգծում է, որ հիգիենայի կանոնների և անվտանգության միջոցառումների նկատմամբ պատշաճ ուշադրությունը չպետք է հանգեցնի «ստերիլիզացման, թեկուզ և ակամա, ժեստեր ու ծեսեր՝ չնայած հավատացյալների մտավախությանն ու անորոշությանը»: Բացի այդ, հավատացյալների մասնակցությունը Սուրբ Հաղորդությանը քաղաքացիական իշխանությունների կողմից չպետք է դիտարկվի որպես մարդկանց հավաքույթ՝ զվարճանքի համար: Պատարագի կարգադրությունները վերաբերում են եկեղեցուն, այլ ոչ թե՝ քաղաքացիական իշխանություններին:

     

    Հավատացյալների մասնակցությունը ծիսակատարություններին պետք է հեշտացվի, բայց՝ «առանց հանպատրաստից ծիսական փորձերի և լիովին համապատասխան Սուրբ Պատարագի նորմերին»:

     

    Վերջապես, «պետք է ընդունել հավատացյալների՝ Քրիստոսի Մարմինը ճաշակելու և Տիրոջը երկրպագելու իրավունքը՝ Սուրբ Հաղորդության ժամանակ սահմանված ձևերով, առանց որևէ սահմանափակման, նույնիսկ, եթե դրանք խախտում են պետական մարմինների կամ եպիսկոպոսների կողմից ընդունված հիգիենիկ նորմերը». գրված է փաստաթղթում:

     

    Վատիկան Նյուզ

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց