Հ. Պետրոս վրդ. Եսայանի հարցազրույցը աբորտների դեմ պայքարի մասին՝ lifepanorama.am կայքին
Life.panorama.am կայքի հրապարակումը
Հոգևորականությունը պայքարում է ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների: Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորականների նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ կազմակերպվում է քայլերթ՝ ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի և Աշոցքի շրջանի Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանը, հոգևորականների կողմից նման նախաձեռնություններ լինում են տարբեր երկրներում: ԱՄՆ-ում իրականացվում է «40 օր կյանքի համար» ծրագիրը, երբ 40 օր՝ գիշեր և ցերեկ աղոթք է ասվում և հերթական անգամ բարձրաձայնվում է հղիության արհեստական ընդհատումների խնդիրը: «Տարիներ առաջ ԱՄՆ-ում փակվեցին շուրջ 30 բժշկական կենտրոններ, որոնք նախատեսված են հղիության արհեստական ընդհատումների համար: Կարծում ենք, որ եկեղեցու աղոթքը և մարդկանց նախաձեռնությունն է նաև բերել այդ արդյունքին: Այսօր խոսում ենք ցեղասպանության, թուքրի ձեռքով զոհված 1.5 մլն հայի մասին, բայց միևնույն ժամանակ չենք կարող մոռանալ այն, որ մենք այսօր աբորտի միջոցով մեր ձեռքով սպանում ենք մեր որդիներին»,-ասաց վարդապետ Եսայանը:
Ահա հոգևորականությունը դուրս է գալիս փողոց այդ մասին բարձրաձայնելու և սպանված երեխաների համար աղոթելու, ինչպես նաև այդ մարդկանց մեջ խիղճն արթնացնելու նպատակով: «Ես որպես քահանա խոստովանանքներից շատ լավ գիտեմ, թե աբորտի տարբերակն ընտրած մարդիկ որքան են տանջվում: Նրանք տվյալ պահին թույլ են գտնվում, հետո զղջում են ամբողջ կյանքում: Շատ անգամ իրենք իրենց չեն կարող ներել, մղձավանջային երազներ են տեսնում: Պետք է դա դադարեցնել»,-ասաց Հայր Պետրոսը:
Հոգևորականությունն արդեն երրորդ անգամն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս և պատրաստվում է առաջիկայում էլ շարունակել: Ի վերջո, յուրաքանչյուր հղիության արհեստական ընդհատումից հետո չեն ծնվում ապագա մայրեր ու զինվորներ: Այդ քայլին գնալու պատճառները տարբեր են, բայց վերջին շրջանում շատ է շրջանառվում սեռով պայմանավորված աբորտների հարցը: Հայր Պետրոսը դա անընդունելի է համարում: «Ընդհանրապես աբորտն անընդունելի է: Ո՞վ է այդպիսի իրավունք տվել մարդուն, որ ինքը որոշի աղջիկ երեխա լույս աշխարհ գա, թե տղա: Ով պետք է ապրի, ով՝ ոչ: Երեխան ծնվելուց հետո կարո՞ղ ենք նրան սպանել, իհարկե, չենք կարող, բայց նույն մարդը դեռ չծանված՝ սպանում ենք: Աստծո օրենքն արգելում է նման բան, մարդը կյանքի տերը չէ, Աստված է կյանքի տերը»,-ասաց հոգևորականն՝ ընդգծելով, որ բարձրացնում են իրենց ձայնը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն:
Հայր Պետրոսի կարծիքով, անհրաժեշտ է և մարդկանց մտածողության վրա ազդել, և պետության կողմից քայլեր ձեռնարկել: Այսինքն՝ այստեղ պետությունը ևս խնդիր ունի: Անհրաժեշտ է նախ նպաստավոր պայմաններ չստեղծել հղիության արհեստական ընդհատումների համար, ինչպես նաև օգնել, նպաստել, որ ընտանիքներն ապահովված լինեն աշխատանքով, խրախուսվի երեխաների ծնունդը: