Տոն և հոգևոր բերկրանք՝ լեհահայ կաթողիկէ համայնքի համար
2017թ. օգոստոսի 13-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական համայնքում տոնական իրադարձություններ էին: Գդանսկի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ.Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ համապատարագությամբ հինգ հոգևորականների (Լեհաստանի հայ համայնքի կենտրոնական ժողովրդապետության ժողովրդապետ Հ. Ժոզեֆ Ծ.Վրդ. Նաումովիչի, Հ. Հենրիկ Ծ.Վրդ. Բլաշչիկի, Հ. Ռաֆայել Վրդ. Կրավչիկի, Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի), սպասավորությամբ Լեհաստանում սովորող հայ ճեմարանականների, ներկայությամբ Լեհաստանում ՀՀ Դեսպան Պրն. Էդգար Ղազարյանի, Գդանսկի Քաղաքապետ Պրն. Պավել Ադամովիչի, Գդանսկի Հայկական ասոցիացիայի նախագահ Պրն. Գագիկ Պարսամյանի և լեհահայ համայնքի ներկայացուցիչների: Սբ. Պատարագը նվիրված էր լեհահայոց համայնքի գոյության 650-ամյա հոբելյանին և Գդանսկի Շնորհաց Տիրամոր հրաշագործ սրբապատկերի թագադրության 80-ամյա հոբելյանին: Ի դեպ, այդ պատմական սրբապատկերը պահվում է Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում, որը դրա շնորհիվ, դարձել է սիրված սրբավայր և ուխտավայր լեհահայոց համար:
Սուրբ Պատարագից հետո հավատացյալների թափորը՝ հոգևորականների ուղեկցությամբ շարժվել է դեպի Գդանսկի հին քաղաքի հատվածում գտնվող նորաստեղծ «Հայկական տուն» մշակութային կենտրոնը, որի օրհնությունը և հանդիսավոր բացումը կատարել է Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ Պրն. Էդգար Ղազարյանի, Պրն. Պավել Ադամովիչի և Պրն. Գագիկ Պարսամյանի, ով «Հայկական տան» նախագահն է: Նոր մշակութային տան ստեղծումը, բացման արարողությունը կազմակերպվել է Պրն. Գագիկ Պարսամյանը, ով հայտնի է իր հայապահպան ակտիվ գործունեությամբ:
«Հայկական տան» բացման արարողությունը ուղեկցվեց գեղեցիկ մշակութային միջոցառմամբ՝ հայկական տարազներով պարերով: