• Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի ողջույնի խոսքը ԵՀՕ II-ի բացման առթիվ

    Մենք հզոր ներուժ ունենք մեր երիտասարդության մեջ և պետք է խիզախություն ունենանք փոխելու հին գաղափարները


     

    Հարգելի՛ հյուրեր և հարգելի՛ երիտասարդներ, բարի՛ օր:

    Մեծ պատիվ է Ձեզ հետ միասին այսօր այստեղ գտնվելը: Շնորհակալությո՛ւն, ժամանակ գտնելու և այսքան հեռավոր մի վայր այցելելու այսպիսի համաժողովի մասնակցելու համար:

    Դուք իսկապես կվայելեք այն ժամանակը, որ պատրաստվում ենք միասին անցկացնել այս շաբաթ: Ես Ձեզ հետ կկիսեմ որոշ կարևոր մտքեր:

     

    Եկեղեցին Առեղծվածային Մարմին է, որի գլուխը Քրիստոսն է, իսկ անդամները բոլոր քրիստոնյաներն են՝ երիտասարդ և տարեց: Պողոս առաքյալն ասում է. «Արդ, դուք մար­մի­նն էք Քրիս­տո­սի եւ ան­դամ­ներ՝ նրա ան­դամ­նե­րից» (Ա Կորնթացիներ 12:27):

     

    Ավետարանի ցնծության ազդարարումն այն առաքելությունն է, որը Տերը վստահել է իր Եկեղեցուն: Խնդիրն այն է, թե ինչպես իրականացնել այս առաքելությունն արդի աշխարհում:

     

    Այսօր երիտասարդներն ինքնության և կոչման փնտրտուքի մեջ են, նախապատրաստվում են մասնագիտություն ձեռք բերելուն, փորձում են հասարակության հավանությանն արժանանալ և ձգտում են գտնել իրենց կյանքի իմաստը: Կյանքի ճանապարհը նման է լեռ բարձրանալուն, մենք ժամանակի մեծ մասն անցկացնում ենք քայլ առ քայլ առաջ շարժվելով: Եկեղեցին՝ մեր Մայրն ու Ուսուցիչը, պատրաստ է ուղեկից լինել երիտասարդներին այս ճանապարհին և շրջապատել նրանց Քրիստոսի սիրով: Նա կարող է առաջնորդել երիտասարդներին ճանաչելու և ընդունելու կոչը դեպի լիառատ կյանք և սեր: Եկեղեցին կոչված է վերագտնելու «մոր կոչումը» (ինչպես ասում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը)՝ հոգ տանելու յուրաքանչյուրի մասին:

    Այսօրվա երիտասարդության կողմից խիստ զգացվում է երկխոսության անհրաժեշտությունը: Որպես Եկեղեցու անդամներ, երիտասարդներն ակնկալում են երկխոսության միջոցով Եկեղեցում գտնել աջակցություն և կողմնորոշում: Առանց երկխոսության չկա հաղորդակցություն և առանց հաղորդակցության Եկեղեցում չի կարող լինել իսկական կատարելագործում, քանի որ երիտասարդներին լսելով Եկեղեցին մեկ անգամ ևս կլսի Տիրոջ խոսքը ժամանակակից աշխարհում:

     

    Մեր օրերում մեծ թվով երիտասարդներ՝ ինչպես հավատացյալներ, այնպես էլ անհավատներ, համակված են վախերով: Նրանք, ովքեր ընդունել են հավատքի շնորհը և լրջորեն փնտրում են իրենց կոչումը զերծ չեն վախերից: Նրանցից շատերի «արմատական» վախը սիրված և ընդունված չլինելն է այնպիսին, ինչպիսին իրենք կան: Մյուսները վախենում են, որ չեն կարողանա զգացմունքային կայունություն գտնել և մենակ կմնան: Շատերը՝ բախվելով ժամանակակից և արագորեն փոփոխվող աշխարհի անորոշությանը, վախենում են, որ չեն կարողանա իրականացնել իրենց երազանքները: Աստված տեսնում է մեր հոգու խորքը: Նա շատ լավ գիտի այն մարտահրավերները, որոնց մենք պետք է դիմակայենք կյանքում, հատկապես, երբ առերեսվում ենք այն հիմնական որոշումներին, որոնցից կախված է, թե ով կլինենք և ինչ կանենք այս աշխարհում: Թույլ տվեք հիշեցնել Հիսուսի խոսքերն ուղղված իր աշակերտներին. «Ին­չո՞ւ այդ­պէս վախ­կոտ էք. դե­ռե­ւս հա­ւատ չու­նէ՞ք» (Մարկ. 4:40):

     

    Այն պահերին, երբ կասկածներն ու վախերը հեղեղում են ձեր սրտերը, պետք է դառնաք դեպի Տերը ամբողջ հոգով և ձեր կյանքի բոլոր կողմերով: Ավելի շատ ժամանակ նվիրելով աղոթքին, մենք հնարավորություն ենք տալիս մեր սրտերին արմատախիլ անելու մեր կասկածներն ու թաքնված վախերը, և ապա՝ գտնելու Աստծո  մխիթարությունը, քանի որ Նա ցանկանում է, որ մենք ազատ լինենք վախից: Ձեր կասկածներում իմացե՛ք, որ կարող եք վստահել Եկեղեցուն, որի միջոցով կկարողանաք երկխոսել և հանդիպել Տիրոջը:

     

    Կոչումը, որը չափազանց անհատական է ու եզակի՝ կոչ է վերևից: Յուրաքանչյուր կոչում ուղղված է դեպի առաքելություն: Այս առաքելությունն ընդունելը պահանջում է սեփական կյանքը վտանգի ենթարկելու և Հիսուսի հետքերով գնալու պատրաստակամություն: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք լսելու Աստծո ձայնը, որը հնչում է մեր խղճի ներսում և ճանաչելու այն անմիջապես: Խիղճը մեր սրբավայրն է, որտեղ մենք մենակ ենք Աստծո հետ, ով բախում է մեր հոգու դռները և բացահայտում մեր կոչումը: Աստվածային շնորհը խրախուսում է մեզ վստահությամբ ընդունել մեր կոչումը, քանի որ Աստծո ողորմածությամբ անհնարին ոչինչ չկա. «Եթէ Աս­տուած մեր կող­մն է, ո՞վ կլի­նի մեզ հա­կա­ռակ» (Հռոմ. 8:31): Աստծո ողորմածությունը միշտ այնտեղ է, որտեղ մենք ենք, որպեսզի նեցուկ լինի մեզ, հատկապես՝ փորձության և խավարի պահերին:

     

    Քսանմեկերրորդ դարում գիտելիքը և գործիմացությունը հաջողության բանալիներն են: Սիրելի՛ երիտասարդներ, հիշե՛ք, որ դուք ապագա առաջնորդներ եք, դուք արդեն իսկ պետք է ինքներդ ձեզ տեսնեք որպես առաջնորդներ և ավելի ջանասիրությամբ աշխատեք ձեզ շրջապատող աշխարհում ավելի մեծ ներդրում ունենալու համար: Դուք նորարարության, տեխնոլոգիայի և սոցիալական ցանցերի սերունդն եք: Ձեր գաղափարները կարևոր են և կլինեն փոփոխության շարժիչ ուժը: Դուք միշտ պետք է աշխարհին և դրա խնդիրներին նայեք թարմ հայացքով, որպեսզի նվաճեք ողջ հայտնի աշխարհը: Դուք պետք է գործի դնեք առաջնորդի ձեր բոլոր հմտությունները՝ հաղթելու ապագայի կյանքի մեծ ճակատամարտերում:

     

    Այսպիսով, կցանկանայի նկատել, որ այն՝ ինչի մասին խոսում ենք այսօր այստեղ եկող սերնդին նախապատրաստելը չէ՝ ապագայում գլոբալ մարտահրավերներին բախվելու, այլ, իրականում, սա վերաբերում է ձեր սերնդին, որը ներկայում առաջնորդությունն իր ձեռքն է վերցնում: Մենք հզոր ներուժ ունենք մեր երիտասարդության մեջ և պետք է խիզախություն ունենանք փոխելու հին գաղափարները:

     

    Սիրելի՛ երիտասարդներ, թույլ տվեք ձեզ մի քանի խորհուրդ տալ. Մի՛ հապաղեք մեծանալ: Մեծացե՛ք հենց հիմա: Եթե հենց հիմա չմեծանաք, ապա կբախվեք ժամանակակից աշխարհի սարսափելի իրականությանը, որը չեք կարողանա հաղթահարել: Եվ, երբե՛ք չմեծանաք: Դուք պետք է փոքրիկ երեխաներ մնաք, որպեսզի իսկապես ինչ-որ բան փոխեք: Եղե՛ք ճկուն, ունեցե՛ք լայն մտահորիզոն, պատրաստ եղե՛ք համարձակվելու տեսնել աշխարհն այնպես, ինչպես նախկինում երբևէ չեք պատկերացրել: Երբեք մի՛ կորցրեք ձեր հույսն ու խանդավառությունը, լայն բացե՛ք ձեր կյանքի դռները, որպեսզի այն լցվի իմաստալից հարաբերություններով և վստահելի մարդկանցով: «Մի՛ վա­խե­ցիր» (Ղուկ. 1:30): «Տէ­րը քեզ հետ է» (Ղուկ. 1:28): Դուք երբեք մենակ չեք լինի: Դուք միշտ կվայելեք Հիսուսի ընկերակցությունը: Մի՛ մոռացեք, որ Հիսուսն է կյանքի և ուրախության աղբյուրը, և նրա սերը մեր նկատմամբ այն էներգիայի աղբյուրն է, որը լիցքեր է հաղորդում մեր սրտերին և վառում մեր հավատը: Թո՛ղ որ սիրո և հավատի կայծերը երբեք չմարեն ձեր աչքերում:

     

    Խնդրում եմ, սիրե՛ք Աստծուն ամեն ինչից և ձեր անձից առավել, սիրե՛ք նրանց, ում հետ կիսում եք ձեր ամեն օրվա կյանքը, քանի որ սերը ծառայություն և նվիրում է, նախ և առաջ՝ ամենաթույլի և ամենաաղքատի նկատմամբ, սերը կարող է փոխել ձեր կյանքը և լցնել ձեր սրտերն ուրախությամբ ու ճշմարիտ հույսով:

     

    Մենք մեծ մարտահրավերներ ու մեծ հնարավորություններ ունենք, և ձեր օգնությամբ մենք կընդունենք դրանք և այս գալիք տարին կդարձնենք լավագույնը մեր պատմության մեջ: Եկե՛ք միասին կերտենք այս պատմությունը:

     

    Երիտասարդները Եկեղեցու կարիքն ունեն, և Եկեղեցին կարիքն ունի Երիտասարդների:

     

    Շնորհակալությո՛ւն:

     

     

     

Օրացույց

Օրացույց