• Հնարավոր է արդյո՞ք սուրբ լինել 21-րդ դարում. Սրբազան Քահանայապետի նոր հորդորն՝ աշխարհին

    Ուրախացե՛ք և ցնծացե՛ք


    Սույն թվականի ապրիլի 9-ին, երբ նշվում էր Ավետման տոնը, Վատիկանը հրապարակեց Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի նոր՝   Ուրախացե՛ք և ցնծացե՛ք ՝ «Gaudete et exsultate» առաքելական հորդորը, որը մի կոչ է սրբության:

    «Տերը մեզանից խնդրում է ամեն ինչ և փոխարենը նվիրում ճշմարիտ կյանք ու երջանկություն, որի համար ստեղծված ենք»:

    Իր երրորդ առաքելական հորդորում (որն հաջորդում է Evangelii gaudium և Amoris laetitia-ին) Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում սրբության, և անդրադառնում, թե արդի աշխարհում ինչպես կարող ենք արձագանքել այդ կանչին: Հորդորում Սրբազան Քահանայապետը նշում է. «Իմ համեստ նպատակը մեր ժամանակների համար գործնականում վերստին սրբության կոչ անելն է»:

    «Gaudete et exsultate»-ի հինգ գլուխները տրամաբանական զարգացմամբ հաջորդում են միմյանց՝ նախ և առաջ հաշվի առնելով սրբության կոչը՝ այնպիսին, ինչպիսին այն կա: Այնուհետև Սրբազան Քահանայապետը դիտարկում է «սրբության երկու անորսալի թշնամիներին», մասնավորապես՝ ժամանակակից գնոստիցիզմը և ժամանակակից պելագիանիզմը:

     

    Երանիների համաձայն ապրելու սրբությունը

     

    «Gaudete et exsultate»-ի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը. սուրբ լինել՝ նշանակում է հետևել Հիսուսին: Երրորդ գլխում Ֆրանցիսկոս Պապը Երանիներից յուրաքանչյուրը դիտարկում է որպես սրբության մարմնացում: Եթե Երանիները մեզ ներկայացնում են սրբության իմաստը, ապա Ավետարանը ներկայացնում է այն չափանիշները, որոնցով պիտի դատվենք. «Ես քաղցած էի, և դուք ինձ կերակուր տվեցիք… ծարավ էի, և ջուր տվեցիք… մի օտարական էի, և օթևան տվեցիք… մերկ էի, և հագցրեցիք… հիվանդ էի, և խնամեցիք… բանտարկված էի, և այցելեցիք ինձ»:

     

    «Gaudete et exsultate»-ի չորրորդ գլուխը Ֆրանցիսկոս Պապը նվիրում է «սրբության կոչի որոշակի հայեցակետերի, որոնք, ըստ նրա, հատկապես իմաստալից կլինեն արդի աշխարհում՝ հաստատակամություն, համբերություն և մեղմություն, ուրախություն և հումորի զգացում, համարձակություն և խանդավառություն, ընդհանուր բարեպաշտություն, մշտական աղոթք»:

     

    Հոգևոր պայքար և ընկալում

     

    Եվ ի վերջո, Քահանայապետի այս հորդորը գործնական առաջարկներ է անում սրբության կոչն ապրելու համար: «Քրիստոնեական կյանքը հարատև պայքար է», – ասում է Պապը, – «ուստի, անհրաժեշտ է ուժ և կորով՝ դիմակայելու սատանայի փորձություններին և վկայելու Ավետարանը»:

     

    Հինգերորդ գլխում նա խոսում է «պայքարի» և զգոնության անհրաժեշտության մասին և կոչ է անում կիրառել զատորոշելու շնորհը,- «որն ամենից անհրաժեշտն է այսօր», – մի աշխարհում՝ որտեղ կան այնքան շատ շեղումներ, որոնք մեզ թույլ չեն տալիս Տիրոջ ձայնը լսել:

     

    Եզրափակելով իր խոսքը, Սրբազան Քահանայապետն ասում է. «Հուսով եմ, որ այս էջերն օգտակար կլինեն՝ հնարավորություն ընձեռելով Եկեղեցուն վերստին նվիրվելու սրբության կամքի զարգացմանը»:

     

    Vatican News կայքից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց