• Իտալացի բժիշկներն այցելեցին Սրբոց Նահատակաց մայր տաճար և Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց

    Իտալացի բժիշկներն օգնում են հայ գործընկերներին՝ պայքարելու կորոնավիրուսի դէմ


    Շաբաթ, 11 յուլիս, 2020 թուական. Իտալիայից ժամանած բժիշկների խումբը այցելութիւն կատարեց Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցի, որտեղ նրանց հիւրընկալեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Թեմի Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ Առաջնորդանիստ Եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի եւ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի հետ միասին: Սրբազան Հայրը հակիրճ ներկայացրեց Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ Մայր Տաճարի կառուցման պատմութիւնը:

     

    ՀՀ Կառավարութեան խնդրանքով, Հայաստանում Իտալիայի Դեսպանութեան անմիջական ջանքերով եւ Հայաստանում Եւրոպական Միութեան Պատուիրակութեան համագործակցութեամբ՝ 2020 թուականի յունիս 26-ին, Իտալիայի աղէտների կանխարգելման բժշկական կենտրոնի 11 բժիշկներից կազմուած խումբը՝ բժշկութեան դոկտոր Մարիօ Ռաւիոլոյի գլխաւորութեամբ, ժամանեց Հայաստան: Բժիշկները ներկայացնում են Իտալիայի Պիեմոնտէ, Լոմպարտիա եւ Տոսկանա նահանգները:

     

    Թէեւ Իտալիայում դեռեւս յաղթահարուած չէ կորոնավիրուսի համաճարակով պայմանաւորուած ճգնաժամը, այնուամենայնիւ, իտալացի բժիշկների խումբը սիրայօժար կերպով ընդունեց  Հայաստան առաքելութեամբ մեկնելու առաջարկը:

     

    Բժշկական այս առաքելութեան նպատակն է ամբողջ աշխարհը համակած «Քովիտ-19»-ի համաճարակի դէմ պայքարի գործում աջակցութիւն ցուցաբերել հայ բժիշկներին եւ փոխանցել Քորոնա ժահրով տառապող մարդկանց բուժելու եւ կեանքեր փրկելու իրենց մեծ փորձառութիւնը:

     

    Դէպի Հայաստան իրականացուած հատուկ չուերթով բժիշկներին տեղափոխող ինքնաթիռով փոխադրուել են նաեւ բժշկական սարքաւորումներ եւ անհատական պաշտպանիչ միջոցներ:

    Իտալացի մասնագետների խումբը այցելեց նաեւ Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոց, որտեղ նրանց ընդունեցին՝ վարչական մասի տնօրէն Հայր Մարիօ Վրդ. Կուկարելլոն, բուժական մասի տնօրէն Տիգրան Տօնականեանը եւ վարչական մասի փոխտնօրէն Հասմիկ Համբարեանը: Հայր Մարիոն ներկայացրեց հիւանդանոցի պատմութիւնը՝ նշելով, որ այն կառուցուել է 1988 թուականի աղէտալի երկրաշարժից յետոյ: Հիւանդանոցը Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի նուէրն էր հայ ժողովուրդին: Բացումը տեղի ունեցաւ 1991 թուականի հոկտեմբեր 10-ին: Հիւանդանոցի կառավարումն իրականացնում է Կամիլեան Միաբանութիւնը:

    Իտալացի մասնագետները շրջայց կատարեցին հիւանդանոցում՝ ծանօթանալով տեղի բժիշկների աշխատանքին եւ գործածուող բժշկական սարքաւորումներին, որից յետոյ մատուցուեց ճաշ, ապա՝ աւարտին, իտալացի բժիշկները Տիրամայր Նարեկի հիւանդանոցին նուիրաբերեցին բժշկական պաշտպանիչ միջոցներ եւ սարքաւորումներ:

     

    Վերադարձի ճանապարհին հիւրերը այցելեցին նաեւ «Հայ Կաթողիկէ Աղաճանեան» Կենդրոն, որտեղ տեղեկացան թեմի հոգեւոր եւ սոցիալական գործունէութեանը:

     

    Օրուայ աւարտին բժիշկ-մասնագետների խումբը վերադարձաւ Երեւան: Այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

    Խումբը Իտալիա կը վերադառնան յուլիս 17-ին:

     

    Իտալացի բժիշկների այցը Հայաստան եւս մէկ անգամ փաստում է հայ-իտալական դարաւոր եւ ամուր բարեկամութեան մասին: Սա նաեւ միջազգային հանրութեան համերաշխութեան ու մարդասիրութեան լաւագոյն դրսեւորումներից մէկն է:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց