• Օծվեց Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու Խորանի նոր Սուրբ Սեղանը

    Նարեկի Տիրամոր բարեխոսությամբ և հովանու ներքո


    Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Վերի Վանքի Սուրբ Խորանն այսուհետ զարդարում է նոր տեղադրված գեղեցիկ Սուրբ Սեղանը՝ պատրաստված սպիտակ մարմարից, կենտրոնում՝ Նարեկի Տիրամոր սրբապատկերով, որի երկու կողմերում խաչեր են: Խորանի Սուրբ Սեղանը, ինչպես նաև մարմարյա մկրտարանը եկեղեցուն նվիրել է ծնունդով մեծավանցի ռուսաստանաբնակ բարերար Անդրանիկ Ղուկեյանը, ով ներկա գտնվեց Սուրբ Սեղանի օծման հանդիսավոր արարողությանը՝ 2018թ. ապրիլի 14-ին, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի: Օծման արարողությանը ներկա էին Տաշիրի քաղաքապետ  Էդգար Արշակյանը, Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը, այլ պաշտոնյաներ, Տաշիրում ծառայող Անարատ Հղության հայ միաբան քույրերը, Մեծավանի հավատացյալների բազմությունը:

     

    Վերի Վանքի նոր Սուրբ Սեղանի տեղադրումն ու օծումը մեծ ուրախություն է գյուղի կաթողիկէ բնակչության համար.Վերի Վանքը սիրված ուխտատեղի է, որտեղ ամեն կիրակի կանոնավոր կերպով մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում ծիսական, ջերմեռանդական արարողություններ՝ հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ: Վերի Վանքում հոգևոր կյանքը առավել աշխուժացավ, երբ Աստծո կամոք, տեղի ժողովրդապետ Հ. Ներսես Վրդ. Գալստյանի նախաձեռնությամբ և Սպարտակ Ավոյանի  բարերարությամբ 2014թ. հիմնանորոգվեց, վերակառուցվեց մոմավառության համար կից մատուռ և զանգակատուն: 2014թ. նոյեմբերի 5-ին եկեղեցին վերաօծվեց:

    Վերի Վանքի կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնադրության թվականը ստույգ հայտնի չէ: Ճարտարապետությամբ այն նման է Լոռվա 13-րդ դարի նույնատիպ հուշարձանների հետ, որոնց ժամանակակիցը կարող է համարվել: Հայտնի է, որ 19-րդ դարում վերանորոգվել է: 1878 թ. անձրևներից քայքայվել և ավերվել է վանքի առջևի պատը, կտուրը: Մեծավանի հայ կաթողիկէնեի ժողովրդապետ Հ. Սարգիս Վրդ. Յազիչյանը նախաձեռնել է վերականգնողական աշխատանքները և այն դարձրել ծխական ուսումնարան: Ցարական կառավարությունը ուսումնարանը փակել է, բայց մի տարի անց վերաբացել: «Շահնազարա ծխական ուսումնարանին հիմնարկություն եղավ, 1878 ամին, հուլիսի 16-ին»- գրում է Հ. Սարգիսը: Նորացվել են պատերը, տանիքը, հավելվել է արևմտյան պատին կից թաղակապ մատուռը, որտեղ 19-րդ դարում Միքայել Ադամյանը (Շեգո) Խաչ է տեղադրել: Եկեղեցու շուրջ նախկինում հանգստարան է եղել, որը զբաղեցնում է շուրջ 0.5 հա տարածք: Եկեղեցու հարավարևելյան կողմում ամփոփված է 1853 թ. վախճանված Մխիթար վարդապետի աճյունը, ով ալաշկերտցիներին 18230-ականներին առաջնորդել է դեպի Շահնազար՝ Մեծավան, իսկ նրա շիրիմը գյուղացիները պատվել են Իրղանչայ կոչվող գյուղատեղիից բերված եկեղեցու մեծադիր տապանաքարով, որի վրա վրացերեն արձանագրություններ կան:

    Մեծավանը, կամ հին անունով Շահնազարը ,Հայաստանի ամենամեծ կաթողիկէ բնակչությամբ գյուղն է՝ մոտ 6000 բնակչությամբ, հարուստ հոգևոր, մշակութային պատմությամբ, որի մասին արժեքավոր աղբյուր է հանդիսանում ականավոր հայ կաթողիկէ հոգևորական Հ. Սարգիս Վրդ. Յազիչյանի արխիվը: Հիմնվելով այս և այլ աղբյուրների վրա՝ Հ. Ներսես Վրդ. Գալստյանը պատրաստում է մի աշխատություն՝ նվիրված Հ. Սարգիս Վրդ. Յազիչյանի գործունեությանը և գյուղի պատմությանը, որը, հավանաբար, կհրատարակվի և կներկայացվի՝ գյուղի հիմնադրության 200-ամյակի տոնակատարության ժամանակ:

Օրացույց

Օրացույց