Մատուցուեց միասնական Սուրբ Պատարագ
2019թ. մայիսի 23-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութիւն այցելեց Շուեդիայի Կարդինալ Անդերս Արբորելիուսը՝ Արեւելեան կաթողիկէ եկեղեցիների առաջնորդ հայրերի մի պատուիրակութեան հետ միասին եւ ուղեկցութեամբ Շուեդիայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Հ. Յովսէփ Վրդ. Պահէի: Բարձրաստիճան հիւրերի մասնակցութեամբ Սուրբ Գրիգոր Նարեկացի մատռան մէջ մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ առընթերակայութեամբ Հոգշն. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի եւ Հոգշն. Հ. Յովսէփ Վրդ. Պահէի: Ներկա էր նաեւ Լեհաստանի հայ կաթողիկէների համար ծառայող Մալթայի միաբանութեան անդամ Հ. Հենրիկ Ծ. Վրդ. Բլաշչիկը:
Յընթացս Սուրբ Պատարագի, Հ. Գառնիկը Շվեդիայի պատուիրակութեանը փոխանցեց Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ջերմ ողջոյնները, պատմական տեղեկութիւններ յաղորդեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին եւ ասաց, որ հայ կաթողիկէները միշտ պատրաստ են ջերմութեամբ հիւրընկալելու Շուեդիայի հոգեւորականներին:
Հ. Գառնիկը Պատարագից յետոյ խնդրեց Կարդինալ Արբորելիուսի օրհնութիւնը: Կարդինալը նշեց, որ նմանութիւններ է տեսնում հայ եւ շուեդ ժողովուրդների պատմութիւնների մէջ՝ փաստելով, որ շուեդները եւս ունեցել են զոհեր՝ պատերազմների պատճառով եւ նահատակներ՝ յանուն հաւատքի:
Պատարագի աւարտին Շուեդիայի պատուիրակութիւնը այցելեց նաեւ Սրբոց Հրեշտակապետաց միացեալ հոգեւոր ճեմարան եւ հայ հոգեւորականների հետ միասին աղօթեցին նորանոր քահանայական կոչումների համար: