• Ինչու՞ է ամուսնական միությունն անբաժանելի. կիրակնօրյա քարոզ

    «Եվ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով… արու եւ էգ ստեղծեց նրանց», Ծննդ. 1, 27


    Այսօրվա ավետարանական հատվածում (Մրկ. 10, 1-12) Սուրբ Մարկոսը մեզ պատմում է մի դրվագ, երբ փարիսեցիները Հիսուսին հարցնում են ապահարզանի մասին, թե արդյո՞ք կարելի է, որ ամուսինն արձակի իր կնոջը: Երբ Հիսուս, ի պատասխան, հարցնում է, թե Մովսեսն ինչ է պատվիրել, նրանք պատասխանում են, թե Մովսեսը պատվիրել է արձակելու թուղթ գրել և արձակել: Հիսուս պատասխանում է, որ Մովսեսը թույլատրել է նրանց խստասրտության պատճառով, և ապա բացատրում է, թե իրականում ինչ է Աստված նախատեսել ամուսնության համար: Նա հիշեցնում է արարչագործության սկիզբը, երբ Աստված արու և էգ ստեղծեց մարդուն: Ծննդոց գրքի Ա գլխի 27-րդ համարում կարդում ենք. «Եվ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց»: Ծննդոց գրքի հեղինակը հատկապես շեշտում է, որ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն՝ երկու անգամ կրկնելով և ավելացնում է, որպես բացատրություն, թե արու և էգ ստեղծեց նրանց: Աստծո մեջ այս երկու սկզբունքները՝ արականը և իգականը անճառելի, խորհրդավոր կերպով ընդմիշտ ներկա են և ներկա են անբաժանելի, փոխլրացնող միությամբ, ավելին՝ սիրո միությամբ, որովհետև Աստված ամբողջովին սեր է (Ա Յվհ. 4, 8): Ուրեմն, որպես տղամարդ և կին միություն կազմելը նշանակում է արտահայտել Աստծո հետ մեր նմանությունը, նրա պատկերը լինելու ճշմարտությունը: Բայց այստեղ նրբությունը կայանում է նրանում, թե ինչպե՛ս պետք է արտահայտել այդ միությունը, ինչպես պետք է նախ հաստատել այն և ապա ապրել, պահել այն՝ որպես Աստծո պատվիրան և Աստծո հետ նմանություն: Նույն Ծննդոց գրքի Բ գլխի 18-րդ համարում կարդում ենք, որ Աստված ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի, նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Ադամը տեսնելով իր կողոսկրից ստեղծված կնոջն՝ ասում է. «Այժմ սա ոսկր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից» (Ծննդ.2, 23), և ապա գրված է. «Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մէկ մարմին»: Հիսուս, հիշեցնում է այս տողերը և շեշտում. «եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին: Արդ, ինչ, որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մրկ.10, 8):

     

    Հիսուս հորդորում է վերադառնալ մարդու և մարդկային առաջին ընտանիքի արարման սկզբնական իմաստին, որ դրել է Աստված մարդկային բնության մեջ՝ որպես Սուրբ Երրորդության մեջ գոյություն ունեցող սիրո վրա հիմնված համայնքի արտացոլում. այսինքն, մարդկային ամուսնական զույգը, որ արդեն իսկ ընտանիք է, կոչված է իր միության մեջ արտացոլելու Սուրբ Երրորդության մեջ հավիտենապես գոյություն ունեցող միությունը: Իսկ այդ միությունը չի կարող երբևէ բաժանելի լինել: Ծննդոց գրքի տողը՝ արու և էգ ստեղծելու մասին, մարդուն՝ արու և էգ, ընկալում է որպես մեկ ամբողջություն, մեկ մարդ:   Այս պատճառով է, որ Հիսուս շատ կատեգորիկ պատվիրում է, որ մարդն իրավունք չունի բաժանելու այն, ինչ միացնում է Աստված: Խոսքը ճշմարիտ քրիստոնեական միության մասին է, այսինքն ամուսնական խոստումը պետք է զույգերի կողմից տրվի Աստծո առաջ, այսինքն զույգը Աստծո առաջ ստանձնում է պարտականություն՝ իրենց կյանքում արտացոլելու Աստծո մեջ գոյություն ունեցող հավերժական միությունը և դա կատարելու համար զույգը Աստծուց ստանում է հատուկ շնորհ՝ գերբնական ձրի օգնության պարգև:

     

    Այդ միությունը իրագործելու համար զույգն իր ամուսնական կյանքը պետք է  ապրի ըստ Աստծո կամքի՝ սիրելով և օգնելով միմյանց հասնել սրբության՝ ընտանեկան կյանքում, այսինքն՝ իրենց ամուսնական հարաբերություններում արտացոլելով Աստծո սերը:

    Տղամարդու և կնոջ փոխլրացնող միության վրա է հիմնված կնոջ և տղամարդու հավասար արժանապատվության սկզբունքը և լիակատար ինքնադրսևորման հնարավորությունը. առանց կնոջ հանդեպ լիակատար հարգանքի և սիրո տղամարդը չի կարող լիովին դրսևորվել՝ որպես մարդ, ճիշտ Ադամի նման, որ ինքն իրեն միայնակ էր զգում, և երբ տեսավ, որ Աստծո ստեղծած կինը «ոսկր է իր ոսկորից և մարմին իր մարմնից», այն ժամանակ միայն ինքն իրեն զգաց ամբողջական, լիարժեք անձ:

     

    Սուրբ Պողոսը Եփեսացիներին ուղղված իր թղթում հորդորում է տղամարդկանց սիրել իրենց կանանց ինչպես իրենց մարմինները և ավելացնում. «ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում»: Այսինքն, տղամարդը պետք է իր կնոջն ընկալի որպես ինքն իրեն, իր մեկ մասը, իր կեսը՝ լիարժեք իմաստով: Սա նաև մերձավորի հանդեպ սիրո ընկալման կարևոր մի դպրոց է. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դու՛ք արէք նրանց» (Մտթ.7, 12): Սբ. Պողոսը տղամարդկանց կոչ է անում իրենց կանանց սիրել այնպես, ինչպես Քրիստոս սիրեց Իր Եկեղեցին՝ Իր անձը մատնելով Եկեղեցու համար: Այսինքն, ամուսնական միությունը ամրապնդելու համար անհրաժեշտ է ի սպառ սեր՝ զոհաբերվող սեր: Իսկ կանայք, ասում է Պողոսը, թող հնազանդվեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև տղամարդը կոչված է նմանվելու Քրիստոսին, իսկ կինը՝ Եկեղեցուն: Ինչպես որ Քրիստոս միշտ անդավաճան սիրում և զոհվում է Իր Եկեղեցու համար, այնպես էլ Եկեղեցին կոչված է միշտ հավատարիմ լինել ու սիրել Քրիստոսին: Այդպիսին պետք է լինեն նաև քրիստոնյա ամուսինների հարաբերությունները:

     

    Ամուսնության սրբազան էությունը, սակայն, մարդկությունը նսեմացրել է և աղճատել, իմաստազրկել, կտրել աստվածային բնույթից և նմանությունից, դարձրել իր մեքենայություններին ենթակա, հեշտ կառավարելի և հարաբերական մի երևույթ՝ ենթակա մարդկային որոշումներին, օրենքներին և պահի ցանկությանը, այլ խոսքով՝ մարդկային խստասրտությանը, որի մասին ասաց Հիսուս փարիսեցիներին: Բայց Ինքը երկրորդ Մովսեսն է, որ, սակայն, ոչ թե արտոնում է զեղծել աստվածային օրենքը, այլ վերադառնալ արմատներին, որովհետև միայն այդպե՛ս կարելի է պահել ընտանիքի իմաստն ու իրողությունը՝ որպես աստվածանմանություն կամ Աստծո հետ ներդաշնակություն: Ադամն ու Եվան իրենց սնափառության պատճառով կորցրեցին այդ ներդաշնակությունը, որ ունեին մինչև օձից խաբվելը: Ծննդոցում կարդում ենք, որ «նրանք մերկ էին եւ չէին ամաչում» (2, 24): Ադամի և Եվայի՝ իրենց միության ընկալումն այնքան անկեղծ էր ու ներդաշնակ ոչ միայն միմյանց, այլև Աստծո և ողջ արարչագործության հետ, որ նրանք իրենց սեռականությունը ևս ընկալում էին մաքրագույն իմաստով, առանց ամոթի զգացման, մարմնի իմաստն ու առաքելությունը ընկալելով որպես միմյանց հետ, Աստծո և աշխարհի հետ իրենց ներդաշնակ միությունը արտահայտելու, Սուրբ Երրորդության միությունը արտացոլելու, հոգևոր և մարմնական միությամբ Աստծուն նմանվելու միջոց, ինչպես բացատրում է Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը (Մարմնի աստվածաբանություն, 1979-1984թթ.): Մարդկային մարմնի այս իմաստը և ընկալումը զեղծվեց Աստծուց անկախ ապրելու, մարդկային «ես»ը Աստծուց կտրելու, Աստծուն հավասար դնելու ցանկությունից, որը մարդու մեջ դրեց սատանան՝ օձը: Ամոթը կործանեց նախնական ներդաշնակությունը: Մարմնի իրական իմաստը կորեց, մարդը սկսեց ամաչել իր սեռականությունից և ոչ թե ապրել այն ըստ աստվածատուր իմաստի: Ուրեմն, մարդկային մարմինը կոչված է ծառայելու տղամարդու և կնոջ անքակտելի միությանը և ոչ թե պատճառը լինելու այդ միության բաժանման, ինչպես տեսնում ենք մարդկային պատմության մեջ: Ուրեմն, այսօր մեզ անհրաժեշտ է ամուսնական միության մեջ վերաիմաստավորել «լինել մեկ մարմին» հասկացությունը և պատվիրանը, որպեսզի կարողանանք վերականգնել ընտանիքի մաքուր քրիստոնեական իմաստը:

     

    Սրբուհի Աստվածածի՛ն, դու, որ Սուրբ Ընտանիքի Մայրն ես և Եկեղեցու Մայրն ես, սովորեցրու՛ մեզ այսօր ճիշտ հասկանալ մեր ընտանիքների առաքելությունը, միության իմաստը և բարեխոսի՛ր մեր ընտանիքների և ամուսնական զույգերի համար. ամեն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    23 սեպտեմբերի, 2018թ.

Օրացույց

Օրացույց