• Տոն հիշատակության Թեոդիտոն Վկայի և Յոթ Կույսերի՝ Տեկուսայի, Աղեքսանդրայի, Կղոդիայի, Փեննայի, Եվփրասիայի, Մատրոնայի, Հուղիտայի

    Նահատակների արյունը սերմն է քրիստոնյաների. Տերտուղիանոս


    Թեոդիտոնը կամ Թեոդոտոսն ամուսնացած քրիստոնյա էր, Գաղատիայի Անկյուրիա քաղաքից, և զբաղվում էր գինեվաճառությամբ, երբ 303 թվականին սկսվեցին Դիոկղետիանոսի հալածանքները քրիստոնյաների դեմ: Օգտվելով այն հանգամանքից, որ իր արհեստն իրեն քիչ կասկածելի էր դարձնում հալածողների առջև, ամեն կերպ օգնություն էր հասցնում բանտարկված քրիստոնյաներին. թաղում էր նրանց մարմինները, հաց և գինի էր հայթայթում Սբ. Պատարագի համար, իր տունը եկեղեցի ու ապաստարան էր դարձնում հալածվածների համար:

     

    Երբ Գաղատիայի Թեոդեկնոս կուսակալը ջրախեղդ անելով նահատակեց յոթ կույսերին՝ Տեկուսային, Աղեքսանդրային, Կղոդիային, Փեննային, Եվփրասիային, Մատրոնային և Հուղիտային, որոնցից առաջինն Թեոդիտոնի մորաքույրն էր, և նրանց պարանոցին կամ ոտքերին քարեր կապելով՝ լճի մեջ խորասույզ արեց նրանց մարմինները, որպեսզի իրենց հավատակիցների երկյուղածության առարկան չլինեն, Թեոդիտոնը, մի քանի ուրիշ քրիստոնյաների օգնությամբ, ամեն հնարք ի գործ դնելով՝ ջրից դուրս հանեց և Նահապետաց եկեղեցու մոտ թաղեց նրանց: Երբ իրողությունը հայտնի դարձավ, քաղաքի բոլոր քրիստոնյաները ենթարկվեցին ծանր նեղությունների: Այդ ժամանակ Թեոդիտոնը ինքն իրեն զոհ մատուցելով և ամենածանր տանջանքներից հրաշքով ազատվելուց հետո նահատակվեց գլխատմամբ:

     

    Նույն օրը Ս. Թալիլիա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենադաժան տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:

Օրացույց

Օրացույց