• Ահաբեկիչների ձեռքով սպանվել է Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:


    Սրտի խոր կսկիծով և վշտի զգացումով գուժում ենք, որ 2019թ. նոյեմբերի 11-ի առավոտյան ահաբեկիչների ձեռքով վայրագորեն սպանվել է Սիրիայի Գամիշլի բնակավայրի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևույթին, ահաբեկիչների կողմից արձակված կրակոցներից: Տեր Հոր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկավագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ սարկավագը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ցավագին զուգադիպությամբ, ողբերգական դեպքը պատահել է Շիդդադե կոչվող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանության վերջին կոտորածը:

    Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը ունի մեկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրությունն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Հովսեփի երիտասարդական միությունը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միությունների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միությունների աշխատանքը:

     

    Տ. Հովսեփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկէ համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխույժ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար:

     

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Օրացույց

Օրացույց