• Թե ինչպես նվիրեցինք մեր սերը Երանելի Սուրբ Կույսին

    Աստվածամոր և երեխաների հետ լինելու երջանկությունը…


    Որոշեցի այս անգամ նստել և գրել մեր փոքրիկ ջերմեռանդական ուխտագնացությունների մասին, որ նվիրեցինք Սրբուհի Տիրամորը՝ որպես մայիսյան ջերմեռանդությունների եզրափակում: Մտածում եմ, որ երբեմն մեր չափից դուրս քաղաքականացված և նյութականացված, ավելի շատ զուտ տեխնոգեն «առաջընթացի» և «կրեատիվ» նորարարությունների անվերջանալի լրահոսի մեջ անհրաժեշտություն է պատմել նաև հոգևոր, թեկուզ մանր, առաջընթացների և «նորարարությունների» մասին, որպեսզի չմոռանանք ամենակարևոր ճշմարտությունների և առաջնահերությունների մասին:

     

    Եվ ուրեմն, նախ մայիսի 27-ին որոշեցինք թափորով ուխտագնացություն կատարել դեպի հին Բավրայի եկեղեցին, որ գտնվում է նոր գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա, դեպի արևմուտք, մի շատ գողտրիկ բնական միջավայրում: Ժամը 12:15-ին, հարևան Սիզավետ գյուղում Սբ. Պատարագը վերջացնելուց հետո անմիջապես ուղևորվեցի դեպի Բավրա: Պատանիներ, պարմանուհիներ, երիտասարդներ արդեն սպասում էին ինձ Սուրբ Նշան եկեղեցու դիմաց, ինչպես պայմանավորվել էինք: Աղջիկների ճակատները և մազերը զարդարված էին գեղեցիկ ծաղկեպսակներով, ձեռքերին ևս դաշտային ծաղիկներ կային, որոնք հավաքել էին ու պատաստել դեռ նախորդ օրը, որպես նվեր Սուրբ Կույսին: Թեև երկինքն արդեն սկսել էր ամպել, բայց երիտասարդների ու երեխաների խանդավառությունը միայն է՛լ ավելի էր աճում՝ նոր զգացությունների նախաճաշակումով. առաջին անգամ էին գնալու թափորով դեպի հին եկեղեցի՝ իրենց քահանայի, և ամենակարևորը, Աստվածամոր արձանիկի հետ միասին: Թափորը սկսեցինք Տիրամոր առաջնորդությամբ. արձանիկը տանում էի ես, Սուրբ խորանի սպասավորները քայլում էին կողքիս, մեկի ձեռքին՝ Սուրբ Խաչը: Մեր թափորը Սուրբ Վարդարանի աղոթքով արդեն անցնում էր ջրամբարի ափերով, երբ ամպրոպների շարքն ազդարարեց մոտալուտ անձրևի մասին: Իսկ անձևներն այս կողմերում միշտ քամիների ուղեկցությամբ են: Բայց իմ հարցին, թե արդյոք չեն ուզում վերադառնալ և գյուղում շարունակել թափորը, երեխաներն ու երիտասարդները միաբերան պատասխանեցին, որ շարունակելու են մինչև վերջ և որ անձրևից չեն վախենում: Աստվածամոր բարեխոսությունը հայցելով և մեծ ոգևորությամբ շարունակեցինք մեր քարքարոտ, ճահճոտ, դժվարին ճանապարհը, որ, սակայն, տանում էր դեպի կանաչ, հոտավետ ու ծաղկավետ, խոստումնաշատ դաշտերը, որտեղ ջրերի մոտ երբեմն երևում էին սպիտակ ձկնկուլներ և այլ գեղեցիկ թռչուններ՝ իրենց թովիչ դայլայլումներով: Միջավայրը աղոթքի և երգեցողության համար ավելի քան պատշաճ էր. Ողջո՜յն քեզ Մարիամ…ներին հաջորդում էին Երանելի Կոյս Մարիամ… Աւետաբեր հրեշտակին հետ…, Գաբրիէլի ձեռին ծաղիկն անթառամ… և մյուս երգերը, որոնք երեխաները գիտեին և երգում էին մեծ սիրով, թեև հևիհև, զառիվերներ ու բլուրներ բարձրանալով ու իջնելով, ուրախ թռվռալով և երբեմն չարաճճիություններ անելով: «Ոչինչ, կարևորը այս ամենը աղոթքի ֆոնին է, որը, կարծես, դառնում է սովորություն». մտածում էի ես աղոթելիս և Աստվածամոր բավական ծանր արձանիկը գրկումս տանելով:

     

    Երբ մոտենում էինք հին եկեղեցուն, մեզ իր տրակտորով բլուրն ի վար մոտեցավ Բավրայի նախկին գյուղապետ, այժմ հնդկաձավարի մշակմամբ զբաղվող Կորյուն Սումբուլյանը և առաջարկեց իր տրակտորով մեզ անցակցնել դաշտամիջյան ճանապարհը կտրող վտակը, բայց մենք Սուրբ Կույսի արձանիկով օրհնեցինք նրան և հրաժարվեցինք օգնությունից. երեխաները հեշտությամբ ցատկեցին վտակի վրայով և ահա՛ մի քանի րոպե անց արդեն բարձրանում էինք զառիվերը և քիչ անց էլ հայտնվեցինք հին եկեղեցու դիմաց, որ գյուղացիները նաև կոչում էին Սուրբ Վանք: Մոտ 40 րոպե. այսքան տևեց մեր ճանապարհը: Վանքը կառուցվել է, ըստ երևույթին, 1880-ականներին, երբ հին Բավրայի տարածքում հաստատվել են Կարսի Արդահան գավառից այս կողմերը գաղթած հայ կաթողիկէ առաջին ընտանիքները: Հիմա հին գյուղից տարածքում հին տների հիմքերն են միայն մնացել և այդ հին վանքը: Իսկ Վանքից քիչ հեռու մի գողտրիկ ձորակ կա և մի վտիտ վտակ, ափերին՝ նորատունկ ծառեր, որոնց տերևները դեռ մատղաշ էին, ինչպես լինում է ապրիլի սկզբին: Ծովի մակերևույթից մոտ 2100մ բարձրության վրա գտնվող այդ լեռնային տարածքը անզուգական գեղեցկություն ունի՝ իրեն բնորոշ խիստ կլիմայով և սուր օդով, որ ուրիշ այլ տեղ չես գտնի: Մտածեցի, որ մեր հաջորդ ուխտագնացությանը դեպի այս կողմեր, երբ անձրև չլինի, մի քիչ վայելենք և այդ ձորակի գեղեցկությունը, նստենք և երեխաների հետ զրուցենք. իսկ նրանք այնքա՜ն հետաքրքիր բաներ են խոսում, որ կարելի է սովորել և ոչ միայն սովորեցնել:

    Երբ մտանք Վանք, անձրև տեղաց, իսկ մենք երգեցինք Լորետանյան Լիթանյան, ապա երեխաների համար Աստվածամոր բարեխոսությամբ հայցեցի Տիրոջ օրհնությունը, մի փոքրիկ քարոզ և եկավ վերադարձի ժամանակը: Բայց անձրևը բավական երկարեց և դեռ վերջը չէր երևում, իսկ ես պետք է շտապեի դեպի հարևան գյուղը՝ Ղազանչի, հաջորդ Սուրբ Պատարագս մատուցանելու, պետք էր շտապել… Երիտասարդներն առաջարկեցին ինձ վերադառնալ Կորյունի տրակտորով, իսկ իրենք կվերադառնային անձրևից հետո, խոստանում էին լինել կարգապահ: Ադյպես էլ արեցի. դարձյալ գրկեցի Տիրամոր արձանիկն ու խաչը և բարձրացա Беларусь տրակտորը, անսովոր էր…

    Ճանապահին, երբ անցնում էինք ցեղոտ դաշտամիջյան ճանապարհով, Կորյունը պատմեց, որ այդ տրակտորն իրեն նվիրել է World Vision կազմակերպությունը՝ Աշոցքում սոցիալական բիզնես սկսելու համար. հնդկաձավարի մշակման եկամտից օգնություն էր տվել մի քանի անապահով ընտանիքների: Մտածեցի, որ շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է բիզնեսը ծառայեցնել ոչ միայն անձնական հարստացման համար. տնտեսության մասին եկեղեցական սոցիալական ուսմունքի գործնական մի փոքրիկ ապացույց էր: Մինչ զրուցում էինք, հասանք հայ-վրացական սահմանային անցակետ, ապա գյուղի Սուրբ Նշան եկեղեցին:

     

    Ղազանչիում Սուրբ Պատարագը մատուցելուց հետո սկսեցինք մեր ուխտագնացությունը դեպի գյուղի հին մատուռը, որ գյուղում կոչում են Վանք: Սա ևս կառուված է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ գյուղը հիմնադրող կաթողիկէ հայերի ձեռքով: Գյուղացիները հավատում  են վանքի զորությանը և միշտ այցելում են. այն շատ մոտ է գյուղին:

    Վարդարանը սկսելիս երկինքն ամպամած էր, բայց անձրև չէր տեղում, իսկ երբ մոտեցանք Վանքին, սկսեց ուժեղ կարկուտ տեղալ: Հազիվ հասցրեցինք պատսպարվել մոտակա հացատան պատշգամբի տանիքի տակ: Երեխաները թրջվել էին ու մրսում էին, շուրջառս կարելի էր քամել: Շարունակում էինք Վարդարան ասել ու երգել՝ մեր այդ փոքրիկ նեղությունը համարելով ապաշխարության մի ձև և նվեր՝ Աստվածամորը: Քիչ անց կարկուտն ու անձրը դադարեց, հասանք Վանք: Կիսամութ վանքի մեջ մեր Լիթանիան շատ խորհրդավոր ստացվեց: Երգեցինք ու անձրևի տակ թրջվելով՝ վերադարձանք գյուղ, երեխաները համբուրեցին Աստվածամոր արձանիկը և գնացին տուն: Ուրախ էի, որ այս երկրորդ թափորն ավելի կազմակերպված ստացվեց. դեռ նոր էին սովորում:

    Մայիսի 27-ին ուխտագնացություն արեցիքն Մեծ Սեպասարում: Սուրբ Պատարագից հետո երեխաներ, երիտասարդներ, մեծահասակներ միասին շարժվեցինք դեպի Դարի Սուրբ կոչված մատուռը, որը գտնվում է գյուղին մոտակա բլրի վրա: Այս անգամ եղանակը հիանալի էր՝ արևոտ ու պայծառ. Աստվածամոր շնորհքն էր: Ճանապարհը բավական զառիվեր էր, աղոթելիս հանդիպեցինք գառնուկների հոտերի, հովիվ երեխաների, որ միացան մեզ: Երբ հասանք մատռանը, ըստ գյուղի սովորության երեք անգամ պտտվեցինք մատռան շուրջբոլորը՝ Վարդարան աղոթելով: Ի դեպ, այդ մատռան մոտ հնագետները պեղումներ են անում. գտել են գայլերի թաղումներով դամբարաններ, որոնք հազվագյուտ են տարածաշրջանում: Մատռան մեջ երգեցինք Լորետանյան Լիթանիան, Աստվածամոր բարեխոսությամբ օրհնություն հայցեցինք Տիրոջից և շնորհակալություն հայտնեցինք այս փոքրիկ ուխտագնացության հնարավորության համար:

    Վերադարձին մտածում էի, թե նախորդ քահանաների համար տասնամյակներ առաջ, դեռ նախքան կոմունիստական ռեժիմը, որքա՜ն բարդ է եղել արմատացնել հոգևոր սովորություններ, ջերմեռանդություններ, որոնք եղել են կենսունակ մինչև 1930-ականները, հետո գրեթե ոչնչացվել են՝ ի ուրախություն սատանայի, որ մարդկանց ներշնչում է նյութական «պրոգրեսսի» անցողիկ ուրախություններով գոհանալու ցանկությունը: Եվ որքա՜ն բարդ է լինելու նաև այսօր՝ մերօրյա քահանաներիս համար վերականգնել կամ ստեղծել հոգևոր սովորություններ, ավանդություններ: Բայց Սուրբ Կույսի բարեխոսությամբ ոչինչ անհնարին չէ, որովհետև նրա խնդրակատարը Տեր Հիսուս Քրիստոսն է, որին սիրելու ավանդությունը չի կարող ոչնչացնել ոչ ոք և ոչ էլ դժոխքի դարպասները: Չէ՞ որ մենք ունենք մի հզոր պաշտպան ընդդեմ խորամանկ օձի.

     

    «Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ
    միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի
    ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա
    գարշապարը», Ծննդոց գիրք, 3, 15:

     

    Տ. Հովսեփ

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց