• Հայկական Կարիտասը վերսկսել է «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի իրականացումը

    Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելությունն է` մարդ անհատի և ամբողջ մարդկության ընդհանրական զարգացումը (integral human development):


    2018թ. Փետրվարից Շիրակի մարզի 8 գյուղական համայնքներում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը վերսկսեց իրականացնել «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագիրը: Շիրակի մարզի և Տաշիրի շրջանի կաթողիկէ համայնքներում այս ծրագիրն իրականացվել է 2006թ.ից սկսած և ունեցել մեծ ձեռքբերումներ, ապա ժամանակավորապես դադարեցվել և վերսկսվել է այս տարի: Այն իրականացվել է Հայկական Կարիտասի աշխատակիցների և հայ կաթողիկէ քահանաների համատեղ կազմակերպչական աշխատանքով: Այս անգամ ընտրվել են Շիրակի մարզի հայ կաթողիկէ Արևիկ, Փանիկ, Լանջիկ, Մեծ Սեպասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Սարագյուղ համայնքները: Կազմակերպվում են ակտիվ հանդիպումներ գյուղերի բնակչության հետ՝ ծանոթացնելու կամ վերհիշեցնելու ծրագրի հիմնական նպատակն ու խնդիրները, կազմակերպչական հետագա գործընթացը: Ծրագրի ղեկավարն է Քրիստինե Մխիթարյանը:

     

    Ծրագրի նպատակն է համայնքներում Հայ Կաթողիկէ Եկեղեցուն կից ձևավորել հասարակական խորհուրդներ, որոնք հնարավորություն են ստեղծում բնակիչներին ստանձնելու պատասխանատվություն իրենց ամբողջական զարգացման համար, այսինքն՝ մասնակցելու համայնքի հոգևոր, մշակութային, հասարակական, տնտեսական կյանքի կարևոր միջոցառումների կազմակերպմանը, կարիքների գնահատմանը, խնդիրների հայտնաբերմանը, առաջնահերթությունների զատորոշմանը և լուծմանը: Այս վերջին բաղադրիչը ենթադրում է բնակիչների կողմից սեփական նախաձեռնությամբ և ներուժով, մարդկային, նյութական ռեսուրսներով խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում՝ նախ Հայկական Կարիտասի, ապա և՝ այլ կազմակերպությունների, պետական կառույցների աջակցությամբ: Այլ խոսքով, ծրագրի կազմակերպիչների առաքելությունն է ոչ թե անմիջականորեն լուծել բնակիչների խնդիրները, այլ օգնել նրանց ինքնակազմակերպվել և գտնել ուղիներ՝ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները և զարգանալու, հասնելու հոգևոր, հասարակական ավելի բարձր մակարդակի, ստեղծելու արդար հասարակարգ, որտեղ հարգվում է յուրաքանչյուրի արժանապատվությունը և իրավունքները:

     

    Ծրագրի ընթացքում համայնքների բնակիչների համար կազմակերպվում են դասընթացներ՝ ծրագրեր մշակելու հմտություններ սովորեցնելու համար, որպեսզի հետագայում կարողանան ինքնուրույն գործել: Խորհուրդները պետք է ունենան ոլորտային խնդիրների լուծման ենթախմբեր՝ ուրույն գործառույթներով: Սա կօգնի ստեղծել նաև որոշակիորեն մասնագիտակացված կամավորականների խմբեր: Ծրագիրը կարող է հիմքեր ստեղծել նաև ինքնազբաղվածության, աշխատատեղերի ստեղծման համար:

     

    Ծխական հասարակական խորհուրդների հիմնման ծրագիրը ամբոջովին առաջնորդվում է Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնարար սկզբունքներով, որոնց հիմքը Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանն է և Եկեղեցական Սրբազան Ավանդությունը: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իրականացնել համընդհանուր բարիքին ծառայելու  (diaconia) իր քրիստոնեական կոչումը՝ կամավոր սկզբունքով, հիմք է ստեղծում քրիստոնեական ժողովրդավարություն և համերաշխություն կառուցելու համար: Խորհուրդների անդամները պետք է գիտակցեն, որ իրենց ինքնակազմակերպման առանցքը Հիսուս Քրիստոսի Անձն է, Սուրբ Հաղորդությունը. առանց այդ գիտակցության խորհուրդները մնայուն լինել ու զարգանալ չեն կարող և կսահմանափակվեն միայն նյութական ժամանակավոր խնդիրներ լուծելով:

     

     

    2006-2009թթ. իրականացված ծրագիրը

Օրացույց

Օրացույց