• «Երանի՛ խաղաղարարներին…», Ն. Ս. Ֆրանցիսկոսի ընդհանուր ունկնդրության քարոզը

    «Ցանկացած իրավիճակում և միշտ պետք է խաղաղություն փնտրել, ցանկացած իրավիճակում և միշտ․ չմոռանա՛ք այս մասին»։


    Սիրելի եղբայրնե՜ր և քույրե՜ր,

     

    Այսօրվա խորհրդածությունը նվիրված է Երանության յոթերորդ պատվիրանին․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»։ Ես ուրախ եմ, որ այս պատվիրանի մասին խոսում եմ Սուրբ Զատկից անմիջապես հետո, քանզի Քրիստոսի խաղաղությունը Նրա մահվան ու հարության պտուղն է, ինչպես կարդում ենք Սբ․ Պողոսի նամակում։ Երանության այս պատվիրանի իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է բացատրել «խաղաղություն» բառի իմաստը․ այն սխալ է մեկնաբանվում, երբեմն նաև վերածվում է տափակության, հիմարության։

     

    Մենք պետք է կողմնորոշվենք «խաղաղություն» հասկացողության երկու իմաստների միջև․ առաջին իմաստի բացատրությունը տրված է Աստվածաշնչում, որտեղ ի հայտ է գալիս «shalom» գեղեցիկ բառը, որը նշանակում է՝ առատություն, բարգավաճում, բարեկեցություն։ Եբրայերենից թարգմանաբար «shalom» մաղթանքը նշանակում է՝ գեղեցիկ, լիարժեք, բարեկեցիկ կյանք, սակայն նաև՝ կյանք համաձայն ճշմարտության և արդարության։

     

    Կա նաև մեկ այլ տարածված նշանակություն, որի համաձայն, «խաղաղություն» ասելով՝ հասկանում են ներքին հանգստությունը․ «ես հանգիստ եմ, ես խաղաղության մեջ եմ»։ Դա ժամանակակից, հոգեբանական և առավել սուբյեկտիվ հասկացողություն է։ Սովորաբար «խաղաղություն» ասելով՝ հասկանում են մարդու հանգիստ, ներդաշնակ, ներքին հավասարակշռված վիճակը։ «Խաղաղություն» բառի այս նշանակությունը լիարժեք չէ և չի կարող բացարձակացվել, քանզի կյանքի անհանգստությունը կարող է լինել աճի, զարգացման կարևոր պահ: Հաճախ հենց Աստվա՛ծ է մեր մեջ անհանգստություն սերմանում, որպեսզի մենք Նրան ընդառաջ գնանք, որպեսզի գտնենք Նրան։ Այս իմաստով մենք խոսում ենք աճի կարևոր պահի մասին: Սակայն ներքին հանգստությունը կարող է նաև նշանակել «հնազանդեցված» խիղճ, այլ՝ ոչ թե իրական հոգևոր քավություն։ Հաճախ Տերը պետք է դառնա «տարակարծության» պատճառ՝ խարխլելով մեր կեղծ հենարանները, որպեսզի մեզ տանի դեպի փրկություն։ Այդ պահերին թվում է, թե հանգիստ չկա, սակայն Նա՝ Տե՛րն է մեզ այդ ճանապարհով տանում, որպեսզի մենք հասնենք խաղաղության, որը հենց Ինքն է ընծայում։

     

    Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ Տիրոջ ենթադրած խաղաղությունը լրիվ տարբեր է մարդկային խաղաղությունից․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ․ 14,27)։

     

    Եկե՛ք միասին մտածենք, թե ի՞նչ խաղաղություն ենք ստանում այս աշխարհից։ Եթե հիշենք ռազմական հակամարտությունների մասին, ապա սովորաբար պատերազմներն ավարտվում են երկու տարբերակով․ կամ հակամարտող կողմերից մեկի պարտությամբ, կամ էլ խաղաղության համաձայնագրերով: Մենք չենք կարող ոչ ցանկանալ և ոչ էլ աղոթել, որպեսզի ընտրվի հենց այդ երկրորդ տարբերակը, սակայն պետք է նկատի ունենալ, որ պատմությունն անթիվ խաղաղության պայմանագրերի շարք է, որոնք հերքվել են հետագա պատերազմներով կամ հենց այդ պատերազմների այլակերպումներով, որոնք շարունակվում են այլ եղանակներով և այլ վայրերում։ Մեր դարաշրջանում ևս մի քանի ասպարեզներում և տարբեր եղանակներով «մաս-մաս» պատերազմ է ընթանում։ Մենք առնվազն պետք է ենթադրենք, որ գլոբալացման համատեքստում, որը հիմնականում հետապնդում է տնտեսական կամ ֆինանսական շահեր, ոմանց «խաղաղությունը» համապատասխանում է մյուսների «պատերազմին»։ Սա Քրիստոսի խաղաղությունը չէ՛։

     

    Այսպիսով, ինչպե՞ս է Տեր Հիսուսն ընծայում Իր խաղաղությունը։ Ինչպես Սուրբ Պողոսն է ասում․ «Քրիստոսի խաղաղությունը երկուսը մեկ է դարձնում» (Եփս. 2:14)՝ վերացնելով թշնամությունը և հաշտեցնելով։ Խաղաղության այս գործը իրականացնելու ճանապարհը եղավ Նրա մարմինը։ Հիրավի, Նա հաշտեցնում է ամեն ինչ և խաղաղություն է բերում Իր Խաչի արյամբ, ինչպես ասում է Պողոս առաքյալը։

     

    Մենք կարող ենք ինքներս մեզ հարցնել, թե ովքե՞ր են այդ «խաղաղարարները»։ Երանության յոթերորդ պատվիրանը ամենագործունն ու ազդեցիկն է։ Այս արտահայտությունը նման է աշխարհի արարմանը վերաբերող աստվածաշնչյան առաջին տողին և նշանակում է նախաձեռնություն և աշխատասիրություն։ Սերն իր էությամբ ստեղծարար է և ամեն գնով ձգտում է հաշտության։ Աստծո զավակներ են կոչվում նրանք, ովքեր սովորել են խաղաղության արվեստը և հմտանում են նրանում ՝ իմանալով, որ չկա հաշտություն՝ առանց սեփական կյանքի նվիրաբերման։ Ցանկացած իրավիճակում և միշտ պետք է խաղաղություն փնտրել։ Ցանկացած իրավիճակում և միշտ․ չմոռանա՛ք այս մասին։ Այն անհրաժեշտ է փնտրել հենց այսպես։ Դա ինքնուրյուն աշխատանք չէ, սեփական ընդունակությունների արդյունքը չէ, այլ Քրիստոսից ստացած շնորհի դրսևորումն է, Ով մեր խաղաղությունն է և Նա մեզ դարձրեց Աստծո զավակներ։

     

    Իսկական «shalom» և իսկական ներքին հավասարակշռվածությունը Քրիստոսի խաղաղությունից են սկիզբ առնում, որը բխում է Նրա Խաչից և նոր մարդկություն է ծնում, որը մարմնավորվում է բազմաթիվ սուրբ տղամարդկանց ու կանանց միջոցով, ովքեր միշտ նոր ուղիներ են փնտրում, որպեսզի սիրեն։ Նրանք սրբեր են, ովքեր խաղաղություն են բերում։ Աստծո զավակների կյանքը, ովքեր Քրիստոսի Արյան միջոցով փնտրում և կրկին գտնում են իրենց եղբայրներին, հանդիսանում է իսկական երջանկություն։ Այս ճանապարհով քայլողները երջանիկ են։

     

    Մեկ անգամ ևս ձեզ ցանկանում եմ լուսավոր Զատիկ՝ Քրիստոսի խաղաղության մեջ։

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբ.՝ Տ. Հովսեփ

     

Օրացույց

Օրացույց