• Տերը մեզ անապատ է կանչում՝ դեպի Իր Խոսքի, աղոթքի և ողորմության տարածություն

    «Քառասնորդաց Պահքը բարենպաստ ժամանակ է՝ սիրտն Աստծո Խոսքի առջև բացելու համար»


    Փետրվարի 26-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրությունը տեղի ունեցավ Սուրբ Պետրոսի հրապարակում և նվիրված էր Մեծ Պահքի խորհրդին, որն, ըստ լատին ծեսի, սկսվում է չորեքշաբթի:

     

    «Սուրբ Քառասնորդաց Պահքը մեզ տանում է դեպի ծիսական տարվա սիրտը, դեպի մեր հավատքի սիրտը՝ այսինքն դեպի Զատիկ»,-ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը: Այս ուղին հենց Հիսուսի ճանապարհն է, Ով Իր ծառայության սկզբում քառասուն օրով գնաց անապատ աղոթելու և ծոմ պահելու համար, որտեղ փորձվեց սատանայից: Նորին Սրբությունը պարզաբանեց, թե ինչ է նշանակում անապատն հոգևոր իմաստով մեզ՝ հավատացյալներիս համար և խնդրեց պատկերացնել, որ իբր մենք անապատում ենք:

     

    Անապատը մեզ հեռացնում է աղմուկից, դա այն վայրն է, որտեղ բառերը լռում են՝ տարածություն բացելով Աստծո Խոսքի համար: Անապատն Աստծո Խոսքի վայրն է: Աստվածաշնչում Աստված սովորաբար հենց անապատում է դիմում մարդուն. անապատում է Նա փոխանցում Մովսեսին Տասը պատվիրանները, իսկ, երբ ժողովուրդը հեռանում է Նրանից, Աստված խոսում է Նրա մասին որպես սիրելիի. «Դրա համար ահա կմոլորեցնեմ նրան և կդարձնեմ նրան ինչպես անապատ և կխոսեմ նրա սրտին» (Օս. 2, 14): Տեր Հիսուս Քրիստոսը հաճախ մեկուսանում էր՝ ամայի վայրերում աղոթելու համար և Նա մեզ սովորեցրեց փնտրել Հորը, Ով խոսում է մեզ հետ լռության մեջ: Այսօր,- արձանագրեց Ֆրանցիսկոս Քահանայապետը,- շատ դժվար է սրտում գտնել այդ լռությունը, քանի որ մենք անընդհատ ցանկանում ենք արտահայտվել, խոսել:

     

    «Քառասնորդաց Պահքը բարենպաստ ժամանակ է՝ սիրտն Աստծո Խոսքի առջև բացելու համար: Սա հեռուստացույցն անջատելու և Աստվածաշունչ կարդալու՛ ժամանակն է: Բջջային հեռախոսներից կտրվելու՛ և Ավետարանին միանալու՛ ժամանակն է… Անիմաստ բառերից, խոսակցություններից ու բամբասանքներից հրաժարվելու՛ ժամանակաշրջանն է»:

     

    Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց «էկոլոգիապես առողջ սիրտ ունենալու. մեր սիրտը «մաքրման կարիք ունի»:

     

    «Այսօր մենք ապրում ենք «բանավոր» բռնությամբ, վնասակար խոսքերով խիստ աղտոտված միջավայրում, որն է՛լ ավելի է խորացնում համացանցը: Այսօր վիրավորելը նույնքան հեշտ է, որքան ողջունելը: Մենք ծանրաբեռնված ենք դատարկ խոսակցություններով, երկիմաստ հաղորդագրություններով և գովազդներով: Մենք սովորել ենք լսել ամեն ինչ բոլորի մասին և մեզ սպառնում է սրբապղծությունը, որն առաջացնում է սրտի ատրոֆիա, որի միակ բուժումը լռությունն է: Մենք դժվարությամբ ենք ճանաչում մեզ ուղղված Աստծո ձայնը, խղճի ձայնը, բարության ձայնը: Մեզ անապատ կանչելով՝ Հիսուս խնդրում է լսել ամենագլխավորը, ամենակարևորը: Երբ սատանան Նրան փորձության էր ենթարկում, Նա պատասխանեց. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մտթ. 4,4): Մենք ավելի քիչ կարիք ունենք հացի և ավելի շատ կարիք ունենք Աստծո Խոսքը լսելու և Աստծո հետ զրուցելու. մեզ աղոթք է անհրաժեշտ»:

     

    Անապատն այն վայրն է, որտեղ մենք գիտակցում ենք, որ մարդ անհատը ամենագլխավորն է կյանքում: Մեզ շրջապատում են շատ անպետք իրեր, որոնցից պետք է ազատվել, որպեսզի նորից մեզ համար բացահայտենք այն, ինչն իսկապե՛ս արժեքավոր է, որպեսզի նորից նայենք նրանց դեմքերին, ովքեր մեզ հետ են: Պահքը հենց դա է նշանակում՝ հրաժարվել ավելորդ, անպետք իրերից և վերադառնալ գլխավորին:

     

    Անապատը նաև մենության վայր է: Մեր շրջապատում շատ անապատներ կան, այսինքն միայնակ ու լքված մարդիկ: Մեր անապատը մեզ պետք է տանի նրանց մոտ, ովքեր լուռ աղոթում են օգնության համար: Մեծ Պահքի անապատի ճանապարհը ամենաթույլերի նկատմամբ ողորմության ճանապարհ է:

     

    «Եկե՛ք, ուրեմն, Հիսուսի հետ անապատ գնանք և Նրա հետ միասին մեր անապատները կծաղկեն», – այսպես ավարտեց իր քարոզը Նորին Սրբությունը:

     

    Vatican News

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփ

     

Օրացույց

Օրացույց