• Սրբազան Պապը հաստատեց Աստծո Խոսքին նվիրված կիրակին

    «Երբ Աստվածաշունչը կարդացվում է հենց այն Հոգով, Որով որ գրվել է, ապա այն միշտ էլ մնում է նոր»:


    Առաքելական Aperuit illis կոչվող ուղերձով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սահմանեց, որպեսզի ծիսական տարվա յուրաքանչյուր երրորդ կիրակին նվիրվի  աստծո Խոսքի փառաբանմանը, խորհրդածությանն ու տարածմանը: Փաստաթուղթը հրապարակվեց 2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ի հիշատակ Սուրբ Հերոնիմոսի մահվան 1600-ամյակի, ով Աստվածաշունչն առաջին անգամ թարգմանել է լատիներեն: Հերոնիմոսն ասում էր. «Չիմանալ Սուրբ Գիրքը ՝ նշանակում է չիմանալ Հիսուսին»:

     

    Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ այս որոշումը բազմաթիվ հավատացյալների խնդրանքի արձագանքն է: Ուղերձը սկսվում է Ղուկասի Ավետարանից վերցված մի հատվածով (Ղկ. 24, 45), որտեղ հարություն առած Հիսուսը երևում է իր աշակերտներին, նրանց հետ միասին հաց ուտում ու բացում նրանց մտքերը, որեսզի հասկանան Սուրբ Գիրքը: «Այդ վախեցած ու ընկճված մարդկանց Նա բացահայտում է Զատկի խորհրդի իմաստը. Հոր հավերժական ծրագրի համաձայն Հիսուս պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ, որպեսզի մարդկանց առաջարկեր ապաշխարությունն ու մեղքերի թողությունը: Նա խոստացավ Սուրբ Հոգու էջքը, Ով նրանց ուժ պիտի տար՝ լինելու այդ փրկության խորհրդի վկաները»:

     

    Ֆրանցիսկոս Պապը հիշեցնում է, որ Աստծո Խոսքի նոր բացահայտման համար հզոր ազդակ են հանդիսացել Վատիկանի Երկրորդ ժողովի վարդապետական սահմանադրությունը, որ կոչվում է Dei Verbum և իր նախորդի՝ Բենեդիկտոս ԺԶ Պապի, որոշումը՝ 2008թ-ին հրավիրել Սինոդ՝ «Աստծո Խոսքը Եկեղեցու կյանքում ու առաքելությունում» թեմայով, ինչպես նաև նրա առաքելական հորդորը, որ կոչվում է Verbum Domini, որը «պարունակում  է կարևոր ուսմունք՝ մեր համայնքների համար»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ Աստծո Խոսքի Կիրակիի անցկացման ժամանակի ընտրությունը պատահական չէ. ծիսական տարվա այս ժամանակահատվածը նաև կոչ է անում ամրապնդելու կապերը հրեաների հետ ու աղոթել քրիստոնյաների միասնության համար:

     

    «Աստվածաշունչը չի կարող լինել միայն մի քանիսի սեփականությունը: Սա Աստծո ժողովրդի գիրքն է, որը տարանջատումից տանում է դեպի միասնություն: Աստծո Խոսքը միավորում է հավատացյալներին ու նրանց դարձնում միասնական»:

     

    Հիշելով Էմմավուսի ճանապարհին աշակերտների հետ կապված դրվագը՝ Ֆրանցիսկոս Պապը նշում է, թե «որքա՜ն անքակտելի է կապը Սուրբ Գրքի ու Սուրբ Հաղորդության միջև»: Այնուհետև նա մեջբերում է Dei Verbum սահմանադրությունը՝ Աստծո Խոսքի վերաբերյալ, որը ցույց է տալիս «Սուրբ Գրքի փրկարար նպատակները, հոգևոր չափանիշներն ու մարմնավորման սկզբունքը»: «Աստվածաշունչը ոչ գրքերի ժողովածու է և ոչ էլ տարեգրություն, այն ամբողջովին նպատակամղված է մարդու փրկությանը: Սուրբ Գրքում պարունակվող գրքերի անհերքելի պատմական արմատները չպետք է մեզ ստիպեն մոռանալ այս գլխավոր նպատակի՝ մեր փրկության մասին: Աստվածաշունչը՝ կազմված լինելով որպես փրկության պատմություն, իր բնույթով ուղղված է ճիշտ այս նպատակին, պատմություն, որտեղ Աստված խոսում ու գործում է, որպեսզի հանդիպի բոլոր մարդկանց ու փրկի նրանց չարից ու մահվանից»:

     

    Խոսելով Աստծո Խոսքի մարմնավորման մասին, որը ձև ու նշանակություն է հաղորդում «այն կապին, որ առկա է Աստծո Խոսքի և մարդկային լեզվի միջև՝ վերջինիս պատմական ու մշակույթային պայմաններով», Սրբազան Քահանայապետն ասաց, որ «հաճախ է Սուրբ Գիրքն ու Ավանդույթը միմյանցից առանձնացնելու գայթակղություն առաջանում՝ չհասկանալով, որ դրանք միասին հանդիսանում են Հայտնության միակ աղբյուրը: Աստվածաշնչյան հավատը հիմնված է կենդանի Խոսքի, այլ ոչ թե՝ գրքի վրա: Երբ Աստվածաշունչը կարդացվում է հենց այն Հոգով, Որով որ գրվել է, ապա այն միշտ էլ նոր է մնում»:

     

    Սրբազան Քահանայապետը միշտ հորդորում է Աստծո Խոսքը լսել կարծես առաջին անգամ, քանի որ այն Աստծո բարեգութ սիրո նորովի կոչ է անում, Ով Իր զավակներին խնդրում է ապրել սիրով: Ուղերձն ավարտվում է Սուրբ Կույս Մարիամին ուղղված աղոթքով, որպեսզի Նա մեզ ուղեկցի «Աստծո Խոսքի ընդունման ճանապարհին», օգնի մեզ հասնել երանելի վիճակին նրանց, ովքեր Աստծո Խոսքը լսում ու հոգատարությամբ պահում են:

     

    Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց