• ՎԱՐՔԱԿԱՆՈՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ

    Երևան, 17 հուլիսի, 2026թ.


    ՎԱՐՔԱԿԱՆՈՆ

    ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ

    ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ») ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ[1]

     

    Ներածություն

     

    Սույն Վարքականոնը պարտադիր մասն է Հայ Կաթողիկէ Առաջնորդության առաքելության և աշխատանքի: Այս Վարքականոնին պարտավոր են հետևել Առաջնորդության բոլոր հոգևորարականները, բոլոր կառույցների աշխատակիցները և կամավորականները:

    Առաջնորդության, ժողովրդապետությունների և առաջնորդական այլ կառույցների բոլոր հոգևորականները, կրոնավորները, աշխարհական աշխատակիցները և կամավորականները պետք է մշտապես համապատասխանեն Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի, Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Առաջնորդության առաքելությունն ընդգրկող բոլոր այլ երկրների կիրառելի բոլոր օրենքներին ու կանոնակարգերին, միջազգային կոնվենցիաներին, ֆինանսների և գույքի կառավարման, հաշվապահության միջազգային չափանիշներին և պահանջներին: Առաջնորդությունը չի հանդուրժի այն անձանց գործունեությունը, ովքեր արդյունքների են հասնում օրենքի խախտման կամ անօրինական ու անբարոյական գործարքների միջոցով: Սա ներառում է ցանկացած վճարում` անօրինական գործողությունների համար, անուղղակի հատկացումներ, ետվճարումներ, կաշառակերություն և նմանատիպ այլ գործունեություն:

    Բոլորի վարքագիծը պետք է հստակորեն բարձր լինի օրենքով պահանջվող և Եկեղեցու կողմից ակնկալվող նվազագույն չափանիշներից: Ըստ այդմ, բոլոր ներկայացուցիչները պետք է ապահովեն, որ իրենց գործողությունները որևէ կերպ չմեկնաբանվեն որպես հակասություն այն օրենքներին, կանոնակարգերին կամ սկզբունքներին, որոնք կարգավորում են առաջնորդական որևէ կառույցի գործունեությունն ու առաքելությունը: Այն անձինք, ովքեր վստահ չեն որևէ իրավական պահանջի կիրառման կամ մեկնաբանման հարցում, պետք է խնդիրը ներկայացնեն իրենց անմիջական ղեկավարին, ով, անհրաժեշտության դեպքում, պետք է խորհրդատվություն խնդրի Առաջնորդության վարչական այլ լիազորված վերադաս մարմիններից:

     

    Ընդհանուր վարքագիծ

     

    Առաջնորդական կառույցների բոլոր ներկայացուցիչներից ակնկալվում է դրսևորել արհեստավարժ, քրիստոնեավայել և գործնական վարքագիծ: Աշխատանքի վայրում խստիվ արգելվում է ալկոհոլի օգտագործումը, ապօրինի թմրամիջոցների գործածումը, խաղամոլությունը, ծառայողական կռիվները, հայհոյանքը և նմանատիպ այլ ոչ արհեստավարժ արարքները: Ներկայացուցիչները չպետք է ներգրավվեն շահագործման (ներառյալ, բայց չսահմանափակվելով սեռական ոտնձգություններով), խտրականության կամ վրեժխնդրության մեջ, կամ դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը կարող է մեկնաբանվել որպես այդպիսին, օրինակ՝ անպատշաճ լեզվամտածողության կամ կատակների օգտագործումը, աշխատանքային տարածքում անպատշաճ նյութեր պահելը կամ փակցնելը, կամ աշխատանքային համակարգիչներով անպատշաճ նյութեր դիտելը:

     

    Շահերի բախում

     

    Առաջնորդական կառույցների բոլոր ներկայացուցիչներից ակնկալվում է իրենց պարտականությունները կատարել խղճմտանքով, ազնվորեն և Եկեղեցու լավագույն շահերին համապատասխան: Ներկայացուցիչները չպետք է օգտագործեն իրենց պաշտոնը կամ պաշտոնի բերումով ստացած գիտելիքները` մասնավոր կամ անձնական օգուտների համար: Անկախ հանգամանքներից, եթե ներկայացուցիչը զգում է, որ իր որդեգրած, ներկայումս իրականացվող կամ նախատեսվող գործողությունների ընթացքը կարող է հանգեցնել շահերի բախման, նա պետք է անմիջապես հայտնի բոլոր փաստերն` իր վերադասին:

     

    Աշխատակիցների արտաքին գործունեությունը

     

    Եկեղեցու բոլոր աշխատակիցները կոչված են միշտ գործելու հայ կաթողիկէ սկզբունքներին ու վարդապետությանը համահունչ և կրում են ծանրակշիռ պատասխանատվություն` հանրության հետ հասարակական պատշաճ հարաբերությունների պահպանման համար: Խրախուսվում է նրանց պատրաստակամությունը՝ օգնելու ժողովրդապետություններին, դպրոցներին, ինչպես նաև բարեգործական ու կրթական այլ նախաձեռնություններին: Այնուամենայնիվ, աշխատակիցները պետք է խուսափեն որևէ գործարար շահ ունենալուց կամ այնպիսի գործունեության մեջ ներգրավվելուց, որը կամ կհանգեցնի, կամ կթվա, թե հանգեցնում է հետևյալին.

    – չափից ավելի մեծ պահանջ է ստեղծում նրանց ժամանակի և ուշադրության նկատմամբ՝ դրանով իսկ զրկելով Առաջնորդության գործատուին աշխատանքում նրանց լավագույն ջանքերն իրացնելու հնարավորության ստեղծումից, կամ

    – ստեղծում է շահերի բախում (պարտավորություն, հետաքրքրություն կամ ուշադրության շեղում), որը կարող է խոչընդոտել գործատուի լավագույն շահերից բխող անկախ դատողության ազատ արտահայտմանը։

     

    Աշխատակիցների հարաբերությունները հաճախորդների և աջակիցների հետ

     

    Աշխատակիցները պետք է խուսափեն իրենց անձնական հաշվին ներդրումներ կատարելուց կամ ֆինանսական շահ ունենալուց այնպիսի ընկերություններում, որոնք պայմանագրային հարաբերությունների մեջ են Առաջնորդության հետ կամ ապրանքներ ու ծառայություններ են մատուցում Առաջնորդությանը, եթե նման ներդրումը կամ շահը կարող է ազդել կամ ազդեցության տպավորություն թողնել Առաջնորդության անունից իրենց պարտականությունների կատարման և որոշումների կայացման վրա:

     

    Նվերներ, հյուրասիրություններ և ծառայություններ

     

    Ներկայացուցիչները չպետք է ընդունեն հյուրասիրություններ, նվերներ կամ անձնական ծառայություններ, որոնք կարող են ազդել կամ ազդեցության տպավորություն թողնել Եկեղեցու գործնական որոշումների վրա՝ հօգուտ որևէ անձի կամ ընկերության, որոնց հետ հնարավոր է ունենալ գործնական հարաբերություններ: Նմանապես, ներկայացուցիչները չպետք է ընդունեն որևէ այլ արտոնյալ վերաբերմունք այս հանգամանքներում, քանի որ դա կարող է ընկալվել որպես իրենց վրա որոշակի պարտավորություն դնող քայլ: Ճաշերը, հյուրասիրությունները, տոնական նվերները և նմանատիպ այլ իրերը, որոնք հազվադեպ են և ունեն խորհրդանշական (կամ չափավոր) արժեք, չեն դիտվում որպես սույն Վարքագծի կանոնագրքի խախտում: Կասկածների դեպքում հարցը պետք է քննարկվի անմիջական ղեկավարի հետ:

     

    Ապօրինի հետվճարներ և գաղտնի միջնորդավճարներ

     

    Աշխատակիցները չեն կարող ստանալ որևէ տեսակի վճարում կամ փոխհատուցում` բացառությամբ այն դեպքերի, որոնք թույլատրված են իրենց գործատուի վարձատրության քաղաքականությամբ։ Մասնավորապես, խստիվ արգելվում է մատակարարներից կամ այլ անձանցից ապօրինի հետվճարների (կաշառք-հետվճարների) և գաղտնի միջնորդավճարների ընդունումը։ Այս կանոնի ցանկացած խախտում կարող է հանգեցնել աշխատանքային հարաբերությունների անհապաղ դադարեցման (աշխատանքից ազատման) և դատական պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

     

    Առաջնորդության միջոցներ և այլ ակտիվներ

     

    Այն ներկայացուցիչները, ովքեր որևէ ձևով հասանելիություն ունեն Առաջնորդական կառույցների ֆինանսական միջոցներին, պետք է հետևեն այդ միջոցների արձանագրման, տնօրինման և պաշտպանության համար սահմանված քաղաքականությանը և ընթացակարգերին, ինչպես մանրամասնված է թեմերի, ժողովրդապետությունների և հարակից այլ կառույցների կանոնակարգերում, ձեռնարկներում ու համապատասխան նյութերում։ Այս քաղաքականությունն ու ընթացակարգերը ներդրված են զեղծարարությունն ու անազնվությունը կանխելու համար։ Եթե աշխատակիցը նկատում է զեղծարարության կամ անազնվության որևէ ապացույց, նա պետք է անմիջապես տեղեկացնի նշանակված անձնակազմին, որպեսզի վերջիններս կարողանան օպերատիվ կերպով հետաքննել հարցը:

    Երբ ներկայացուցչի պաշտոնը պահանջում է Առաջնորդական կառույցի միջոցների ծախսում կամ փոխհատուցման ենթակա անձնական ծախսերի կատարում, այդ անձը պետք է ողջամիտ դատողություն դրսևորի կառույցի անունից՝ ապահովելու համար, որ նման ծախսերի դիմաց ստացվի համապատասխան արժեք (արդյունավետություն):

    Առաջնորդական կառույցների  ֆինանսական միջոցները և բոլոր այլ ակտիվները նախատեսված են բացառապես տվյալ կառույցի նպատակների, և ոչ թե անձնական օգուտի համար:

     

    Արձանագրություններ և հաղորդակցություն

     

    Տարբեր իրավական և ֆինանսական պարտավորությունների կատարման, ինչպես նաև Առաջնորդական կառույցների գործերը կառավարելու համար անհրաժեշտ են բազմապիսի ճշգրիտ և հավաստի արձանագրություններ (գրառումներ): Կառույցի գրքերն ու արձանագրությունները պետք է արտացոլեն բոլոր գործարքները` ճշգրիտ և ժամանակին: Հաշվապահության և ցանկացած այլ արձանագրման համար պատասխանատու աշխատակիցները պետք է ջանասիրություն դրսևորեն այս պարտականությունները կատարելիս:

    Ներկայացուցիչները չպետք է կատարեն կամ մասնակցեն որևէ տեսակի կեղծ արձանագրության կամ հաղորդակցության ստեղծմանը՝ լինի դա ներքին, թե արտաքին` ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով․

    – ծախսերի, ներկայության, ֆինանսական կամ նմանատիպ այլ կեղծ հաշվետվություններ, տեղեկագրեր և հայտարարություններ,

    – կեղծ գովազդ, խաբուսիկ գործելաոճ կամ մոլորեցնող այլ ներկայացումներ:

     

    Հարաբերություններ` արտաքին անձանց, լրատվության միջոցների և այլ թեմերի հետ

     

    Ներկայացուցիչները պետք է հոգ տանեն, որպեսզի առանձնացնեն իրենց անձնական դերերը պաշտոնական դիրքից, երբ հաղորդակցվում են այնպիսի հարցերի շուրջ, որոնք չեն առնչվում Առաջնորդական կառույցների գործունեությանը: Աշխատակիցները չպետք է օգտագործեն Առաջնորդական կառույցների խորհրդանիշները (ինքնությունը), պաշտոնաթղթերը (ձևաթղթերը), գրենական պիտույքները կամ սարքավորումները` անձնական կամ քաղաքական հարցերի համար:

    Առաջնորդական որևէ կառույցի գործունեությանն առնչվող հարցերի մասին հրապարակավ հաղորդակցվելիս՝ ներկայացուցիչները չպետք է ինքնագլուխ խոսեն կառույցի կամ թեմի անունից որևէ թեմայի շուրջ, բացառությամբ այն դեպքերի, երբ լիովին վստահ են, որ իրենց արտահայտած տեսակետները համապատասխանում են տվյալ մարմնի դիրքորոշմանը, և կառույցի ցանկությունն է, որ այդ տեսակետները հրապարակայնորեն տարածվեն:

    Որևէ մեկի, այդ թվում՝ թեմից դուրս գտնվող պետական պաշտոնյաների հետ հարաբերվելիս, ներկայացուցիչները պետք է զգույշ լինեն, որպեսզի վտանգի չենթարկեն Առաջնորդի կամ Առաջնորդական կառույցի, կամ որևէ անհատի, ձեռնարկության կամ պետական մարմնի հեղինակությունը և չվնասեն նրանց բարի համբավը։

     

    Արդյունավետ և ճշգրիտ հաղորդակցություն

     

    Ժողովրդապետությունների հավատացյալներին, եկեղեցիներին, դպրոցներին, պետական մարմիններին, հանրությանը և Առաջնորդության այլ անդամներին առնչվող բոլոր հարցերում բոլոր ներկայացուցիչները պետք է գործադրեն ամեն ջանք՝ ապահովելու ամբողջական, ճշգրիտ և ժամանակին հաղորդակցություն՝ արագ և քաղաքավարի արձագանքելով տեղեկատվության տրամադրման բոլոր պատշաճ հարցումներին և բոլոր բողոքներին:

     

    Մասնավոր կյանքի գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն

     

    Առաջնորդության, ժողովրդապետությունների, հավատացյալների կամ այլ գործընկերների ֆինանսական և անձնական տեղեկատվությունը տնօրինելիս՝ ներկայացուցիչները պետք է պահպանեն հետևյալ սկզբունքները․

    1. Հավաքագրել, օգտագործել և պահպանել միայն գործունեության համար անհրաժեշտ անձնական տեղեկությունները: Հնարավորության դեպքում ցանկացած համապատասխան տեղեկատվություն ստանալ անմիջապես տվյալ անձից: Այս տեղեկատվությունը լրացնելու համար օգտագործել միայն հարգված և վստահելի աղբյուրներ:
    2. Տեղեկատվությունը պահպանել միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կամ պահանջվում է օրենքով: Պաշտպանել տեղեկատվության ֆիզիկական անվտանգությունը:
    3. Սահմանափակել անձնական տեղեկատվության ներքին հասանելիությունը՝ այն հասանելի դարձնելով միայն այն անձանց, ովքեր ունեն այդ տեղեկատվությունը փնտրելու օրինական աշխատանքային պատճառ: Անձնական տեղեկատվությունն օգտագործել բացառապես այն նպատակներով, որոնց համար այն ի սկզբանե ստացվել է: Նախքան անձնական տեղեկատվությունը արտաքին աղբյուրներին բացահայտելը, ստանալ տվյալ անձի համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավական գործընթացները կամ պայմանագրային պարտավորությունները այլ բան են նախատեսում:

     

     

    Հաստատում եմ`

     

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

     

    Տ․ ՅՈՎՍԷՓ ՔՀՆՅ․ ԳԱԼՍՏԵԱՆ

    Դիւանապետ Առաջնորդութեան

     

    [1] Սույն փաստաթուղթը մշակելիս հիմնվել ենք Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի պահանջների, Առաջնորդության ֆինանսատնտեսական համակարգի 2025թ. հունվարին գերմանական Empacta աուդիտորական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների, ինչպես նաև` Ամերիկյան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի` USCCB-ի “DIOCESAN FINANCIAL MANAGEMENT (A GUIDE TO BEST PRACTICES)” ուղեցույցից:

     

    Վարքականոն

Օրացույց

Օրացույց