• Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված բեմադրություն և համերգային ծրագրեր՝ Աշոցքի գյուղերում

    «Ու՞ր են զավակներս». Երանելի Իգնատիոս Մալոյան


    Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցը Աշոցքի հայ կաթողիկէ Մեծ Սեպասար, Բավրա, Սիզավետ գյուղերում ապրիլի 24-ին հիշատակվեց Սուրբ Պատարագներով, «Վասն նահատակաց» ընդհանրական աղոթքով և տարբեր մշակութային միջոցառումներով:

     

    Բավրայի Սուրբ Նշան եկեղեցում երիտասարդներն ու պատանիները Սուրբ Պատարագից հետո եկեղեցում բեմադրեցին Արևմտյան Հայաստանի Մարտին քաղաքի հայ կաթողիկէների առաջնորդ Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյանի և նրա 417 ընկերների նահատակության պատմությունը: Նախ երիտասարդները ներկաների համար կարդացին մի հոդված՝ հայ կաթողիկէների կոտորածների և Երանելի Իգնատիոս Մալոյանի նահատակության մասին, որն ուղեկցվում էր Կոմիտասի «Գարուն» երաժշտության հնչյուններով և նահատակ հոգևորականների լուսանկարների ցուցադրությամբ: Ապա սկսվեց բուն բեմադրությունը, որի սցենարը գրվել է՝ հիմնվելով պատմական տեղեկությունների և վկայությունների վրա: Չորս գործողությամբ սցենարը ներկայացնում էր դրվագներ՝ թուրք զինվորականների և ձերբակալված հայ հոգևորականների երկխոսությունից, որ տեղի էր ունենում բանտի մեջ, ապա՝ Երանելի Մալոյանի մոր՝ Թերեզի այցելությունը որդուն, հայ տարագրյալների քարավանը, որին տխուր շարժումներով ուղեկցում էին երեք հրեշտակներ և «Կռունկ» ստեղծագործության հնչյունները: Քարավանի տեսարանին հաջորդեց զինվորների սպառալիքները տարագրյալներին, ապա՝ Երանելի Մալոյանի վերջին խոսքն իր զավակներին և վերջին Սուրբ Հաղորդության հուզիչ տեսարանը՝ «Գոհանամք զՔեն» շարականի վերջաբանով: Սուրբ Հաղորդության տեսարանից հետո երեխաները բեմադրեցին թուրք զինվորների ձեռքով հայ տարագրյալների դաժան սպանությունը: Վերջին գործողությունը ներկայացնում էր մի տեսարան, թե ինչպես մի երեխա փրկված մնաց սպանվածների դիակների տակ և, վեր կենալով, պահապան հրեշտակների ուղեկցությամբ դարձավ Տիրոջ Սուրբ Խորանի սպասավոր՝ շարունակելով նահատակ հոգևորականների գործը: Բեմադրությունն ավարտվեց «Ծիծեռնակ» երաժշտությամբ և ներկաների բուռն ծափահարություններով:

     

    Նույն օրը Մեծ Սեպասարի Հիսուս Փրկիչ եկեղեցում Սուրբ Պատարագից և «Վասն նահատակաց» աղոթքից հետո տեղի ունեցավ երիտասարդների և եկեղեցու երգչախմբի պատրաստած միջոցառումը: Երիտասարդները նախ ներկայացրեցին Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյանի և 417-ի նահատակության պատմությունը, ինչպես նաև՝ Մեծ Սեպասար գյուղի քահանա Տեր Դավիթի՝ 1921թ. թուրք-հայկական պատերազմի օրերին թուրքերի ձեռքով նահատակության պատմությունը, որը գրի էին առել՝ հիմնականում լսելով իրենց ծնողների բերանացի պատմությունները:

    Երիտասարդներն ու երգչախումբը միասին ներկայացնում էին հայ երգարվեստի գործեր՝ «Օրորոցային», «Կիլիկիա», «Ուռի», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Աղջկա երգը», «Ադանայի ողբը», «Երանելի Կույս Մարիամ» երգերը, հատվածներ Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» ստեղծագործություններից և վերջում հրեշտակների զգեստներով պարեցին Մոցարտի «Հրեշտակի պարը»: Սուրբ Պատարագին և միջոցառմանը ներկա էին նաև Անարատ Հղության՝ Գյումրիում ծառայող միաբան հայ քույրերը՝ Միաբանության Ընդհանուր Մեծավորուհի ք. Արուսյակ Սաճոնյանի գլխավորությամբ, ովքեր եկել էին գյուղի քահանայի հրավերով: Քույր Արուսյակը միջոցառման ավարտին դրվատանքով արտահայտվեց միջոցառման մասին և խրախուսեց ձգտել ավելիին, պատմեց Հայոց Ցեղասպանության մասին իր տատիկի և մոր հիշողությունները:

    Գյումրիի ժողովրդապետ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը Մեծ Սեպասարի եկեղեցուն է նվիրել Երանելի Իգնատիոս Մալոյանի սրբապատկերը՝ Զմմառյան միաբանության անունից:

     

    Երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց Սիզավետի Սուրբ Աստվածածին եկեղեցում և «Վասն նահատակաց» աղոթքից հետո ներկաները ունկնդրեցին երիտասարդների և երեխաների միասնական համերգային ծրագիրը, որը պատրաստել էին դպրոցի կրոնի ուսուցչուհու ղեկավարությամբ: Նրանք ներկայացրեցին հատվածներ Սևակի «Անլռելի զանգակատնից», Եղիշե Չարենցի գործերից, հայերի Ցեղասպանության և Հայկական հարցի մասին գիտնականների կարծիքներ, երգեցին ֆիդայական երգեր՝ «Ջան ֆիդա», «Զարթիր Լաո», «Արդյոք ովքե՞ր են» և այլ երգեր, պարեցին «Շորորա» պարը:

Օրացույց

Օրացույց