• Ինչու՞ արտի տերը թույլ տվեց, որ մոլախոտը մնա ցորենի կողքին. կիրակնօրյա քարոզ

    «Արթուն մնացէ՛ք եւ աղօթք արէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»


    Մեր Տեր Հիսուս Քրիստոսն այսօրվա ավետարանական հատվածում պատմում է որոմների առակը: Առակում Տերը Երկնքի Արքայությունը նմանեցնում է մի մարդու[1], ով իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Ինչպես Տերն է մեկնում իր աշակերտներին, այդ բարի սերմ սերմանողն Ինքն է՝ Մարդու Որդին, ով սերմանում է Աստծո Խոսքը, որը առակի մեջ կոչում է «ցորեն», այսինքն՝ բարի պտուղը: Ցորենը մեր հացն է, որը կյանք է տալիս մեզ: Քրիստոնյաներիս համար, ովքեր գիտենք Սուրբ Պատարագի իմաստը և այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոս Երկնքից իջած Հացն է, որ կյանք է տալիս աշխարհին[2], ցորենը առավել կարևոր իմաստ է ստանում. Աստծո Խո՛սքն է ցորենը, որ փրկություն ու հավիտենական կյանք է տալիս աշխարհին: Հիսուս բացատրում է, որ բարի սերմը Արքայության որդիներն են, այսինքն՝ նրանք, ովքեր լսել, ընդունել են Աստծո Խոսքը, կամ եղել են պարարտ հող՝ Բարի սերմնացանի սերմերի համար և բարի պտուղ են տվել. Աստծո Խոսքը իրենց կյանք է տվել, և իրենք էլ դարձել են այդ պտղի կրողները, ցորեն են տվել, որ կերակուր է նաև ուրիշ մարդկանց համար, որ մեզ շրջապատում են: Չէ՞ որ Հիսուս ասում է՝ «դու՛ք եք լույսն աշխարհի[3]»: Առակի մեկնության վերջում Հիսուս ասում է. «Այն ժամանակ արդարները Երկնքի Արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը[4]»: Բայց սա կլինի միայն վերջում՝ Դատաստանից հետո: Իսկ մինչ այդ արդարները կոչված են ապրելու այս աշխարհում, որը ուրիշ մի վայր չէ, այլ Տիրոջ արտն է, որտեղ մենք բոլորս պետք է ապրենք՝ պատասխանատվությամբ օգտագործելով մեզ շնորհված պարգևները՝ ազատությունը, մտածելու, որոշում կայացնելու կարողությունը, և, ամենակարևորը, մշտապես զգոն, արթուն լինելով, որպեսզի սատանան չգա և մեր մեջ որոմ չցանի: Հիսուս պատմում է, որ «երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց»: Այսինքն, երբ մենք հոգևոր արթնություն չունենք, թմրած ենք, անտարբեր մեր կենսաձևում, Սուրբ Պատարագի նկատմամբ, ծույլ, ցրված՝ աղոթելիս, ոչ ներողամիտ, գոռոզ, հպարտացող ինքներս մեզնով, ուշադրություններս սևեռում ենք ավելի շատ նյութական լիությանը, ինչքերին, թե ով ավելի շատ պիտի ունենա, այդ դեպքում մեր ներսի հոգևոր մարդը քնում է, կամ մոռացվում, բանտարկվում, նսեմացվում, երբեմն նույնիսկ սպանվում, երբ ծանր մեղքը դառնում է սովորական, ընդունելի մի բան: Սա վերաբերում է բոլորիս: Երբ Հիսուս ասում է, թե որոմները «չարի որդիներն են», սա չի նշանակում, որ պետք է մեզնից դուրս փնտրենք ծանր հանցագործների՝ շնացողներ, մարդասպաններ, դավաճաններ, գողեր, այլ պետք է նախ անդրադառնանք մե՛ր աչքի մեջ գտնվող գերաններին՝ ուրիշի աչքում շյուղեր փնտրելուց առաջ. գուցե ե՞ս եմ ամենամեծ ծույլը աղոթքի մեջ, գուցե չգիտե՞մ իսկ, թե ինչպես պետք է աղոթել, գուցե, երբ որ չեմ կարողանում ներել դիմացինիս և դարձյալ խոսել նրա հետ ջերմությամբ, անկեղծորեն, հենց դա՞ է չարի սերմը, որ իմ մեջ որոմ է դառնալու և որը կերևա միայն հետո: Չարն իր սերմերը ցանում է շատ խորամանկ կերպով, և այն էլ՝ ամենաարդարների մեջ, որովհետև նրա՛նք են իր համար ամենաարժանի թշնամիները, որ կարողանում են իրեն ուժգին հակազդել: Բայց յուրաքանչյուրս էլ՝ նույնիսկ նրանք, ում կարելի է «սուրբ» կոչել, միանգամից սայթաքում է, երբ սկսում է մտածել, որ ինքն ավելի լավն է, կամ մաքուր, արդար, քան դիմացինը, որի սխալներն ավելի շատ են: Հենց այդ ժամանակ էլ մենք սայթաքում ենք, և չարն իր սերմը գցում է մեր սրտերի մեջ, կուրացնում մեր հավատքի աչքերը, թմրեցնում մեր արթնությունը, և որոմը սկսում է աճել ու խեղդել ցորենի հասկը մեր մեջ, խլել այն սնունդը, որ պետք է տայինք ցորենի հասկին. այն ժամանակը, ուշադրությունը, որ պետք է տայինք աղոթքին, Սուրբ Գիրք ընթերցելուն, եկեղեցի գնալուն, խոստովանելուն, մի կարիքավորի բարիք գործելուն, մենք տալիս ենք հաճույքին, անպտուղ ժամանցին, բամբասանքին և այլ զանազան սխալների, մեծ ու փոքր մեղքերի, որոնք սակայն սնում են միայն որո՛մը մեր մեջ: Եվ երբ որոմը դառնում է ցորենի հասկի չափ, այլև դժվար է զանազանել, թե որն է ցորենի հասկը, որը՝ որոմինը, քանի դեռ ցորենի հասկը պտուղ չի տվել: Դրա համար, երբ որ ծառաները տիրոջը հարցնում են, թե «Կամենու՞մ ես, որ գնանք և քաղենք հանենք որոմը», Տերը նրանց պատասխանում է շատ մտահոգիչ, բայց արմատական  խոսքերով, որոնք, ըստ էության, պատասխանում են աշխարհում չարի և դժբախտությունների գոյության մասին մեր շատ հարցերի: Տերն ասում է. «Ո՛չ, մի գուցե, որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղեցե՛ք և դրանից խուրձեր կապեցե՛ք՝ այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե՛ք իմ շտեմարանների մեջ[5]»:

     

    Սուրբ Հերոնիմոս Ստրիդոնացին[6] բացատրում է, թե այդ խոսքերը ապաշխարության հնարավորություն են և համոզում են մեզ՝ չշտապել և չդատապարտել եղբորը, «որովհետև կարող է այնպես լինել, որ նա այսօր այլասերված է վնասակար ուսմունքով, բայց վաղը ուշքի գա և սկսի պաշտպանել ճշմարտությունը»: Քանի որ բոլորիս մեջ կարող են լինել չարի սերմեր և դառնալ որոմներ, այս փա՛ստն է, որ պետք է խոնարհ պահի մեզ, որ շտապ չդատենք ուրիշներին, չէ՞ որ Աստված դարձի գալու համար ժամանակ է տալիս նաև մեզ, ինչպե՞ս կարող ենք մենք ժամանակ չտալ և համբերատար չլինել մեր ընկերների հանդեպ: Սա չի նշանակում չկանխել չարը մեր միջից և թույլ տալ, որ չարիք գործողները ազատորեն գործեն, այլ նշանակում է՝ ոչ թե արհամարհել և դուրս վռնդել, խզել նրանց հետ կապերը, այլ՝ օգնել նրանց ազատվել չարից՝ միաժամանակ ջանք գործադրելով նաև ինքներս մեր վրա:

     

    Սուրբ Օգոստինոսը[7] մեզ հիշեցնում է նաև «իր արտում» արտահայտությունը, որ օգտագործում է Հիսուսը: Ցորենն ու որոմը սովորական դաշտում աճող խոտեր չեն առակում. եթե սովորական ցորենն ու որոմը այդպես էլ մնում են մինչև հունձը, ապա Աստծո արտում, որ Եկեղեցին է և որտեղ Սուրբ Հոգին է աշխատում, որ բոլորին տանի փրկություն, և աշխատում է յուրաքանչյուրիս միջոցով՝ քահանա, թե աշխարհական, այդ արտում ցորենը կարող է իր անտարբերության պատճառով դառնալ որոմ, իսկ որոմը՝ Աստծո օգնությամբ և կամք դրսևորելով՝ կարող է դառնալ ցորեն և մտնել Երկնքի Արքայություն: Այսինքն՝ մեղքերի մեջ թաղված մեկը, որին այսօր դատապարտում ենք, կարող է վաղը լինել ավելի արդար, քան մենք ենք, և հակառակը, այսօրվա արդարը կարող է վաղը անկում ապրել և այլևս չկամենա վեր կենալ մեղքի միջից: Նույն տրամաբանության մեջ պետք է հասկանալ նաև աշխարհում գոյություն ունեցող չարիքների, պատերազմների շարունակվելու պատճառը: Աստված, գուցե, չի բռնում չարագործի ձեռքը այսօր, բայց չի նշանակում, որ Աստված լքել է տառապող մարդկությանը: Այլ պետք է մտածել այսպես. Աստված սիրում է յուրաքանչյուրիս և կամենում է, որ բոլորը հասնեն փրկության, «ճանաչեն ճշմարտությունը, և եւ լինեն ազատ[8]», Աստված հարգում է մեր ազատությունը, որն իր նվերն է մեզ և ուզում է, որպեսզի մենք ճիշտ գործադրենք այն և Իր առջև քայլենք անարատ:

     

    Հիսուս մեզ հետ միասին տառապում է, երբ մենք մեղք ենք գործում. մեր ամեն մի ցավը, մեղքը, ատելությունը մի նոր մեխ է՝ իր ձեռքերում ու ոտքերում: Բայց չմոռանա՛նք, որ մեզ բոլորիս սպասում է վերջին դատաստանը՝ հունձը, որից հետո այլևս չի լինելու ոչ մի տառապանք նրանց համար, ովքեր «կհամբերեն մինչև վերջ և կապրեն[9]», նրանք կլինեն ինչպես շողշողուն արևը, որ լույս է տալիս աշխարհին, որովհետև կարողացան նախ այս աշխարհու՛մ լինել լույսեր, Լույսի որդիներ և խավարից դեպի լույս անցան[10]: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանալու խեղդել իրենց մեջ չարի սերմերը, այրվելու են: Հիսուս ասում է.«Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղությունները և նրանց, որոնք անօրինություն են գործում: Եվ կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, և այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում[11]»:

     

    Եվ ուրեմն, հետևե՛նք Տեր Հիսուս Քրիստոսի այն պատվիրանին, որ տվեց իր քնած աշակերտներին. «Արթուն մնացէ՛ք եւ աղօթք արէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք[12]»:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

    [1] Մտթ. 13, 24-30

    [2] Հվհ. 6, 33

    [3] Մտթ. 5, 14

    [4] Մտթ. 13, 43

    [5] Մտթ. 13, 30

    [6] Սբ. Հերոնիմոս, Մեկնություն Մատթեոսի ավետարանի

    [7] Օգոստինոս, Քարոզ 73.Ա.1

    [8] Հվհ. 8, 32

    [9] Մտթ. 24, 13

    [10] Եփ. 5, 8

    [11] Մտթ. 13, 41-42

    [12] Մտթ. 26, 41

Օրացույց

Օրացույց


Recent Comments