Հիսուս՝ թագցված գանձն ու մարգարիտը
Ամեն օր փնտրել Երկնքի Արքայության գանձերը, որպեսզի մեր խոսքերում և գործերում արտահայտվի սերը, որը մեզ շնորհել է Աստված՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ՝ 2020թ. հուլիսի 26-ին:
Օրվա ավետարանական ընթերցումը երեք կարճ առակներն էին (Մտթ. 13, 44-52), որոնցում Հիսուս Երկնքի Արքայությունը համեմատում է արտում թաքցված գանձերի հետ՝ թանկարժեք մարգարիտի և ծով նետված ուռկանի հետ:
Թե՛ այն մարդը, ով գտավ հողում թաքցված գանձը, և թե՛ վաճառականը, ով գտավ հազվագյուտ թանկարժեք մարգարիտը, նույն կերպ են վարվում. նրանք վաճառում են ամենը, որպեսզի ձեռք բերեն այն, ինչն այժմ ամենաթանկն է իրենց համար, ասաց Քահանայապետը:
Այս երկու համեմատություններով Հիսուս մտադիր է մեզ ներգրավել Երկնքի Արքայության կառուցման գործում, Նա շարադրում է քրիստոնեական կյանքի գլխավոր պայմանները. Աստծո Արքայությանը ամբողջությամբ պատկանելու համար մենք պետք է գործենք վճռականությամբ և համարձակ: Առակների հերոսները վաճառում են այն ամենը, ինչ ունեն՝ դրանով իսկ հրաժարվելով իրենց նյութական ապահովվածությունից: Սրանից կարող ենք եզրակացնել, որ Արքայության կառուցումը պահանջում է ոչ միայն Աստծո օրհնությունը, այլև՝ անձի պատրաստակամությունը.
«Ամեն ինչ կատարվում է Աստծո օրհնությամբ: Մեզանից միայն պահանջվում է այն ընդունելու պատրաստակամություն: Ամեն ինչ օրհնությամբ է կատարվում, սակայն միևնույն ժամանակ պահանջվում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը, պատրաստակամությունը», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:
Գանձը գտած մարդու և վաճառականի գործողությունները, ովքեր ցանկանում էին ամեն գնով ձեռք բերել գանձերը, վճռական էին ու սպառիչ, շարունակեց Նորին Սրբությունը՝ համեմատելով այս գործողությունները միակողմանի ճանապարհի հետ.
«Մենք կանչված ենք ընդօրինակելու Ավետարանի այդ երկու անձանց, որպեսզի դառնանք Աստծո Արքայության անհանգիստ փնտրողները՝ իհարկե, բառի լավ իմաստով: Խոսքն այստեղ մեր աշխարհիկ համոզմունքների ծանր բեռից ազատվելու մասին է, որը խանգարում է փնտրել և կառուցել Արքայությունը. տիրելու փափագը, շահի և իշխանության ձգտումը, միայն սեփական անձի մասին մտածելու երևույթը»:
Իսկական գանձեր չփնտրող մարդկանց կյանքն անհամ է ու ձանձրալի. նրանք բավարարվում են հրապուրիչ, սակայն անցողիկ իրերով, որոնց փայլը խաբուսիկ է, քանզի այդ ամենը, ի վերջո, նրանց թողնում է խավարի մեջ, ասաց Սրբազան Քահանայապետը.
«Արքայության լույսը՝ ի տարբերություն հրավառության, որը տևում է ընդամենը մի ակնթարթ, մեզ ուղեկցում է մեր ամբողջ կյանքի ընթացքում: Երկնքի Արքայությունը աշխարհի կողմից առաջարկվող ավելորդ իրերի, գորշ կյանքի հակապատկերն է. դա մի գանձ է, որն ամեն օր բարեփոխում, լավացնում է մեր կյանքը և ավելի լայն հորիզոններ բացում մեր առջև»:
Նրանք, ովքեր գտել են այդ գանձը, ունեն ստեղծարար և որոնող սիրտ, որն անկրկնելի է, այն ստեղծագործում է՝ հայտնաբերելով Աստծո, մարդկանց և ինքներս մեր նկատմամբ ճշմարիտ սիրո նոր ուղիներ, պարզաբանեց Նորին Սրբությունը:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ «միայն Հիսուս, Ով հենց թաքցված գանձն ու թանկարժեք մարգարիտն է, կարող է բոցավառել ուրախությունը, աշխարհի ամբողջ ուրախությունը. կյանքի իմաստը հասկանալու ուրախությունը, սրբության արկածներին մասնակցելու ուրախությունը»:
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը