
Երևան, 18 հուլիսի, 2026թ.
Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը խրախուսում է Աստծո պարգևների ազնիվ և հաշվետու տնտեսման մշակույթը: Եկեղեցու ժամանակավոր (նյութական) ռեսուրսների տնտեսող լինելը ենթադրում է մեծ պատասխանատվություն. պատասխանատվություն՝ պահպանելու Եկեղեցու ակտիվները, ֆինանսական հարցերում խոհեմություն դրսևորելու, հաշվետու լինելու նրանց առջև, ովքեր դրամական աջակցություն են տրամադրում Եկեղեցուն, և համապատասխանելու քաղաքացիական բոլոր կանոնակարգերին:
Զեղծարարությունը չի հանդուրժվում: Զեղծարարության կանխումը բոլոր հոգևորականների, կրոնավորների, աշխարհական աշխատակիցների, Ֆինանսական խորհրդի անդամների և եկեղեցական վարչարարության մեջ ներգրավված այլ կամավորականների պատասխանատվությունն է՝ Առաջնորդության քաղաքականությանն ու ընթացակարգերին հետևելու միջոցով: Առաջնորդությունն ակնկալում է, որ զեղծարարության ցանկացած կասկածելի դեպքի մասին կզեկուցվի և երաշխավորում է պաշտպանություն հետագա հալածանքներից կամ վրեժխնդրությունից: Այն անձինք, ում մասնակցությունը զեղծարար արարքներին կապացուցվի, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՝ ներառյալ պաշտոնից ազատումը, ինչպես նաև քաղաքացիական և քրեական հետապնդման:
Զեղծարարություն համարվող արարքները
Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը զեղծարարությունը սահմանում է որպես Առաջնորդական կառույցի ռեսուրսների կամ ակտիվների դիտավորյալ չարաշահում կամ յուրացում՝ իրավախախտի կամ այլ անձանց անձնական հարստացման նպատակով: Զեղծարարությունը ներառում է նաև թեմական կառույցի ռեսուրսների կամ ակտիվների չարաշահմանն ու յուրացմանն առնչվող էական փաստի դիտավորյալ կեղծ ներկայացումը կամ թաքցնումը: Բացի այդ, զեղծարարությունը ներառում է ֆինանսական հաշվետվությունների ցանկացած դիտավորյալ կեղծում կամ դրանցում սխալ (աղավաղված) տվյալների ներկայացում: Զեղծարարություն համարվող արարքները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով․
– դրամական միջոցների, գույքի, արժեթղթերի կամ այլ ռեսուրսների և ակտիվների յուրացում,
– դրամական միջոցների կամ ֆինանսական գործարքների տնօրինման կամ հաշվետվությունների ներկայացման մեջ անպատշաճություն (խախտումներ),
– ֆիդուցիար (վստահության վրա հիմնված) պարտականությունների խախտում` ներառյալ գաղտնի տեղեկատվության բացահայտումը արտաքին կողմերին.
– կապալառուներից, մատակարարներից կամ թեմական կառույցին ծառայություններ/ապրանքներ մատուցող (կամ մատուցելու ցանկություն ունեցող) անձանցից որևէ արժեքավոր բան ակնկալելը` սեփական կամ այլ անձի անձնական օգուտի համար,
– կապալառուներից, մատակարարներից կամ թեմական կառույցին ծառայություններ/նյութեր մատուցող (կամ մատուցելու ցանկություն ունեցող) անձանցից որևէ արժեքավոր բան ընդունելը` սեփական կամ այլ անձի անձնական օգուտի համար՝ խախտելով թեմի «Շահերի բախման քաղաքականությունը»,
– կաշառակերություն,
– Առաջնորդական կառույցի համակարգչային համակարգերի կամ այլ գույքի անպատշաճ օգտագործում.
– արձանագրությունների, կահույքի, հարմարանքների և սարքավորումների առանց թույլտվության ոչնչացում կամ տեղափոխում (հեռացում).
– ֆինանսական հաշվետվությունների դիտավորյալ կեղծում կամ դրանցում սխալ տվյալների ներկայացում, և
– որևէ անազնիվ արարք:
Զեղծարարության մասին Առաջնորդությանը զեկուցելը
Զեղծարարության վերաբերյալ կասկածները պետք է ներկայացվեն եպիսկոպոսի կողմից նշանակված Առաջնորդական անձնակազմին (այսինքն՝ Ընդհանուր Փոխանորդին, դիվանապետին, իրավաբանին, գլխավոր ֆինանսական տնօրենին կամ ներքին աուդիտորին): Բոլոր կասկածելի զեղծարարությունների մասին պետք է զեկուցվի հնարավորինս շուտ: Զեղծարարության կասկածելի արարքների մասին օպերատիվ կերպով չզեկուցելը կարող է վտանգել գողացված դրամական միջոցները և/կամ գույքը հետ ստանալու, կամ ոչ պատշաճ կերպով կազմված ֆինանսական հաշվետվությունները ժամանակին ուղղելու թեմի հնարավորությունը: Կասկածելի զեղծարարության վերաբերյալ զեկույցները պետք է ներառեն ողջ համապատասխան տեղեկատվությունը ենթադրյալ արարքի մասին, ներառյալ ցանկացած առկա նյութական ապացույց:
Հետաքննություն
Նշանակված թեմական անձնակազմը պատասխանատու է կասկածելի զեղծարարության մանրակրկիտ և օպերատիվ հետաքննության համար: Եթե զեկույցը անանուն չի եղել, ապա նախնական զեկույցը ներկայացրած անձը կստանա հաստատում այն մասին, որ իր զեկույցն ընդունվել է, և որ հաջորդող հետաքննությունը գաղտնի է: Հետաքննության ընթացքում այդ անձի հետ կարող են կապ հաստատել, կամ չհաստատել:
Գործի վարման վերաբերյալ առաջարկվող որոշումները կկայացվեն Առաջնորդի կամ նրա լիազորված անձի (անձանց) կողմից: Զեղծարարության վերաբերյալ բոլոր հետաքննությունների արդյունքները և ֆինանսական զեղծարարության բոլոր հաստատված արարքների վերջնական լուծումը պետք է ներկայացվեն Ֆինանսական խորհրդին:
Արձանագրությունների պահպանումը
Զեղծարարության հետաքննության փաստաթղթերը պետք է պահպանվեն թեմի իրավաբանի կողմից սահմանված ուղեցույցների համաձայն:
Գաղտնիություն
Գործերի վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտվում է միայն այն կողմերին, ովքեր ունեն դրանց մասին տեղեկացված լինելու օրինական անհրաժեշտություն: Նման գործերին տեղյակ բոլոր կողմերը պետք է պահպանեն գաղտնիություն՝ խուսափելու համար այն անձանց հեղինակությունը վնասելուց, ովքեր կասկածվում են, բայց հետագայում անմեղ են ճանաչվում անօրինական վարքագծի մեջ, ինչպես նաև Առաջնորդությունը հնարավոր քաղաքացիական պատասխանատվությունից պաշտպանելու համար:
Ծանոթագրություն.
Սույն փաստաթուղթը մշակելիս հիմնվել ենք Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի պահանջների, Առաջնորդության ֆինանսատնտեսական համակարգի 2025թ. հունվարին գերմանական Empacta աուդիտորական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների, ինչպես նաև` Ամերիկյան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի` USCCB-ի “DIOCESAN FINANCIAL MANAGEMENT (A GUIDE TO BEST PRACTICES)” ուղեցույցից:
Հաստատում եմ`
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց





