• «Մենք պետք է անչափահասներին պաշտպանենք տեխնոլոգիական արատներից». Ֆրանցիսկոս Պապ

    Մարտահրավերը, որի առջև գտնվում ենք, հետևյալն է. անչափահասներին հասանելի դարձնել այդ նոր տեխնոլոգիաների ապահով ու անվտանգ մատակարարումը՝ ապահովելով նրանց խաղաղ և առողջ աճը, որպեսզի նրանք թիրախ չդառնան բռնարար ոճիրների և վնասակար ազդեցությունների համար


    Հինգշաբթի՝ 2019թ. նոյեմբերի 14-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն առաքելական պալատի Կլեմենթինա դահլիճում ընդունեց «Անչափահասների արժանապատվությունը թվային աշխարհում» խորագրով միջազգային հանդիպման մասնակիցներին։

     

    Հանդիպումը տեղի ունեցավ Վատիկանի Գիտության Ակադեմիայի մոտ՝ նոյեմբերի 14-15-ը:

     

    Ներկաներին ուղղած իր խոսքում Քահանայապետը շեշտեց նյութի կարևորությունը և խնդիրներին դիմագրավելու համար ուժերի միացման անհրաժեշտությունը, «որովհետև, ասաց Նա, այսպիսի բարդ հարցը բոլորի համագործակցության կարիքն ունի՝ գիտնականների, արվեստագետների, ձեռնարկատերերի, տնտեսական գործիչների, օրենսդիրների, քաղաքագետների ու անվտանգության պատասխանատուների, դաստիարակների, հոգեբանների, ինչպես նաև կրոնական ու բարոյական ղեկավարների։

     

    Ֆրանցիսկոս Պապը մատնանշեց Կաթողիկէ Եկեղեցու վերջին տարիներին ապրած ցավալի փորձառությունը, Եկեղեցում անչափահասների դեմ գործված պղծություններին ու դրանց հետևանքով առաջացած տառապանքին և այդ վերքերը դարմանելու հրատապությանը, ինչպես նաև վճռակամ կերպով այդ ոճիրները կանխարգելելու ու դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությանը։

     

    «Դրա համար կաթողիկէ եկեղեցին ինքն իրեն պարտական է համարում հեռատեսությամբ դեպի առաջ նայելու». ասաց Նորին Սրբությունը՝ շեշտելով, որ «գտնվում ենք մարդկության ապագային հայող խնդրահարույց հարցերի դիմաց՝ ի տես հաղորդակցությանը և տեղեկատվությանը տեխնոլոգիաների ծավալմանը և զարգացմանը։ Չպետք է կասկածել, ասաց Նա, թե թվային աշխարհում այդ զարգացումը նոր հնարավորություններ է ընծայում անչափահասներին՝ նրանց դաստիարակության ու անհատական  կազմավորման ուղղությամբ։

     

    Տեխնոլոգիան նոր հորիզոններ է բացում հատկապես այն անչափահասների դիմաց, որոնք ապրում են թշվառ պայմաններում ու հեռու արդյունաբերական շրջաններում։  Մարտահրավերը, որի առջև գտնվում ենք, հետևյալն է. անչափահասներին հասանելի դարձնել այդ նոր տեխնոլոգիաների ապահով ու անվտանգ մատակարարումը՝ ապահովելով նրանց խաղաղ և առողջ աճը, որպեսզի նրանք թիրախ չդառնան բռնարար ոճիրների և վնասակար ազդեցությունների համար։

     

    Այստեղ Սրբազան Քահանայապետը մատնանշեց թվային տեխոնոլոգիաների արագ ծավալումն ու այս ծավալման ժխտական երևույթներին դիմագրավելու իշխանությունների տկարությունը, որի պատճառով վտանգ կա «մարդկային արժանապատվության դեմ ոտնձգությունների՝ ի տես նաև այն իրականությանը, թե ցանցի բացասական երևույթները հասանելի են նաև անչափահասներին՝ նրանց վրա  ունենալով ժխտական ազդեցություն։

     

    Հրատապ կերպով անհրաժեշտ է տեղյակ լինել այդ երևույթների չափին ու ծանրությանը՝ հավասարակշռություն դնելով տեխոնոլոգիաների զարգացման դրական և բացասական իրողության միջև և ուշադիր լինել նրանց ժխտական հետևանքներին։

     

    «Դուք հիմնական պարտականություն ունեք». ասաց Սրբազան Պապը ներկաներին, «հարկավոր է հստակ կերպով տեսնել ու հասկանալ վտանգների բնույթն ու չափանիշերը, որոնց դեմ պետք է պայքարել»։ Անհնար է դիմագրավել այդ մարտահրավերներին՝ հիմնվելով մակերեսային և ամփոփ գիտելիքների վրա, այլ պետք է հիմքեր կառուցել՝ պաշտպանելու անչափահասների արժանապատվությունը և սա պետք է լինի գիտական  հետազոտական ձեր աշխատանքի վեհ նպատակը։

     

    Այդ ուղղությամբ Քահանայապետը շեշտեց նաև հաղորդակցության միջոցների պարտականությունը: Նա ասաց, որ դա շատ կարևոր է և պետք է ի հայտ դնել հարցերի ծանրությունն ու տեխնոլոգիաների վտանգները։

     

    Ֆրանցիսկոս Պապը մատնանշեց նաև հանդիպման ենթատիտղոսը՝ «գաղափարից անցում դեպի գործնականը» պարզաբանելով, որ բավարար չէ միայն հասկանալ, այլ պետք է գործի լծվել,  որովհետև ինչքան ժամանակ անցնի, այդքան չարը կարմատավորվի ու մտահոգությունը կաճի։

     

    Քահանայապետն անդրադարձ կատարեց նաև թվային աշխարհում «խոսքի և արտահայտության ազատության» հարցին՝ նկատելով, որ այդ ուղղությամբ հարկավոր է գտնել հավասարակշռություն, որտեղ կհարգվի խոսքի ազատությունը, սակայն մյուս կողմից առիթ չտրվի, որ թվային աշխարհը դառնա բռնությունների ու ոճիրների վայր։

     

    Այնուհետև Նորին Սրբությունը շեշտեց համացանցային աշխարհով զբաղվող ընկերությունների պատասխանատվությունը, որոնց չի կարելի պարզապես համարել ծառայություններ մատուցողներ, այլ նաև այդ ծրագիրների մատուցման, իրավական և բարոյական  գործածության պատասխանատուներ։

     

    Սրբազան Պապն այդ ուղղությամբ թելադրեց մի քանի առաջարկներ.

     

    Իշխանությունները պետք է հակազդեն ոճրային արարքներին, որոնք կարող են վնաս հասցնել կյանքին և անչափահասների արժանապատվությանը:

     

    Երկրորդ՝ շեշտել ու ընդգծել  ցանցային աշխարհի մեծ ընկերությունների պատասխանատվությունը անչափահասների նկատմամբ ու նրանց ապագայի ու համապարփակ զարգացման ուղղությամբ։

     

    «Առանց այս ընկերությունների ներգրավման, առանց նրանց բարոյական պատասխանատվության, անհնար է երաշխավորել անչափահասների անվտանգությունը». ասաց Սրբազան Պապը՝ քաջալերելով որոշ պետությունների կողմից այդ ուղղությամբ տարվող, բայց տակավին շատ տկար քայլերը և օրենսդիրների հանձնառությունը։

     

    Ապա Քահանայապետն ընդգծեց, որ ծնողների բարի կամքին հակառակ այսօր միշտ ավելի դժվար է հսկել զավակներին և դրա համար արդյունաբերական ու գործարարական աշխարհը  պետք է համագործակցի ծնողների հետ և միջամտի դաստիարակչական պատասխանատվությանը:

     

    Ֆրանցիսկոս Պապն ակնարկեց նաև տեխնոլոգիական զարգացման և թվային աշխարհում տնտեսական հզոր ներդրումների ու շահերի մասին՝ կոչ ուղղելով գործարարներին, ներդրումներ կատարողներին, որպեսզի անչափահասներն ու  ընկերության բարիքը զոհ չդառնան շահույթին։

     

    «Երիտասարդության առողջ ու ապահով աճը վեհ նպատակ է, որի համար արժե աշխատել ու շատ ավելի արժեքավոր է այն տնտեսական շահից, որը ձեռք է բերվում՝ երիտասարդներին  չարիք ու վնաս հասցնելու արկածախնդրությունից»։

     

    Խոսքի ավարտին Սրբազան Պապն ակնարկեց մարդու ստեղծագործության ու բանականության մասին, որոնք պետք է մտահղացված լինեն մարդկային համապարփակ զարգացման և մարդկային նրա կյանքի դրական որակի համար։

     

    «Ամեն մի դաստիարակ, ամեն մի ծնող օգնության կարիք ունի, և նրան սատարում է նաև կրոնական ներշնչումն ու տեսությունը, որն ունի միջազգային շունչ, որովհետև մարդու արժանապատվության հարգանքը հիմնվում է Աստծո սրբության ու մեծության վրա»,- ասաց Սրբազան Քահանայապետն ու խոսքը եզրափակեց՝ շեշտելով, որ անչափահասների պաշտպանության դատը պետք է միավորի մեզ»։

     

    «Մենք ցանկանում ենք  աշխարհի երեսից վերացնել բռնությունն ու անչափահասների նկատմամբ որևէ ոտնձգություն։ Նայե՛նք նրանց աչքերին, նրանք ձեր զավակներն են. պետք է նրանց սիրենք որպես Աստծո զավակներ ու գլուխգործոցներ։ Նրանք լավ կյանքի իրավունք ունեն: Պարտականություն ունենք ամեն ջանք թափելու, որպեսզի դա ապահովենք նրանց համար»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը։

     

    Վատիկան Նյուզ-Ռադիո Վատիկան

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930