• Ընտանիքների հանդիպումները շարունակվում են. հյուրեր՝ Լեհաստանից և Սլովակիայից

    Համագործակցություն՝ ընտանիքների միություններ ստեղծելու ուղղությամբ


    2019թ. հոկտեմբերի 5-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու սրահում տեղի ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանի առաջնորդությամբ, ինչպես նաև Տեր և Տիկին Վարդան և Գոհար Շախուլանների ջանքերով տեղի ունեցավ «Եկեղեցասեր քրիստոնեական ընտանիք» խորագրով հանդիպում՝ շարունակելով այս տարվա հուլիսի 11-13-ը «Կարդինալ Աղաջանյան կենտրոնում» տեղի ունեցած եռօրյա հանդիպման տեսլականը՝ ընտանիքների համար ստեղծել հոգևոր կրթության, ընտանեկան կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ գիտելիքների խորացման, փորձառության կիսման և միասնական աղոթքի հնարավորություն:

     

    Հոկտեմբերի 5-ի հանդիպմանը նաև հյուրընկալվել էին Լեհաստանի Վրոցլավ քաղաքից՝ «Վյոսնա» կաթողիկէ ընտանիքների միության հիմնադիր Վալդեկ Բիկովսկին, Սլովակիայից՝ Հանա Սիմցիկովան և երիտասարդ ամուսիններ Ստանիսլավը և Աննան, ովքեր ևս աշխատում են կաթողիկէ ընտանիքների միությունների ստեղծման ուղղությամբ: Նրանք իրենց փորձառությունը կիսեցին ներկա գտնվող մասնակիցների հետ և ցանկություն հայտնեցին համագործակցել և օգնել, որպեսզի հայ կաթողիկէ համայնքներում ևս զարգանան ընտանիքների միությունները: Հյուրերը հանդիպել են նաև Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին և ստացել նրա հայրական օրհնությունը՝ առաքելություն կատարելու հայ ընտանիքների հետ միասին: Նրանք մտադիր են տեղի հոգևորականների առաջնորդությամբ և հայ, լեհ և սլովակ ընտանիքների հետ միասին հաջորդ տարի Հայաստանում կազմակերպել միասնական հանդիպումներ և հոգևոր կրթություն:

    Տ. Գրիգորը խոսեց հուլիսի 11-13-ը «Կարդինալ Աղաջանյան կենտրոնում» տեղի ունեցած հոգևոր կրթության մասին և հայտնեց իր պատրաստակամությունը՝ աջակցելու և կազմակերպելու միասնական հանդիպումներ: Նա խնդրեց նաև ներկա գտնվող ընտանիքներին շարունակել ակտիվ մասնակցությունը համայնքային եկեղեցական կյանքին: Հանդիպմանը ներկա էին ընտանիքներ՝ Գյումրիից, Փանիկից, Մեծ Սեպասարից և Երևանից:

     

Օրացույց

Օրացույց