
Երևան, Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, 23 մայիսի, 2026թ.
Առաջնորդության Հովվական Խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծման նպատակն է՝
առավել արդյունավետ իրականացնել Առաջնորդության ընդհանուր հովվական առաքելությունը՝ սինոդական ոգով՝ ապահովելով Առաջնորդության տարածքում հովվական առաքելության մեջ ներգրավված անձանց և հաստատությունների առավել լայն և գործնական խորհրդակցական մասնակցությունը՝ Առաջնորդության առաքելության համար առաջնային կարևորություն ունեցող հարցերի քննարկման և որոշումների ընդունման մակարդակներում:
Խորհրդի ստեղծումը համահունչ է Կաթողիկէ Եկեղեցու որդեգրած սինոդական ճանապարհի սկզբունքներին. սինոդականությունը Եկեղեցու միասնականության արտահայտությունն է, որտեղ բոլորը՝ եպիսկոպոսները, քահանաները, վանականները, միաձնուհիները, աշխարհականները միասին են կատարում Քրիստոսի կողմից ավանդված առաքելությունը՝ հռչակելու Ավետարանը, քայլելու Քրիստոսի և միմյանց հետ հաղորդության և սիրո մեջ, սրբության ճանապարհով՝ դեպի փրկություն:
Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով.
– Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի 4-րդ հոդվածի՝ 272-275-րդ կանոնները,
– «Հայ Կաթողիկէ Եկեղեցի կրոնական կազմակերպության» կանոնադրությունը,
– հովվական հարցերի, խնդիրների լուծման, մարտահրավերների հաղթահարման ճանապարհին հավատացյալների փորձառական և մասնագիտական խորհրդատվությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը,
– որոշումների ընդունման մակարդակում հնարավորինս բոլոր խմբերի և հաստատությունների ներկայացուցիչների մասնակցայնության, միասնականության և առավելագույն համերաշխության անհրաժեշտությունը,
– Առաջնորդության լայնածավալ տարածքի համայնքների, ընտանիքների, անհատների հոգևոր և բարոյական առավել միասնական նկարագիր զարգացնելու անհրաժեշտությունը:
Դրույթներ
1.Խորհուրդը, եպիսկոպոսի Առաջնորդությամբ և արտոնությամբ, պետք է ուսումնասիրի և իր եզրակացությունները հայտնի Առաջնորդության հովվական աշխատանքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 272
2.Խորհուրդը զուտ խորհրդակցական մարմին է և որոշումներ չի կայացնում, այլ ներկայացնում է միայն եզրակացություններ, լուծումներ, ծրագրային առաջարկներ: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 273, §1
3.Խորհուրդը պետք է բաղկացած լինի հոգևորականներից, վանական միաբանությունների անդամներից, և, հատկապես, աշխարհականներից՝ այնպես, որ Խորհրդում հնարավոր առավելագույն չափով ներկայացված լինեն Առաջնորդության մեջ գործող բոլոր հաստատությունները, հասարակությունները և խմբերը: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 273, §1, 2
4.Խորհրդի անդամներ կարող են լինել միայն հավատքով, գովելի բարոյական նկարագրով և առաքինի անձինք: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 273, §4
5.Խորհրդի նախագահը Առաջնորդ Վիճակավոր Արքեպիսկոպոսն է: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 275
6.Երբ Առաջնորդական Աթոռը թափուր է, Խորհուրդը դադարում է գոյություն ունենալուց՝ մինչև նոր Առաջնորդի որոշումը: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 274, §2
7.Միայն Առաջնորդ Արքեպիսկոպոսը կարող է գումարել Խորհրդի նիստեր՝ ըստ հովվական անհրաժեշտությունների, նախագահել նիստերին և հրապարակել նիստերի ընթացքում քննարկված նյութերը: Տե՛ս՝ ԱԵԿ, Կանոն 275
8.Խորհրդի հերթական նիստերը գումարվում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:
9.Խորհրդի արտահերթ նիստերը կարող են գումարվել ըստ Առաջնորդի որոշման:
Երևան, Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, 23 մայիսի, 2026թ.
Հաստատում եմ՝
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց





